ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԻՆ ԴԵՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության 31-րդ տարդարձն է: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ այդ օրն Արցախի քաղաքական էլիտայի ներկայացուցիչները հանրահավք-երթ պետք է անցկացնեն՝ ոգեկոչելու թե՛ արցախյան պատերազմների ժամանակ նահատակված հերոսների հիշատակը, թե՛ համայն աշխարհին ցույց տալու, որ հայկական հանրապետությունն ապրում ու արարում է: Սրան զուգահեռ ու անկախության տոնին ընդառաջ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշիանյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական հանդիպումը կունենան Բրյուսելում: Նախաձեռնողը նորից Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն է: Թեեւ հայկական կողմը չի մանրամասնում՝ ինչ օրակարգով են հանդիպելու Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները, այնուամենայնիվ, պաշտոնական Բաքուն վստահեցնում է՝ կողմերը խաղաղության օրակարգի տեքստի վրա աշխատող խմբի հետ կապված հարցեր ու մանրամասներ են հստակեցնելու: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի օգնական Հիէմեթ Ալիեւն էր հայտարարել ադրբեջանցի լրագրողների հետ զրույցի ժամանակ: Ի դեպ, պաշտոնական Մոսկվան նույնպես մամուլի հրապարակումների միջոցով նման ակնարկներ արել էր: Թեմայի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի «Արդարություն» խմբակցություն պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:

 

-ՀՀ-ից Արցախ միայն ԱԺ ընդդիմությունն է գալու, այլ հրավիրվածներ ու հյուրեր կլինե՞ն, օրինակ՝ այլ երկրի պատվիրակներ. տեղեկություններ կա՞ն:

-2022թ.-ի հունիսի 30-ին՝ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի վերջին նիստի ժամանակ, Ազգային ժողովի նախագահը բարձրադիր ամբիոնից հրավիրեց Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բոլոր պատգամավորներին Արցախ: Տեղեկատվությունն այսքանն է, չգիտեմ՝  հետագայում եղել է պաշտոնական հրավեր կամ ընդունվել է, թե ոչ: Տեղեկացված չեմ նաեւ՝ իրականում լինելու են պատվիրակություններ, թե ոչ:

-Փաշինյանն ու Ալիեւը վաղը կհանդիպեն Բրյուսելում, ասում են՝ խաղաղության օրակարգի տեքստի մասով են պայմանավորվելու: Արցախում խաղաղ համակեցությունը ինչ-որ կերպ պատկերացնո՞ւմ են:

-Նախ՝ Արցախում արդեն իսկ մտահոգություն կա՝ կապված վայրի հետ, թե որտեղ է տեղի ունենալու եռակողմ հանդիպումը՝ հերթական անգամ այդ ցուցադրությունը: Քաղաքականության վեկտորը, կարծես թե, հստակ թեքվել է դեպի Արեւմուտք: Թե ինչի շուրջ կխոսեն, կանխատեսումներ պետք չէ անել, բայց վստահ ենք, որ դա չի լինի՝ ի շահ Արցախի: Յուրաքանչյուր հանդիպումից հետո նոր ու ավելի մեծ աղետ ենք ունենում, հերթական նոյեմբերի 9 ենք ունենում, ինչպես վերջերս՝ Բերձորի միջանցքի հետ կապված, նաեւ մեր 3 բնակավայրերի հանձնումը թշնամուն: Բնականաբար, այս անգամ եւս կա մտահոգություն: Համակեցության հետ կապված. դա ընդհանրապես չի դիտարկվում Արցախում, եւ Արցախում չկա գեթ մի հոգի, որ կգնա այդ մտքին, որ խաղաղություն կլինի: Եթե անգամ այդ հանդիպմանը ժամանակ քննարկվի խաղաղության օրակարգը, Արցախում քաղաքացին չի կարող խաղաղ ապրել ադրբեջանցիների հետ: Դա բացառվում է եւ անգամ քննարկման ենթակա չէ, եւ այստեղ դիտարկելու, քննարկելու խնդիր էլ չկա: Արցախում մի հոգի չի մնա այն պարագայում, երբ այդ խաղաղության օրակարգի մեջ ներառվի այն հարցը, որ Արցախում պիտի ապրեն հայերը եւ ադրբեջանցիները:

-Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի հրապարակում բողոքի ցույց է նախատեսված նաեւ: Ի՞նչ պետք է ասեք, ի՞նչ պետք է ցույց տաք, եթե այլեւս ոչինչ վաղուց չի ազդում ոչ մեկի վրա:

-Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է, եւ այս տարի այդ օրը ոչ թե բողոքի ցույց է լինելու, այլ Ազգային ժողովի 5 խմբակցություններ երթ են իրականացնելու: Երթը լինելու է ժողովրդի մասնակցությամբ, որը ի  ցույց կդնի Արցախի ժողովրդի միասնականությունը: Կլինեն ելույթներ՝ այդ օրվա խորհրդի հետ կապված: Այլ մանրամասների հետ կապված տեղեկություն չունեմ առայժմ: Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ լինելու են ե՛ւ իշխանությունները, ե՛ւ հիմնականում ժողովուրդն է լինելու, եւ այդ օրը ընդդիմությունը առանձին որեւէ բան չի նախատեսում:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԲԱԺՆԵՄԱՍԵՐԸ ՆԱԽԱՊԵՍ ՎԱՃԱՌԵԼ ԵՆ

2022 թվականի հուլիսի 26-ին, այսինքն՝ «Սուրմալու»-ի առեւտրի կենտրոնում ողբերգական պայթյունից եւ հրդեհից 18 օր առաջ, կենտրոնի սեփականատերն ու նրա ընտանիքի անդամները զբաղված են եղել բաժնեմասերի առուվաճառքով, համենայնդեպս, այդ մասին են վկայում ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը: Տեղեկանում ենք, որ այդ օրվա դրությամբ ընկերության կանոնադրական կապիտալի բոլոր բաժնեմասերը եղել են վճարված եւ տեղաբաշխված հետեւյալ մասնակիցների միջեւ՝

 

o             Զախարյան Արթուր Ռազմիկի՝ 60 տոկոս,

o             Զախարյան Ռազմիկ Արթուրի՝ 30 տոկոս,

o             Զախարյան Էդուարդ՝ 10 տոկոս,

Համաձայնե՛ք, պայթյունից 18 օր առաջ նման փոոփոխությունները բավականին ուշագրավ են:

 

 

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Արփինե Դավոյանը նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում են փոփոխություններ կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում:

Մասնավորապես, նրանք առաջարկում են ավելացնել մի դրույթ, ըստ որի՝ երդվելուց հետո պատգամավորներն Ազգային ժողովի նիստում ստորագրում են երդման տեքստի տակ: Այս նախագծով նրանք առաջարկում են նախատեսել բոլոր պատգամավորների համար Ազգային ժողովի նիստում երդման տեքստի տակ ստորագրում: Հիմնավորման մեջ նշվում է, թե առաջարկը նպատակ ունի հրապարակային տրված հանդիսավոր երդմամբ անձանց մոտ ավելացնել իրենց պաշտոնով պայմանավորված պատասխանատվության գիտակցումը: Հանրությանը տրված երդումը ապագայում կծառայի որպես բարեխիղճ, օրինական եւ պատասխանատու վարքագծի կարեւոր բաղադրիչ:

 

 

 

 

ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան նաեւ Ալավերդի արդեն իսկ խոշորացված, բայց կրկին խոշորացվող համայնքում: Բանն այն է, որ հարակից համայնքներն ընդգրկող Ալավերդին սեպտեմբերի 25-ին ընտրություններով հերթական անգամ կխոշորանա՝ իր մեջ ներառելով նախկին Թումանյանի շրջանի գրեթե բոլոր համայնքները, բացառությամբ Թումանյան խոշորացված համայնքի, որն իր մեջ Մոտկորի ենթաշրջանի համայնքներն է ներառում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն իսկ հրապարակել է կուսակցությունների՝ ավագանու անդամների համասնական ցուցակը: Ալավերդիում դաշինքներ չեն ձեւավորվել, կուսակցություններից էլ մասնակցում են իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», «Ապրելու երկիրը», ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը: ՔՊ համամասնական ցուցակի առաջին համարն ու Ալավերդի խոշորացվող համայնքի քաղաքապետի թեկնածուն ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանն է: Նա, ի դեպ, դեռ ամիսներ առաջ էր գործուղվել Ալավերդի ու քաղաքացիների հետ հանդիպումներով նախաքարոզարշավային տրամադրություններ էր գեներացնում: Գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Ապրելու երկիրը» այստեղ Ախթալա խոշորացված համայնքի գործող համայնքապետ Արկադի Թամազյանին է առաջադրել, ՀՅԴ-ն՝ Ախթալայի նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանին, ՀԱԿ-ը՝ Ալավերդիում հաշվապահական գրասենյակ ունեցող Նորայր Գեւորգյանին: Հետաքրքիր զուգադիպությամբ Ալավերդիում առաջադրված թեկնածուներից երեքն ուղղակի կամ անուղղակի կապ ունեն Ախթալա համայնքի հետ. Արեն Մկտչյանն Ախթալայի փեսա է, Արկադի Թամազյանն Ախթալայի գործող համայնքապետն է, իսկ Սուրեն Թամազյանը ծնունդով Ախթալայից է:




Լրահոս