ԱՅՍՕՐ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՉ ԹԵ ՆՎԱՃՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ՝ օգոստոսի 23-ին՝ Անկախության հռչակագրի ընդուման օրվա կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը խոր մտահոգության զգացողությամբ էր մասնակցում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հակոբյանն անկեղծանում է՝ տխուր եմ, որովհետեւ մեր երկրի անվտանգության հետ կապված հարցերը նպաստավոր վիճակում չեն, երկրում տիրող իրավիճակը ծանր է։

 

-Տիկի՛ն Հակոբյան, տարիների բովից ինչպե՞ս եք հիշում 1990-ի օգոստոսի 23-ը:

-Խանդավառություն, ոգեւորություն, ամբողջ ազգը փողոցում էր: Բոլորն էին հասկանում, որ սկսում է նոր պետության կառուցումը: Դահլիճը եւ փողոցն ասես մեկ էին դարձել: Ամեն տարի մենք Անկախության հռչակագրի ընդունման օրը՝ օգոստոսի 23-ին, հավաքվում էինք: Կազմակերպիչները, որպես կանոն, Աժ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն ու ԳԽ պատգամավոր Պարույր Հայրիկյանն էին: ՀՀ նորանկախ պատմության մեջ օգոստոսի 23-ը խիստ խորհրդանշանական օր է, բայց, ցավոք, այսօր մեր պետականությունը վտանգված է: Թշնամին մեր սահմանների մեջ է, բայց, արի ու տես, այսօր մենք կորցնում ենք, ոչ թե նվաճում: Անցած տարիների ընթացքում պետություն, պետական կառավարման համակարգ ստեղծեցինք, ու այդ ամենը՝ զրոյից, բայց հիմնովին ու ամբողջապես: Ստեղծեցինք բանկային, հարկային, մաքսային համակարգերը: Այս 1990-1995 թթ. Գերագույն խորհուրդն ամենաազգային պառլամենտն էր, քանի որ այդտեղ դրվեցին պետականության հիմքերը հայոց: Այդ ժամանակ էր, որ տեղի ունեցավ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանումը: Այս պառլամենտն էր, որ Եվրոպական ազատական շուկայական հարաբերությունների մասին որոշում ընդունեց, Սահմանադրություն գրելու համար հանձնաժողով մշակեց, ինչն էլ հետագայում թույլ տվեց  խոսքի, մամուլի, խղճի ազատության մասին օրենքներ մշակել, ինչպես նաեւ միակուսակցական համակարգից բազմակուսակցական համակարգի անցում կատարել: Ահա այս ամենով սկսեց ազատ պետության ստեղծումը: Այս օրն էր, որ ծածանվեց մեր անկախության եռագույնը:

-Տիկի՛ն Հակոբյան, բոլորը խոսում են այսօր պետականության կորստի մասին, հայրենիքին սպառնացող բոլոր վտանգների մասին, եւ տպվորություն է, որ բոլորը միայն խոսում են կամ Facebook-ում հրապարակումներ տեղադրում: Ձեր տպավորությունները ինչպիսի՞ն են, իրական, գործնական քայլերի պակաս արդյոք չկա՞:

– Յուրաքանչյուրն իր տեղում, իր դերում փորձում է աշխատել, բայց բոլոր դեպքերում ժողովրդի խոսքն է վճռական: Այո, անհատները, տարբեր կառույցներ, կուսակցությունները, իհարկե, կարող են իրենց գաղափարներով եւ սկզբունքներով որոշակիորեն կողմնորոշել մարդկանց, բայց բոլոր դեպքերում այստեղ վճռական խոսքը ժողովրդինն է: Ժողովուրդը ինչպես որոշեց, այդպես էլ  կլինի, իսկ ժողովուրդը, կարծում եմ, պետք է հասկանա՝ վտանգված ենք, Հայաստան պետությունը պետք է փորձենք փրկել թշնամու ձեռքից:

– 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո Դուք գրեթե չեք խոսել: Ի՞նչ է արել ՀՀ իշխանությունը մոտ երկու տարվա ընթացքում, որ Հայաստանը ոտքի կանգնի:

-Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ճիշտ է, ու մենք 5 միլիարդ զենք ենք թողել ադրբեջանցիներին, ապա բանակն ուշքի բերելու ու մեր սահմանները պաշտպանելու համար պետք է նույն քանակի զենք գնենք: Բանակի համար, բանակի գեներալների համար, սպայական կազմի, զինվորների համար բոլորս, ամբողջ հայ ազգը պետք է աշխատի: 30 տարի Ադրբեջանը սարսափել է մեր բանակից, ու հիմա էլ  պետք է հասնենք նրան, որ նորից սարսափի, այլապես այսօր թշնամին թափանցել է երկրի տարածքի խորքը: Ցավով եմ տեսնում մեր հայրենակիցների այրվող տները։ Ես իսկապես տեսնում եմ թուրք-ադրբեջանական տանդեմի ուժեղացումն ու Հայաստանի թուլացումը։ Այս առնչությամբ կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը, ամբողջ հայ ժողովուրդը, որի մասին մենք այդքան խոսում ենք, ինչպես նաեւ սփյուռքը, Հայաստանն ու Արցախը պետք է միավորվեն եւ ուժեղանան։ Հենց դա թույլ կտա մեզ դուրս գալ ստեղծված վիճակից:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՍՏՈՒԳՎԵԼ ԵՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Մասիս քաղաքի ավագանու նախկին անդամ Էդգար Մարգարյանը, որը օգոստոսի 19-ին ինքնասպան եղավ քաղաքապետարանում, հայտնվել էր իրավապահների տեսադաշտում: Այս դեպքից ամիսներ առաջ իրավապահները մեկ քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն են իրականացրել Էդգար Մարգարյանի տանը:

Ասել է թե՝ քրեական վարույթի շրջանակներում ստուգվում են բոլոր հանգամանքները, թե ինչը կարող էր դրդել նրան գնալ այդ քայլին:

Հիշեցնենք, որ վերոնշյալ օրը՝ ժամը 17:40-ին, Մասիս քաղաքի ավագանու նախկին անդամ Էդգար Մարգարյանը հայտնել է, թե խնդիր ունի նույն քաղաքի մի խումբ պաշտոնատար անձանց հետ՝ հավելելով, որ, հնարավոր է, քիչ հետո ինքը եւ 10 անձ մահանան: Նույն օրը՝ ժամը 21:20-ի սահմաններում, Մարգարյանը գնացել էր Մասիսի համայնքապետարանի վարչական շենք, ավտոմեքենան կայանել մուտքի դիմաց, մտնելով ներս՝ հրել է պահակին, հայհոյանքներ հնչեցնելով՝ բարձրացել է շենքի 4-րդ հարկ, որտեղից նռնակ է նետել դեպի դուրս եւ 2 անգամ կրակոց արձակել:

Ու մինչ իրավապահները բանակցում էին նրա հետ, Մասիսի համայնքապետարանի 4-րդ հարկում տեղակայված համայնքի ղեկավարի աշխատասենյակում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դին՝ գլխի քունքային հատվածում հրազենային մուտքային եւ ելքային վնասվածքով: Ասել է թե՝ նա ինքնասպան էր եղել:

Դեպքի վայրի զննությամբ համայնքապետարանի վարչական շենքի առջեւ գտնվող տարածքում հայտնաբերվել էր պայթյունի օջախ եւ բեկորային վնասվածքներով «Մազդա» եւ «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:

36-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ  նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Առաջիկայում սպասվում է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հերթական հանդիպումը: Հիշեցնենք, որ վերջին անգամ մայիսի 22-ին Բրյուսելում էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը, եւ, առհասարակ, վերջին մի քանի հանդիպումներն անցկացվել էին հենց Բրյուսելի նախաձեռնությամբ։

Վերջին հանդիպման ժամանակ համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: Սակայն հետաքրքիր է, որ այս անգամ հանդիպման վերաբերյալ անդամներ են առկա ռուսական կողմից։ Մասնավորապես, ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաեւը վերջերս հայտարարել էր, որ մինչեւ օգոստոսի վերջ նախատեսվում են բարձր մակարդակի եռակողմ շփումներ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Նեչաեւը նաեւ ընդգծել էր, որ Մոսկվան հետեւում է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Իսկ թե երբ կհանդիպեն երկու երկրների ղեկավարները, դեռ հայտնի չէ, սակայն հնարավոր հանդիպման մասին խոսել է նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

 

 

 

ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

Երեկ՝ օգոստոսի 23-ին, Արցախի խորհրդարանական 5 ուժերի ներկայացուցիչներ հանդիպել են Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի ղեկավարության հետ։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հանդիպման շարժառիթը Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովի՝ վերջերս արված հայտարարությունն էր, ինչպես նաեւ օգոստոսի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական խախտումն ու անվտանգային հարցերը։

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը Armalur.am-ի հետ զրույցում փոխանցում է, որ ռուսական զորակազմի ներկայացուցիչներն իրենց վստահեցրել են՝ մինչեւ Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի շահագործումը խաղաղապահ զորքերի հսկողությամբ միջանցքն անարգել է գործելու:

 

 

 

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ  ՄԻԳՐԱՑԻԱ 

8000-ից 11000 ԱՄՆ դոլար. խմբի անդամներով կազմակերպել են անօրինական  միգրացիա:  Մեզ հայտնի դարձավ, որ Արայիկ Արասխանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա մի խումբ անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել Երեւան քաղաքի բանկիչ Կարեն Ենգոյանի հետ, որից հետո, պայմանավորվածության համաձայն, խմբի անդամներով, միմյանց գործողությունները փոխլրացնելով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից 8000-ից 11000 ԱՄՆ դոլար գումարներ ստանալու դիմաց 2022թ. հունվարի 1-ից մինչեւ մարտն ընկած ժամանակահատվածում վերջինների անվամբ խմբի կազմում օգտագործելու նպատակով պատրաստել են իրավունք վերապահող փաստաթղթեր հանդիսացող՝ աշխատավայրի, աշխատավարձի չափի, բանկային հաշիվներում առկա գումարների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկանքներ, ինչպես նաեւ ՌԴ քաղաքացու կեղծ անձնագրեր, որոնք այլ փաստաթղթերի հետ Մեքսիկայի Միացյալ Նահանգներ մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու նպատակով էլեկտրոնային եղանակով ներկայացվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում գործող Մեքսիկայի Միացյալ Նահանգների դեսպանատուն, այդկերպ օտարերկրյա պետություններ մուտքի պատշաճ թույլտվություններ ստանալու համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելով՝ կազմակերպել են մի խումբ անձանց անօրինական միգրացիա: Վերոնշյալ անձանց մեղադրանք է առաջադրվել, նրանք գրավով ազատ են արձակվել, գործը դատարանում է:

 




Լրահոս