Բալետի ներկայիս ղեկավարությունը «Մատյան ողբերգություն» բեմադրությունը անվանում է էշություն. Ռուդոլֆ Խառատյանն ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ժողովրդական արտիստ, բալետի արտիստ, պարուսույց Ռուդոլֆ Խառատյանը վերջին շրջանում պարբերաբար ահազանգող հրապարակումներով է հանդես գլիս եւ իր մտահոգությունները ներկայացնում հայկական բալետի կործանման մասին:

ArmLur.am-ի հետ զրույցում Ռուդոլֆ Խառատյանը, ով այս պահին գտնվում է Վաշինգտոնում, խոսել է իրեն անհանգստացնող խնդիրների մասին:

«Բալետն այն արվեստի ճյուղն է, որը լեզու չունի, բայց կարողանում է խոսել վաղվա օրվա մասին, այն մասին, թե ուր ենք գնում եւ ինչ պետք է կատարվի: Իսկ մեզ մոտ սովետական  հին ձեւն է մնացել: Եթե մեր բալետի խաղացանկը նայեք կտեսնեք՝ «Չիպոլինո», որը մեզ հետ մեր մշակույթի հետ որեւէ առնչություն չունի, եւ այն բեմադրվել է 1960-ական թվականներին Ռուսաստանում: Այսօր բեմադրել են «Ռոմեո եւ Ջուլիետ», որը 50 տարի առաջ իմ վրա են բեմադրել, ես եմ խաղացել: Պետք է բեմադրություններ անել  եւ նորովի մատուցել հանդիսատեսին, չէ որ այսօրը տարբեր է վաղվա օրից: Մենք այսօր չենք կարողանում հին ֆիլմերը նայել, քանի որ ձգտում ենք՝ ռիթմն ու տեմպը տարբեր լինի, համահունչ լինի մեր այսօրվա կյանքին: Իսկ մեզ մոտ միայն  ու միայն հինն է: Ես չգիտեմ  դա սովետական ձեւն է, թե հատուկ մտածված է այս թշնամությունը արվում հայ ազգի նկատմամբ: Մենք ունենք մեր ազգային խնդիրները, որոնք աշխարհին, ժողովրդին պետք է ցույց տանք մեր օպերային ներկայացումներով, մեր արվեստի միջոցով պետք է այդ խնդիրները բացենք, ցույց տանք, ինչը ցավոք չի արվում»,-ընդգծեց նա:

Օրինակ ՝ ինչպես հիշում է Ռուդոլֆ Խառատյանը սովետական միությունը «Կարապի լիճը» ներկայացման միջոցով կարողանում էր քաղաքական հարցեր լուծել.« Իսկ այսօր մենք լրիվ  խնդիրները թողել ենք, մեր հանդիսատեսին պետք է կրթենք, դաստիարակենք խիզախություն սերմանենք: Կարծում եմ՝ այս հարցերը երկարատեւ լուծում են պահանջում, եւ բալետը շատ բանի մասին է խոսում:Մենք ամեն օր հող ենք կորցնում, տարածք ենք կորցնում առանց հասկանալու, որ սրանք են պատճառները: Մեր անփութության պատճառով է, որ այսօր պետականություն ենք կորցնում»:

Ռուդոլֆ Խառատյանի խոսքով՝ այսօր մեր բալետն ունի նախանձելի երիտասարդներ, որոնց պետք է բերել եւ թույլ տալ, որպեսզի զարգացնեն, նոր գաղափարներ ներդնեն, ընդգրկվեն թատրոնի ներկայացումների մեջ, ոչ թե հիասթափեցնել:

«Իմ ներկայացումները բալետային խաղացանկից հեռացնելը կարծում եմ, թշնամություն է ոչ թե իմ, այլ մեր երկրի հանդեպ, որովհետեւ իմ բեմադրություններն այսօր ցուցադրվում են MEZZO TV-ով, որը 60 մլն լսարան ունի։ Ավստրիայի թատրոնն էր հետաքրքրված, որ ներկայացնի Նարեկացու «Մատյան ողվերգության» պոեմի հիմքի վրա բեմադրված «Զույգ Արեգակներ» բեմադրությունը, հետո ճապոնական հեռուստատեսությունն անդրադարձավ դրան, իսկ թատրոնի ներկայիս ղեկավարությունն ասում է՝ չենք կարող խաղացանկ բերել, որովհետեւ, կներեք արտահայտությանս համար, ասացին՝ Էշություն է:  Բեմադրել եմ Շառլ Ազնավուրի մասին «Լա բոհեմ» ներկայացումը, որը պատրաստել եմ անձամբ իր հետ համագործակցելով եւ նա այսպես զամացած նայում էր բեմադրությունը, բայց այսօր դրանք չեն ցուցադրվում: Կարծես հայկականությունը մեր մեջից փորձեն հատուկ հանել, ես չեմ հասկանում ՝ դա հատո՞ւկ է արվում մեր ղեկավարության կողմից»,-մեզ հետ զրույցում եզրափակեց մեր զրուցակիցը:

Լիդա Եղիազարյան 




Լրահոս