ArmLur.am-ի զրուցակիցն է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը:
Պարո՛ն Համբարձումյան, արդեն երկու նախադեպ կա պետական դավաճանության դեպքերի մասով հարուցված քրեական գործերով: Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայությունը զինվորականերին մեղադրանք է առաջադրում պետական դավաճանության գործերով, նրանց կալանավորում եւ մեկ տարի անց մեղադրանքը վերաորակում են, օրինակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք: Ըստ Ձեզ սա նորմալ է, երբ անձին նման ծանր մեղադրանք են առաջադրում, ընտանիքը բաժանվում է եւ հետագայում հասկանում են, որ նա նման ծանր հանցանք չի կատարել: Ըստ Ձեզ այս ամենն ինչ նպատակ է հետապնդում:
– Գիտեք, ծանոթ չլինելով գործի նյութերին, շատ դժվար է Ձեր հարցին միանշանակ պատասխանելը, հետևաբար փաստերին ավելի հիմնովին կարող են արձագանքել ու գնահատական տալ գործով ներգրավված փաստաբանները: Սակայն, ինքնին, երևույթը խնդրահարուց է ու ոչ ցանկալի: Ենթադրում եմ, որ նախաքննական մարմինը սկզբնական շրջանում որոշակի մակերեսային տվյալներ է ունեցել, որոնք նախաքննության ընթացքում չեն հաստատվել ու արդյունքում, ստիպված են եղել արարքը վերավորակել: Այդ տվյալներն արդյո՞ք բավարար են եղել պետական դավաճանության մեղադրանքով քրեական հետպնդում սկսելու համար, թե կամայական մոտեցում է ցուցաբերվել, կրկնում եմ, չեմ կարող մեկնաբանել, քանի որ ծանոթ չեմ գործի նյութերին:
Ընդհանրապես, պետական դավաճանության, լրտեսության դեպքերով մինչև քրեական գործերի հարուցումը նախկինում շատ մանրամասն վերլուծություն էր իրականացվում, գնահատվում էին օպերատիվ նյութերը, հավաքված տվյալները, ապացույցները, կանխատեսվում էր իրավական հեռանկարը, թե արդյոք դրանք բավարա՞ր են լինելու քրեական հետապնդում սկսելու և գործին դատական վախճան ապահովելու համար: Որևէ մեկը ի սկզբանե հույսը չէր դնում ամիսների ընթացքում խոստովանական ցուցմունք ստանալու վրա, իհարկե այդ ուղղությամբ ևս քննիչներն նախաքննության ժամանակ ջանասիրաբար աշխատում էին: Սա շատ լուրջ հանցակազմ է’ դժվար ապացուցելի, ուստի մինչև քրեական հետապնդում սկսելը լրջագույն օպերատիվ աշխատանք էր տարվում:
Ես դեմ եմ նման դեպքերի հապճեպ հանրայնացմանը, հատկապես պետությունը, բանակն ու ինչու չէ ազգն արժեզրկող, վարկաբեկող բովանդակությամբ ռեպորտաժներով: Նախաքննական մարմինը զգուշավորություն պետք է դրսևորեր, չշտապեր:
Ցավոք առանձին դեպքեր վաղաժամ լուսաբանեվել են նաև նախկինում, մեր պաշտոնավարման ժամանակ, ուստի ճիշտ հետևություն պետք է անել այդ իմաստով:
Ամեն դեպքում ենթադրում եմ, քննիչները ունեցել են որոշակի հիմքեր տվյալ անձանց վերաբերյալ, դրանք նախաքննության ընթացքում կամ ժխտվել են, կամ չեն ամրապնդվել այլ ապացույցներով: