ԳՈՐԾԱԴԻՐԸ ՆՈՐԻՑ ՄԱՆԻՊՈՒԼԱՑՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության՝ օրերս ընդունած որոշման համաձայն՝ սեպտեմբերի մեկից ծերության թոշակը կավելանա 1900 դրամով՝ 28600 դրամի փոխարեն դառնալով 30500 դրամ: Համապատասխան որոշումը ընդունվել է կառավարության երեկվա նիստում: Աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կավելանա շուրջ 3100 դրամով կամ 7.1 տոկոսով, զինվորական կենսաթոշակներինը՝ 5200 դրամով կամ 6.8 տոկոսով:

 

Իհարկե, առաջին հայացքից կառավարությունը դրական քայլ է անում ու մտածում հանրության մասին, սակայն, մասնագետների հավաստիացմամբ, իրականությունը բոլորովին այլ բանի մասին է վկայում: Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի համոզմամբ՝ թոշակների բարձացումը թոշակառուների սոցիալական վիճակը գուցե ինչ-որ չափով մեղմի, բայց, բնական է, օրեցօր ավելացող գնաճը չի կարող զսպել:

«Թոշակները, համաձան կառավարության կողմից ներկայացրած նախագծի,  ընդամենը 7 տոկոսով կամ 3100 դրամով են բարձրանալու, ինչը մեր երկրի տնտեսությունում շուրջ 2  տարի առկա գնաճի հետ որեւէ կերպ համադրելի չէ: Եվ եթե ընդամենը 7 տոկոսով ավելացող թոշակը, որ կառավարության կողմից որպես ձեռքբերում է ներկայացվում, համադրենք պարենային ապրանքների գնաճի հետ, որ առնվազն 20-22 տոկոս է  կազմել, կտեսնենք՝ այս հարցում գործադիրը, մեղմ ասած, ազնիվ չէ»,- ասում է տնտեսագետը:

-Իհարկե, բնական է, որ թոշակառուների սոցիալական խնդիրները մասամբ կարող են մեղմվել, բայց ասել, որ թոշակների՝ մի քանի դրամով բարձրացումը երկրում առկա գնաճը լիարժեքորեն կզսպի, միամտություն է: Համեմատության համար նշեմ, որ այս տարվա ընթացքում պատերազմի մեջ ու տնտեսական լրջագույն պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի Դաշնությունը 2 անգամ թոշակ է  բարձրացրել, ու ռուսատանաբնակ թոշակառուն այժմ, տարեսկզբի համեմատ, 20 տոկոսով ավելի է թոշակ ստանում: Միեւնույն ժամանակ պետք է նշենք, որ կառավարությունը ռեզերվներ ունի, որոնց արդյունավետ օգագործման մասով մոտ մեկ ամիս առաջ էր կառավարությունում քննարկում տեղի ունենում: Գործադրի ներկայացուցիչներն այն ժամանակ ասում էին, որ բյուջեում 40 միլիարդից ավելի դրամ ավելի հավաքած հարկ կար, ու կառավարությունը  որոշեց, որ պահուստային ֆոնդից իր հայեցողությամբ տարբեր  ծրագրեր կարող է ֆինանսավորել, այնինչ, կարծում եմ, ռեզերվային այդ կարող էր ուղղվել նաեւ սոցիալական խնդիրների լուծմանը:

-Այսինքն՝ սա իշխանությունների մանիպուլատիվ հերթական քա՞յլն էր:

-Միանշանակ: Տեսեք, կառավարությունը  պետք է առաջնահերթություններ սահմանի, իսկ  սոցիալապես խոցելի խմբի աջակցությունն այդ առաջնահերթությունների մեջ իր  հատուկ տեղը պետք է ունենա: Այդ առաջնահերթությունները փաստացի չունենք, ընդհակառակը՝ կառավարությունը նախընտրում է, օրինակ, հարկային կոշտ վարչարարության միջոցով բիզնեսից հավաքած ավելի հարկը  թողնել կառավարության պահուստային ֆոնդում, որ  առաջիկա նիստերի համար մեքենաներ գնեն, պարգեւավճարներ տան, շենքեր վերանորոգեն եւ այլն, բայց դա չուղղեն պետության տնտեսության զարգացմանը  կամ սոցիալապես խոցելի խմբերի խնդիրների լուծմանը:

-Կառավարության սահմանած մեկ այլ որոշման համաձայն՝ բանկային քարտով առեւտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները հուլիսի 1-ից ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ կստանան գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամը: Այսինքն՝ հիպոթետիկ ասած՝ եթե թոշակառուն քարտով 1 մլն դրամի առեւտուր անի, ապա, միեւնույնն է, որպես բոնուս 5000 դրամ է ստանալու:

-Այսպես կոչված «քեշբեքի» ծրագիրը մի քանի խնդիրներ ունի. առաջինը, ըստ պաշտոնական վիճակագրության, այն է, որ թոշակառուների մեկ երրորդը թոշակը կանխիկ է ստանում, ու կանխիկով թոշակ ստացողները, փաստորեն, ի սկզբանե զրկված են այս ծրագրից օգտվելու հնարավորությունից: Երկրորդն այն է, որ ծրագրից օգտվող թոշակառուները միայն 2 բանկից կարող են օգտվել, ու ստացվում է՝ կառավարությունը թոշակառուներին անուղղակի կերպով  դեպի 2 բանկ է ուղղորդում: Այս բոլոր խնդիրները եթե ի մի բերենք, ակնհայտ է, որ կառավարությունը հերթական պոպուլիստական ծրագիրն է հրապարակ բերել ու դրանով փորձում է հավելյալ  միավորներ վաստակել:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԱՍԱԽՈՍԸ՝ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ

Նախօրեն «Հրապարակ»-ը գրել էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկը՝ Վահագն Ալեքսանյանը 2019թ. ընդունվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության «Սահմանադրական իրավունք, պետության եւ իրավունքի տեսություն» մասնագիտացմամբ մագիստրատուրան եւ չի ավարտել։ Ալեքսանյանին համալսարանից դուրս թողնելու գրության մեջ կարդում ենք.

 

«Հաշվի առնելով 2019-2020 ուսումնական տարվա ամառային լուծարքային քննաշրջանի արդյունքում գոյացած եւ համալսարանի կողմից սահմանված ժամկետում չմարված ակադեմիական պարտքը (12 եւ ավելի ակադեմիական կրեդիտ), ինչպես նաեւ 2020-2021 ուսումնական տարվա ձմեռային քննաշրջանի ընթացիկ ակադեմիական պարտքը՝ հրամայում եմ հեռացնել «Սահմանադրական իրավունք, պետության եւ իրավունքի տեսություն» մագիստրոսական ծրագրի առկա ուսուցման վճարովի համակարգի երկրորդ տարվա մագիստրատուրայի ուսանող Վահագն Հովիկի Ալեքսանյանին»։

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի պետության եւ իրավունքի տեսության ու սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի հետ, որը եւ եղել է պատգամավոր Ալեքսանյանի դասախոսը:

-Պարո՛ն Ղամբարյան, հիշո՞ւմ եք Ձեր ուսանող Վահագն Ալեքսանյանին: Ինչպիսի՞ ուսանող է եղել նա:

-Անկեղծ ասած, հիշում եմ իրեն, բայց դա վաղուց էր: Իրեն դասավանդել եմ Իրավունքի հիմունքներ, որը ավելի շատ համակարգային առարկա է, եւ բազային կրթություն չունեցողները, ովքեր որ գալիս են իրավաբանականի մագիստրատուրա, այդ առարկան պարտադիր անցնում են: Նա մի քանի անգամ քննություն հանձնեց, եւ որքան ես եմ հիշում, չստացավ, բայց այնպես չէ, որ նա եղել է անկարող:

-Պարո՛ն Ղամբարյան, այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ նա ընդհանուր բազային գիտելիքներ չի ունեցել եւ այդ պատճառով չի հաղթահարել քննությունները եւ դուրս է մնացել համալսարանից:

-Ես չեմ կարող ասել բոլոր առարկաների մասին, բայց կոնկրետ իմ առարկայի մասով չի ունեցել: Կարծում եմ՝ նա ժամանակ չէր տրամադրում սովորելու համար, քանի որ նրա մոտ վերլուծական կարողությունը կար, բայց գիտելիքը չկար, նա չէր կարդում, չէր սիրում աշխատել:

-Որքա՞ն ժամանակ եք դասավանդել Վահանգն Ալեքսանյանին:

-Կարծում եմ՝ մեկ սեմեստր, եւ հենց իմ քննությունը չի ստացել: Որքան հիշում եմ, գրավոր քննություն էր, իսկ մնացած առարկաների մասին ասել չեմ կարող: Հայ-ռուսական համալսարանում ուսանողին հնարավորություն են տալիս եւս մեկ քննություն եւ երկու լիկվիտ հանձնել, բայց նրա դեպքում երկուսն էլ չստացվեց:

