Նախօրեին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպման մասին երեկ կառավարության նիստում խոսեց Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէր:
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը նախօրեին Բրյուսելում պայմանավորվել են ԱԳՆ-ների մակարդակով շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն մեկ ամսվա ընթացքում: Հետաքրքիր է, որ բրյուսելյան հանդիպումից հետո Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Արցախի մասին: Ընդ որում՝ եթե նախորդ հանդիպման հայտարարության մեջ «Լեռնային Ղարաբաղը» դարձել էր «Ղարաբաղ», ապա հիմա ընդհանրապես որեւէ հիշատակում չկա, ինչն ամբողջությամբ կրկին արտահայտում է Բաքվի տեսակետը: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի վարչապետի աշխատակազմը հայտարարել էր, թե այդ մասին քննարկում եղել է։
Միշելի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է միայն՝ քննարկումների առանցքում եղել են «վերջին զարգացումները Հարավային Կովկասում», որեւէ խոսք չկա նաեւ Լեռնային Ղարաբաղում վերջին լարվածության մասին, որի հետեւանքով զոհեր ու վիրավորներ եղան։
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է. «Երեկ մենք մամլո հաղորդագրություն ենք տարածել հանդիպման վերաբերյալ, որտեղ նշված են քննարկված թեմաները: Նաեւ նշված են այն որոշումները, որոնք կայացվել են. դրանք աշխատանքային բնույթի որոշումներ են: Իհարկե, հասկանալի է, որ քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ, բայց ես ուզում եմ նաեւ արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ եւ պիտի շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ իմ հրապարակային ելույթներում. ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, եւ այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այդ օրակարգը կյանքի կոչելու համար։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ դա հեշտ չէ եւ պարզ չէ, եւ հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն: Մենք պետք է շարունակենք հետեւողական աշխատել: Նաեւ կարծում եմ, որ անհրաժեշտություն է եւ ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տեւական եւ համապարփակ խաղաղություն: Եվ մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է նաեւ, որ հաղորդելու այլ մանրամասներ այս պահին չկան, քանի որ դրանք արդեն համառոտ ներկայացվել են պաշտոնական հաղորդագրությունում. «Հետագայում եթե կլինեն մանրամասներ, առաջարկներ կամ թեմաներ, որոնք այնքան հասունացած կլինեն, որ անհրաժեշտ լինի քննարկել կառավարությունում, հանրության հետ, քաղաքական ուժերի հետ, մենք դա, իհարկե, անպայման կանենք»:
Պաշտոնական Մոսկվան պնդում է՝ Երեւանի եւ Բաքվի միջեւ առարկայական բանակցությունները ընթանում են Մոսկվայի, այլ ոչ թե Բրյուսելի միջնորդությամբ. այս մասին Փաշինյան-Միշել -Ալիեւ եռակողմ հանդիպման նախաշեմին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հերթական անգամ եվրոպացիներին մեղադրելով միջնորդության դափնիները յուրացնելու փորձերի մեջ։
«Դա եվրոպացիների կեղծ նախաձեռնությունն է։ Դա ավելի շատ միջնորդության դափնիների անամոթ յուրացման է նման։ Մենք ենք աշխատում որպես միջնորդներ, եւ այդ աշխատանքը կոնկրետ արդյունքներ է տալիս, կողմերն էլ համապատասխանաբար գնահատում են դա», – ասել է Զախարովան։
Եվրամիության միջնորդությամբ հայ-ադրբեջանական հերթական բանակցություններին արձագանքել են նաեւ Վաշինգտոնից՝ կոչ անելով կողմերին ինտենսիվացնել դիվանագիտական ներգրավվածությունն ու հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի: ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը վերահաստատել է Նահանգների հանձնառությունը՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագան։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:
Դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը երկկողմ հարաբերությունների օրակարգն ավելի հարստացնելու համար:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները փոխգործակցության համար հետաքրքիր են համարել մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, տիեզերագնացության, զբոսաշրջության եւ գյուղատնտեսության ոլորտները:
ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳԻՐ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 27-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 25-ի ԲԴԽ-81-Ո-266 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սարգիս Հովհաննիսյանին նշանակել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:
ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ՉԻ ԽԱԽՏՎՈՒՄ
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ՝ ավանդույթը չի խախտվում. այս անգամ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում 44-օրյա պատերազմի անմահ հերոսների զավակներն են. «Հայրենիքին ամենաթանկը նվիրած ընտանիքները մշտապես մեր հոգածության կենտրոնում պետք է լինեն: Բարի երթ եւ արդյունավետ ուսումնական տարի բոլոր երեխաներին»:
ՀԱՆԴԻՊՈՒՄ-ԴԱՍ
Խորհրդարանում Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցող աշակերտների հետ հանդիպում-դաս են անցկացրել նաեւ ընդդիմադիր պատգամավորները:
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ մի շարք թեմաների հետ մեկտեղ Թովմասյանը դպրոցի սաների հետ նաեւ 44-օրյա պատերազմի, պատերազմում պարտությանն առնչվող հարցերի վերաբերյալ է զրուցել:
Թովմասյանից բացի, ԱԺ նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է գնացել կրկին նույն նպատակով:
«Դասախոսության հրավերը ընդունելուս պատճառը շատ պարզ է. ես համարում եմ, որ մեր դպրոցականները արժանի չեն նրան, որ կյանքում առաջին անգամ Ազգային ժողովի շենք մտնելով՝ շփվեն միայն իշխող խունտայի երեսփոխանների հետ»,- Facebook-ի իր էջում գրել է նա:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՄԻՋԱԴԵՊԻՑ
Գիշերը Վեդի քաղաքում ընդհարում է տեղի ունեցել հայերի եւ թուրքերի միջեւ: Միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են՝ ամուսիններ:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ամուսինները իրավապահներին պատմել են, որ տուրի են եկել, որ Մեղրիով գնան Իրանի Իսլամական Հանրապետություն: Իջել են Վեդիում, մտել են սրճարան, որից հետո սկսվել է վեճը:
Ըստ ականատեսների՝ հայերը նկատել են, որ թուրք ամուսիններ են, եւ հավաքվել են սրճարանի մոտ, որից հետո ժամանել է ոստիկանությունը: Ամուսինները, տեսնելով, որ հայերը շատանում են եւ իրենց հետ ագրեսիվ են խոսում, սկսել են ասել՝ ռադ եղե՛ք: Վեդիի քաղաքացիներից մեկը հասկացել է թուրքերեն: Այս ամենից հետո եղել է վեճ, որը կանխվել է ոստիկանների կողմից: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ամուսիներին տարել են ոստիկանության բաժին. նրանք հիմա այնտեղ են:
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հանցագործության մասին հաղորդում է ստացվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հովհաննիսյանի դեմ: ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ հաղորդումը ներկայացվել է այն հիմքով, որ նա Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները։