Իր վարչապետության չորս տարիներին Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տեղական մակարդակում է մանիպուլացրել հասարակությանը, այլ նաեւ ասել ստեր, որոնք հերքվել են, օրինակ, ՌԴ կողմից։
Մասնավորապես, 2020 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազատություն ռադիոկայանի եթերում ասել էր, թե Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների կողմից շրջափակման մեջ են մնացել նաեւ ռուս խաղաղապահները:
ՌԴ ՊՆ-ն, սակայն, հերքել է Նիկոլ Փաշինյանի խոսքերը եւ ասել՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ չեն մնացել շրջափակման մեջ։
«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ` Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն է հերքել ՀՀ վարչապետի հայտարարությունը։
2018 թվականի մարտի 16-ին Երեւանի ավագանու «Ելք» դաշինքից ավագանու անդամ (այսօրվա վարչապետի աշխատակազմի ղեկավար) Արայիկ Հարությունյանն ու Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը դատի էին տվել «Երեւան» հիմնադրամին եւ Պետեկամուտների կոմիտեին: Դատական կարգով նրանք պահանջում են տրամադրել տվյալներ, թե վերջին երկու տարիների ընթացքում ովքեր են 100 հազար դրամ եւ ավելի գումար անանուն փոխանցել «Երեւան» հիմնադրամին: Քանի որ հիմնադրամը դա համարել էր անձնական տվյալ, ավագանու անդամն ու պատգամավորը որոշել էին հարցը կարգավորել դատական եղանակով՝ պարտադրելով հրապարակել նվիրատուների ցանկը: Նրանք որոշել էին, թե նվիրատվությունները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: Ճակատագրի հեգնանքով այժմ Լենա Նազարյանը հանդիսանում է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Այս հիմնադրամում եւս մեծ թվով անանուն նվիրատվություններ են ստացվում, սակայն Լենա Նազարյանը, կարծես թե, նույն սկզբունքայնությամբ չի անհանգստանում եւ ոչ մի կոռուպցիոն ռիսկ չի տեսնում: Սա այն դեպքում, երբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամում մեծ թիվ են կազմում նաեւ անանուն նվիրատուները, այսինքն՝ հանրությունը չի տեղեկանում, թե ով է վարչապետի տիկնոջ հիմնադրամին գումար փոխանցել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից մի քանի թվեր է ներկայացնում, թե անանուն քանի փոխանցում է արվել 2021-2022 թվականներին Աննա Հակոբյանի հիմնադրամին: Եւ այսպես, 13 այդպիսի միանվագ փոխանցումներ են կատարվել՝ 5 մլն դրամ, 47 մլն դրամ, 25 մլն դրամ, 37 մլն դրամ, 20 մլն դրամ, 8 մլն դրամ եւ այսպես շարունակ: Կան նաեւ դոլարային փոխանցումներ՝ 300 հազար դոլար, 5 հազար դոլար: Մյուս տարիների թվերն ավելի խոսուն են. 2018-ին հիմնադրամին 510.000 դոլար ու 77 503 000 դրամ է փոխանցվել: Ի դեպ, 510.000-ից 500.000 դոլարը եղել է միանվագ փոխանցում: 2019-ի 258 197 000 դրամ, 50.200 դոլար ու 10 եվրո է անանուն փոխանցվել: 2020-ին 10.311.000 դրամ ու 1019 դոլար է փոխանցվել անանուն: Այսինքն՝ ստացվում է՝ չորս տարի առաջ Լենա Նազարյանը կոռուպցիոն ռիսկեր էր տեսնում ընդամենը 100 հազար դրամ փոխանցման մեջ, իսկ հիմա անգամ 300 հազար դոլարի անանուն փոխանցումը չի մտահոգում նրան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա՝ ակադեմիական քաղաք ստեղծելու ու բուհերը երեւանին կպած Աշտարակ քաղաք տեղափոխելու հայտարարությունն իրականում ալեկոծել է բարձրագույն ուսումնական հաստատությունների մի շարք ղեկավարների հոգիները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ որոշ բուհերի ռեկտորներ անհանգստացած են, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը, որովհետեւ թվով 8 պետական բուհ թողնելը նշանակում է՝ մի շարք հաստատություներ օպտիմալացվելու ու միավորվելու են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարության հեռահար տեսլականներից է միավորել Հայաստանի Վ. Բրյուսովի անվան պետական, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարաններն ու Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: Նշենք, որ բացի վերոնշյալ երեք բուհերի միավորումը, կառավարության ավելի վաղ ունեցած տեսլականներից էր նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի միավորումը: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Վահրամ Դումանյանի մամուլի քարտուղարին՝ տեղեկանալու, թե նման քննարկում կա արդյոք նախարարությունում, ինչին ի պատասխան՝ Գեղամ Մելիքբեկյանն ասաց. «ԿԳՄՍՆ ոլորտներին առնչվող ցանկացած հարց քննարկվում է ոչ միայն գերատեսչության ներսում, այլեւ բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Երբ կայացվում է որոշում, այդ մասին կատարվում է համապատասխան իրազեկում»: ԿԳՄՍ-ն փաստացի չհերքեց հանգամանքը, որ նախարարության ներսում նման քննարկում եղել է կամ կա: Մնում է պատկերացնել, թե Աշտարակի մանկավարժական համալսարանի կրթական որակն ու ներգրավվածությունը ապագայում ինչպիսին կլինի:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե որ դատավորի թեթեւ ձեռքով գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը կալանավորվեց: Այդ դատավորը Երեւան քաղաքի դատավոր Տաթեւիկ Մուրադյանն է, որը 2021 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Վերջինս դատական համակարգում նոր դեմք է եւ համարվում է ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի կադրերից մեկը: Հիշեցնենք, որ նախօրեին Արցախի ՊԲ հրամանատարը ձերբակալվեց Արցախ-Հայաստան ավտոճանապարհին: Նրա փաստաբանը պնդում է, որ երբեք ծանուցում չի ուղարկվել նախաքննական մարմին ներկայնալու վերաբերյալ: Հավելենք, որ գեներալ-լեյտենանտին տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ, եւ նա մեղադրվում է Շուշիի պաշտպանությունը ճիշտ չկազմակերպելու համար, ինչի հետեւանքով քաղաքը հանձնվեց հակառակորդին: Արզումանյանը, սակայն, չի ընդունում մեղադրանքը: