Վարչապետ ընտրվելու 100 օրվա կապակցությամբ՝ 2018 թվականի օգոստոսի 17-ին՝ Հանրապետության հրապարակում ելույթ ունենալիս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտորեն հայտարարում էր, թե հեղափոխությունից հետո տնտեսական ցնցումներ չեն եղել: «Մեր հեղափոխությունը բացառիկ է նաեւ այն պատճառով, որ մեր հեղափոխությանը չհետեւեց տնտեսական անկում, ընդհակառակը՝ հեղափոխությունից հետո արձանագրվում են տնտեսական ակտիվության բավականին բարձր ցուցանիշներ: Հունիս ամիսը հետհեղափոխական առաջին ամիսն է, գրանցվել է 9.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը 8.9 տոկոս է, եւ կան բոլոր հիմքերը՝ պնդելու, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակելու է աճ ապրել»: Իսկ ի՞նչ պատկեր ունենք այժմ: Տնտեսական ակտիվության ցուցանիշը հնարավոր եղավ բարձր պահել միայն 2019 թվականին, սակայն այժմ պատկերն այլ է: 2020 թվականին, 2019-ի հետ համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը անկում է ապրել 7,5 տոկոսով: 2020-ին, 2019 թվականի համեմատ, Հայաստանից արտահանումը կրճատվել է 3,9 տոկոսով, իսկ ներմուծումը անկում է ապրել 17,7 տոկոսով։ 2021 թվականը, չնայած տնտեսական աճի ավելի մեծ խոստումներին եւ հայտարարություններին, Հայաստանը փակել է 5,8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշով: Ստացվում է՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանն արել է հայտարարություններ, որոնք իրականություն չեն դարձել, եւ դրանով նա խաբել է ՀՀ Հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 18-ին կայանալիք վարչության ընտրությանը եւ կուսակցության համագումարին ընդառաջ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում կրքերը չեն հանդարտվում: Մասնավորապես, շատ ՔՊ-ականների դուր չի գալիս ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի պահվածքը: Բանն այն է, որ վերջինս հավակնում է դառնալ ՔՊ վարչության նախագահ, քանի որ չեն կարող նախագահ լինել ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ ներկայիս նախագահ Սուրեն Պապիկյանը. ռոտացիոն կարգով պետք է փոխվի նախագահը՝ ըստ ՔՊ կանոնադրության: Եւ, ահա, Ավինյանը, կարծես թե, իր առանձին թիմն է ձեւավորել ու թեժ պայքարում է նախագահի կարգավիճակի համար՝ կանգ չառնելով ոչնչի առջեւ: Պարզ չէ՝ նրա հանդուգն պահվածքը Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված է, թե ինքնագործունեություն: Հավելենք, որ ՔՊ-ի վարչության կազմում տեղ գտնելու համար թեժ պայքար է մղում պատգամավոր Արսեն Թորոսյանը, որը պարտադիր մասնակցում է բոլոր միջոցառումներին, շրջում մարզերով: Նրա հետ մեկտեղ ակտիվ են նաեւ Արթուր Հովհաննիսյանը, Արփի Դավոյանն ու Վահագն Ալեքսանյանը, որոնք Նիկոլ Փաշինյանի աչքին երեւալու համար անում են հնարավոր ու անհնար ամեն ինչ: Հավելենք, որ, համագումարին ընդառաջ, նոր զարգացումներ կարող են լինել, քանի որ վարչության եւ վերահսկող հանձնաժողովի ընտրությունների համար առաջադրվել է համապատասխանաբար 48 եւ 16 թեկնածու։ Ասել է թե՝ մրցակցությունը շատ մեծ է, բայց, միեւնույնն է, Նիկոլ Փաշինյանի կամքից է կախված՝ ով «կընտրվի» վարչության կազմում եւ ով կմերժվի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Միսակ Բալասանյանի՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս նշանակվելու հարցը, որը երկար ժամանակ շրջանառվում էր, վերջնականապես փակված է։ Գլխավոր պատճառը, ինչպես մեր աղբյուրներն են նշում, Միսակ Բալասանյանի ռուսական քաղաքացիությունն է։ Այս փուլում դժվար է պատկերացնել՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն ինչպես կարող է ԱՄՆ-ն համաձայնել նշանակել որեւէ պաշտոնի: Պարզ է, որ աշխարհաքաղաքական այս լարված իրավիճակում նման նշանակումը կարող է դիվանագիտական խնդիր առաջացնել։ Իսկ ինչ վերաբերում է Միսակ Բալասանյանին, ապա «Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկություններով, նա ռուսական խոշոր ընկերություններից մեկից ստացել է թոփ մենեջերի աշխատանքի առաջարկություն եւ մոտ ժամանակներս կտեղափոխվի Մոսկվա՝ աշխատանքի։ Մենք փորձեցինք իհարկե այս լուրերի իսկությունը ճշտել Միսակ Բալասանյանից, սակայն նրա հետ կապվելու մեր փորձերը հաջողություն չունեցան։
Ազգային ժողովի պատգամավորները հերթական «վոյաժներին» են պատրաստվում: Այս անգամ խորհրդարանականներից մի քանիսը կլինեն Աթենքում, Ռաբաթում, Իզմիրում, Սրատսբուրգում եւ Բեռնում: Այսպես, օգոստոսի 5-ին այն ժամանակ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին սեպտեմբերի 17-20-ն Աթենք գործուղելու մասին որոշում է ստորագրել: Նա այնտեղ կմասնակցի ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին: Օգոստոսի 8-ին արձակուրդից վերադարձած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործուղումների միանգամից մի քանի որոշում է ստորագրել, ըստ այդմ՝ ԵԽԽՎ Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար սեպտեմբերի 21-24-ը Իզմիր (Թուրքիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը: Վերջինս, ի դեպ, դարձյալ Ալեն Սիմոյանի որոշմամբ, Թուրքիայից անմիջապես Ստրասբուրգ կմեկնի՝ նորից գործուղման: Այստեղ սեպտեմբերի 25-28-ը նա կմասնակցի Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության եւ կառավարման հարցերի եվրոպական հանձնաժողովի աշխատանքային խմբի «Խորհրդակցական մասնակցային ժողովրդավարություն» թեմայով քննարկման աշխատանքներին: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ սեպտեմբերի 4-6-ը՝ Շվեյցարիայի Բեռն, 7-ին Նյոշատել քաղաքներում ԵԽԽՎ Իրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին կմասնակցի: Ի դեպ, վերոնշյալ բոլոր գործուղումների ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը վճարվելու է ԱԺ բյուջեի՝ հարկատուներիս հաշվին: