Կառավարության՝ օրերս ընդունած որոշման համաձայն՝ սեպտեմբերի մեկից ծերության թոշակը կավելանա 1900 դրամով՝ 28600 դրամի փոխարեն դառնալով 30500 դրամ: Համապատասխան որոշումը ընդունվել է կառավարության երեկվա նիստում: Աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կավելանա շուրջ 3100 դրամով կամ 7.1 տոկոսով, զինվորական կենսաթոշակներինը՝ 5200 դրամով կամ 6.8 տոկոսով:
Իհարկե, առաջին հայացքից կառավարությունը դրական քայլ է անում ու մտածում հանրության մասին, սակայն, մասնագետների հավաստիացմամբ, իրականությունը բոլորովին այլ բանի մասին է վկայում: Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի համոզմամբ՝ թոշակների բարձացումը թոշակառուների սոցիալական վիճակը գուցե ինչ-որ չափով մեղմի, բայց, բնական է, օրեցօր ավելացող գնաճը չի կարող զսպել:
«Թոշակները, համաձան կառավարության կողմից ներկայացրած նախագծի, ընդամենը 7 տոկոսով կամ 3100 դրամով են բարձրանալու, ինչը մեր երկրի տնտեսությունում շուրջ 2 տարի առկա գնաճի հետ որեւէ կերպ համադրելի չէ: Եվ եթե ընդամենը 7 տոկոսով ավելացող թոշակը, որ կառավարության կողմից որպես ձեռքբերում է ներկայացվում, համադրենք պարենային ապրանքների գնաճի հետ, որ առնվազն 20-22 տոկոս է կազմել, կտեսնենք՝ այս հարցում գործադիրը, մեղմ ասած, ազնիվ չէ»,- ասում է տնտեսագետը:
– Իհարկե, բնական է, որ թոշակառուների սոցիալական խնդիրները մասամբ կարող են մեղմվել, բայց ասել, որ թոշակների՝ մի քանի դրամով բարձրացումը երկրում առկա գնաճը լիարժեքորեն կզսպի, միամտություն է: Համեմատության համար նշեմ, որ այս տարվա ընթացքում պատերազմի մեջ ու տնտեսական լրջագույն պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի Դաշնությունը 2 անգամ թոշակ է բարձրացրել, ու ռուսատանաբնակ թոշակառուն այժմ, տարեսկզբի համեմատ, 20 տոկոսով ավելի է թոշակ ստանում: Միեւնույն ժամանակ պետք է նշենք, որ կառավարությունը ռեզերվներ ունի, որոնց արդյունավետ օգագործման մասով մոտ մեկ ամիս առաջ էր կառավարությունում քննարկում տեղի ունենում: Գործադրի ներկայացուցիչներն այն ժամանակ ասում էին, որ բյուջեում 40 միլիարդից ավելի դրամ ավելի հավաքած հարկ կար, ու կառավարությունը որոշեց, որ պահուստային ֆոնդից իր հայեցողությամբ տարբեր ծրագրեր կարող է ֆինանսավորել, այնինչ, կարծում եմ, ռեզերվային այդ կարող էր ուղղվել նաեւ սոցիալական խնդիրների լուծմանը:
– Այսինքն՝ սա իշխանությունների մանիպուլատիվ հերթական քա՞յլն էր:
– Միանշանակ: Տեսեք, կառավարությունը պետք է առաջնահերթություններ սահմանի, իսկ սոցիալապես խոցելի խմբի աջակցությունն այդ առաջնահերթությունների մեջ իր հատուկ տեղը պետք է ունենա: Այդ առաջնահերթությունները փաստացի չունենք, ընդհակառակը՝ կառավարությունը նախընտրում է, օրինակ, հարկային կոշտ վարչարարության միջոցով բիզնեսից հավաքած ավելի հարկը թողնել կառավարության պահուստային ֆոնդում, որ առաջիկա նիստերի համար մեքենաներ գնեն, պարգեւավճարներ տան, շենքեր վերանորոգեն եւ այլն,բայց դա չուղղեն պետության տնտեսության զարգացմանը կամ սոցիալապես խոցելի խմբերի խնդիրների լուծմանը:
– Կառավարության սահմանած մեկ այլ որոշման համաձայն՝ բանկային քարտով առեւտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները հուլիսի 1-ից ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ կստանան գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամը: Այսինքն՝ հիպոթետիկ ասած՝ եթե թոշակառուն քարտով 1 մլն դրամի առեւտուր անի, ապա, միեւնույնն է, որպես բոնուս 5000 դրամ է ստանալու:
– Այսպես կոչված «քեշբեքի» ծրագիրը մի քանի խնդիրներ ունի.առաջինը, ըստ պաշտոնական վիճակագրության, այն է, որ թոշակառուների մեկ երրորդը թոշակը կանխիկ է ստանում, ու կանխիկով թոշակ ստացողները, փաստորեն, ի սկզբանե զրկված են այս ծրագրից օգտվելու հնարավորությունից: Երկրորդն այն է, որ ծրագրից օգտվող թոշակառուները միայն 2 բանկից կարող են օգտվել, ու ստացվում է՝ կառավարությունը թոշակառուներին անուղղակի կերպով դեպի 2 բանկ է ուղղորդում: Այս բոլոր խնդիրները եթե ի մի բերենք, ակնհայտ է, որ կառավարությունը հերթական պոպուլիստական ծրագիրն է հրապարակ բերել ու դրանով փորձում է հավելյալ միավորներ վաստակել:
Սեւակ Վարդումյան