-Իսկ հաճախե՞լ է դասերին, ինչպե՞ս է իրեն դրսեւորել, քանի որ Ազգային ժողովում նա աչքի է ընկնում միայն ագրեսիվ եւ կռվարար վարքագծով:

-Չեմ կարող նման բնորոշումներ տալ. իմ պատկերացմամբ՝ նա պարզապես չէր աշխատում: Կարծում եմ՝ երեւի ժամանակ չտրամադրեց, չստացվեց: Այսքանը:

Հ. Գ. Փաստորեն, պատգամավորը իր դասերը չի սովորել, բայց ամբիոնից բարոյախրատական դասեր է տալիս Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին՝ նեգատիվ տարածելով երկրի թիվ մեկ ամբիոնից:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

 

ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ասիական զարգացման բանկի բժշկական ապահովագրության գծով փորձագետ Սամվել Խարազյանը սոցիալական ցանցի իր էջում ակտիվորեն հանդես է գալիս հակառուսական հայտարարություններով: Նախ նշենք, որ խոսքն այն անձի մասին է, որը երկար տարիներ աշխատել է կոռուպցիոն սկանդալներով հայտնի Պետական առողջապահական գործակալությունում՝ որպես բաժնի պետ եւ, որ ամենաուշագրավն է, ՊԱԳ այդ ժամանակվա պետ Սարո Ծատուրյանի հետ անգամ հասցրել է ձերբակալվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով: Եվ, ահա, մայիսի 10-ին Ասիական բանկի փորձագետը սոցիալական ցանի իր էջում հրապարակել է այս լուսանկարը եւ գրել. «Այս տարի հոգեհանգիստն է, հուսով եմ՝ եկող տարի կթաղեն»: Հրապարակումը տարօրինակ է: Ինչու՝ որովհետեւ Խարազյանը, լինելով զարգացման բանկի փորձագետ, պետք է քաղաքական հարցերում առնվազն չեզոքություն դրսեւորի: Բացի այդ, նրա գործատուի՝ Ասիական զարգացման բանկի բաժնետերի մեջ կան երկրներ, որոնք առնվազն չեզոք են իրենց դրսեւորում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ:

Ստացվում է՝ Ասիական զարգացման բանկի փորձագետը հոգեհանգստի եւ թաղման մաղթանքներ է հղում մի կառույցի եւ երկրի, որը, նախ, ՀՀ ռազմավարական գործընկերն է, ապա նաեւ նորմալ հարաբերությունների մեջ է հենց Ասիական զարգացման բանկի բաժնետեր երկրների հետ: Հիշեցնենք, որ Ասիական զարգացման բանկի բաժնետետերից են Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, որոնք ջերմ հարաբերություններ ունեն Ռուսաստանի Դաշնության հետ ու թերեւս չեն կիսում թաղման մաղթանքները:

 

 

 

«ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

Օգոստոսի 23-ին Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը նոր շարժում եւ հանրահավաք էր նախաձեռնել: Նա իր գլխավորած «Անկախություն» շարժման մեկնարկը կապել էր Հայաստանի անկախության հռչակագրի հետ։ Այդ օրը՝ երեկոյան, նա հանրահավաք էր կազմակերպել Հանրապետության հրապարակում, որին հրավիրել էր նաեւ Փաշինյանին, ինչպես նաեւ հանդիպում խնդրել կառավարության ղեկավարից՝ նրան ներկայացնելու հրաժարականի հիմնավորումները։

Մոտենալով կառավարության շենքին, զրուցելով ոստիկանների հետ ու վերադառնալով՝ հանրահավաքի մասնակիցներին Էդգար Ղազարյանը հայտնեց, որ վարչապետի հետ հանդիպումը չի կայացել, քանի որ Նիկոլ Փաշինյանը վախեցավ։

Այսպիսով, ArmLur.am-ը նրանից հետաքրքրվել է, թե որոնք են լինելու հաջորդ քայլերը: «Այդ մասին դեռ շուտ է խոսել: Մենք մեր հայտարարություններն արել ենք եւ սպասում ենք ԱԺ պատգամավորների գործողություններին: Կարծում եմ՝ պետք է սպասել այն խելամիտ ժամկետին, երբ նրանք կսկսեն գործողությունները: Ես շարունակում եմ աշխատել նույն ռեժիմով եւ ծանրաբեռնվածությամբ: Իմ աշխատանքի ռեժիմը չի փոխվել», – նշեց նա:

 




Լրահոս