ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պիտի լուծվի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է իմ գրություններին
Ադրբեջանի հանցավոր վարքագծի շարունակական դրսեւորումների վերաբերյալ հետեւողականորեն ծանուցում եմ միջազգային գործընկերներիս, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին։ Հերթական նամակով ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ուշադրությունն էի հրավիրել Արցախի վրա Ադրբեջանի հարձակման փաստի վրա, որը տեղի ունեցավ օգոստոսի 1-ին, երբ ադրբեջանական կողմը փորձեց հատել շփման գիծը՝ հաջորդող օրերին բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաեւ ականանետեր, նռնականետեր եւ հարվածային ԱԹՍ-ներ։ Քանի որ Ադրբեջանը հերթական անգամ խախտեց 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, որի հետեւանքով ունեցանք զոհեր եւ վիրավորներ, ռուս գործընկերոջս խնդրել էի դատապարտել Ադրբեջանի այս հանցավոր վարքագիծը, քայլեր ձեռնարկել տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ։
ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից ստացել եմ գրություն, համաձայն որի՝ իրավիճակը ռուսական խաղաղապահ զորակազմը պատասխանատվության գոտում եւ հայ-ադրբեջանական սահմանին Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար կարեւոր հարց է։ «Կցանկանայինք Ձեր ուշադրությունը հրավիրել Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ օգոստոսի 4-ի հայտարարությանը՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում սրման կապակցությամբ։ Նախարարությունը կոչ արեց 2 կողմերին դրսեւորել զսպվածություն, պահպանել կրակի դադարեցման ռեժիմը եւ հաստատեց կարգավորման անհրաժեշտությունը՝ համապատասխան Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 10-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարությունների։ (…) Ռուս խաղաղապահները ձեռնարկում են բոլոր հնարավոր ջանքերը «ցամաքում» իրավիճակի կայունացման նպատակով։ Ե՛վ Բաքվում, ե՛ւ Երեւանում բազմիցս ընդգծվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարեւոր դերը: Համոզված են, որ այդ վստահությանը լիարժեքորեն արժանի են։ Պատրաստ ենք հետայսու եւս ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ աջակցություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կապերի կարգավորմանը»,- նշվում է դեսպանատան արձագանքում։
Մեկ այլ գրությամբ Ռուսաստանի Դաշնության գործընկերներիս ուշադրությունն էի հրավիրել Բերձոր, Աղավնո եւ Ներքին Սուս բնակավայրերի հանձնման գործընթացի վրա։ Հաշված օրեր են մնացել, որ հայկական բնակավայրերը հանձնվեն Ադրբեջանին։ Եվ որքան մոտենում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից համայն հայությանը պարտադրված այս ամոթալի իրականությանը, ապագայի տեսլականն է՛լ ավելի անորոշ է դառնում։ Իմ նամակով ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ներկայացրել էի առկա դժվարությունները, ինչպես նաեւ Արցախի ԱԺ պատգամավոր գործընկերներիս մտահոգությունները, որ մարդկային, տեխնիկական եւ տրանսպորտային ռեսուրսները բավարար չեն տարհանման գործընթացի ժամանակին իրականացման համար։ Խնդրել էի օժանդակել նշված բնակավայրերի հանձնման ժամկետի երկարաձգման հարցում։
ՌԴ դեսպանատունը պատասխան գրությամբ հայտնում է, որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պիտի լուծվի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա։ Հիշեցնեմ՝ ՌԴ դեսպանատան մատնանշած 6-րդ կետի համաձայն՝ Կողմերի համաձայնությամբ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի այդ երթուղին պաշտպանելու համար։ Դատելով նաեւ օրերս Երեւանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովի հայտարարությունից, որ «ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել», կարելի է ենթադրել, որ այս մասով եւս դեռ ամեն ինչ հստակ չէ. ի վերջո նշված 3 տարվա ժամկետի ավարտին դեռ ավելի քան 1 տարի էլ մնացել է։
ՌԴ դեսպանատնից հավելում են, որ իրենց գրությամբ նշված բոլոր թեմաների շուրջ անցկացվում են շահագրգիռ կողմերի քննարկումներ։ Դրանց նպատակն է հասնել բոլորին բավարարող համաձայնության, որպեսզի կյանքի կոչել եռակողմ հայտարարությունը։ «Այդ նպատակով մենք մշտական երկխոսության մեջ ենք հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ ինչպես ամենաբարձր, այնպես էլ Ռուսաստանի ՊՆ, ԱԳՆ եւ այլ գերատեսչությունների մակարդակով։ Օգոստոսի 2-ին եւ 8-ին կայացել են ՌԴ նախագահ Վ. Ծ. Պուտինի եւ ՀՀ վարչապետ Ն. Վ. Փաշինյանի հեռախոսազրույցները։ Հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ շփումներ են անցկացրել Ս.Վ. Լավրովը եւ Ս.Կ. Շոյգուն։ Պրոբլեմատիկայի զգայունությունը հաշվի առնելով՝ քննարկումների մանրամասները վեր չհանվեցին, այդուհանդերձ նման զրույցները համարվում են կարգավորման կարեւոր եւ գործուն գործիք»»:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՆՈՐ ՕԳՆԱԿԱՆ
Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նոր օգնական ունի։ Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Երեւանը քաղաքապետի օգնական է նշանակվել Հովհաննես Նիկողոսյանը:
1913 ԴԵՊՔ
Հանրապետությունում օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 6523 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1913 նոր դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է մահվան 5 դեպք: Վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը կազմում է 1663: Ներկայում բուժում է ստանում 2417 քաղաքացի: Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 178 հազար 333 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 432 հազար 274 դեպք: Առողջացածների թիվը կազմում է 419 հազար 528, մահացել է 8 հազար 648 քաղաքացի:
ՄԵԿՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Օգոստոսի 21-ի երեկոյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է արտերկիր:
Ի՞նչ նպատակով է մեկնել եւ ինչպե՞ս է մեկնել՝ հաշվի առնելով, որ նրա նկատմաբ կա դատարանի կողմից սահմանված սահմանահատման արգելք. այս հարցերի պարզաբանման համար կայքը դիմել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին:
Ի պատասխան՝ Միկոյանն ասել է. «Նախագահ Քոչարյանը նախօրեին մեկ շաբաթով մեկնել է Հայաստանից: Նախագահի փաստաբանական թիմը դիմել էր դատարանին՝ ստանալու մեկնելու թույլտվություն՝ օգտվելով այն հանգամանքից, որ նիստերի ընթացքում մեծ ընդմիջում կա մինչեւ սեպտեմբերի 20-ը։ Դատարանը թույլ է տվել բացակայել Հայաստանից օգոստոսի 22-29-ը։ Նախագահ Քոչարյանն օգտվել է այդ հնարավորությունից եւ մեկնել։ Կվերադառնա օգոստոսի 29-ին»։
ԱՌԱՆՑ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ
Օգոստոսի 15-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց «Սուրմալու» առեւտրի կենտրոն, որտեղ նախորդ օրը տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Ինչպես երեւում է տարածված տեսանյութերից, վարչապետի ավտոշարասյան ամենագնացներից մեկի առջեւի մասում բացակայում է մեքենայի պետհամարանիշը, այնինչ նույն մեքենայի ետնամասում համարանիշը կա՝ 001 UU: Սա հենց այն մեքենան է, որը սպասարկում է անձամբ վարչապետին, եւ Նիկոլ Փաշինյանն իջնում է հենց այս մեքենայից։ Փաստերի ստուգման հարթակը գրում է՝ ստացվում է՝ վարչապետը երթեւեկում է օրենքի կոպիտ խախտմամբ, քանի որ, ըստ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, տրանսպորտային միջոցի երթեւեկությունն արգելվում է, եթե վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ, փոխված կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով կամ առանց համարանիշների։ Իսկ տրանսպորտային միջոցների համարանիշների հաշվառման եւ հատկացման կարգի համաձայն՝ թեթեւ մարդատար ավտոմոբիլներին հատկացվում են թվերի ու տառերի միեւնույն հավաքածուն պարունակող 2 (դիմացի ու հետին) համարանիշներ։ Հետաքրքիր է, որ նախկինում վարչապետին տեղափոխող ավտոմեքենաների վրա հաշվառման համարանիշները մշտապես եղել են: ArmLur.am-ը եւս կադրեր է ֆիքսել, երբ վարչապետին տեղափոխող մեքենան կրում է հաշվառման համարանիշներ, այժմ, սակայն, նա երթեւեկում է օրենքի խախտմամբ:
ՆՈՐ
ԱՆՑԱԿԵՏԵՐ
Արդեն երրորդ օրն է՝ իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում՝ e-draft.am-ում, քննարկման է դրվել հայ-ադրբեջանական երեք ավտոմոբիլային անցակետեր ստեղծելու նախագիծ, բայց Հայաստանի իշխանությունը մինչ այժմ չի պարզաբանել՝ արդյոք Ադրբեջանի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերջնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Եթե, ի վերջո, որոշում ընդունվի, հայ- ադրբեջանական երեք անցակետերից մեկը, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախագծի համաձայն, շփման գծի անմիջապես հարեւանությամբ՝ Նախիջեւանին սահմանակից Երասխում կտեղադրվի։ Բացի այդ, անցակետերը կտեղադրվեն Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից դեպի պետական սահմանի M11 մայրուղի եւ Սյունիքի Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ՝ M2 մայրուղու վրա՝ դեպի Ղուբաթլու: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) էլ իր հերթին նույն այդ վայրերում նոր մաքսային կետեր ստեղծելու ու մաքսային հսկողության գոտիներ սահմանելու նախագծեր է շրջանառության մեջ դրել։ Ուշագրավ է, որ արդեն երրորդ օրն է՝ խոսվում է այս նախագծերի մասին, սակայն ո՛չ սահմանազատում է իրականացվել, ո՛չ ապաշրջափակման պայմանավորվածության մասին հրապարակային հայտարարվել։