«Եգիպտոսի տեղը գիտի միայն երամը․ մեզ միասնականությունն է պակասում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 2-ին, համայն հայությունը նշում էր Արցախի Հանրապետության օրը: 44-օրյա պատերազմից հետո «նշել» բառը, մեղմ ասած, ճոխ է հնչում, բայց իրականությունն այն է, որ 31 տարի առաջ՝ այդ օրը հենց հռչակվեց հայկական երկրորդ հանրապետությունը: Արցախի Հանրապետությունը ո՛չ նախապատերազմական փառքը, ո՛չ տարածքներն ունի այսօրվա դրությամբ: Ցավ ի սիրտ, արյան գնով գծված հայկական պետականության սահմաններն օր օրի կտրտվում են, գյուղերն ու շեները՝ անցնում հակառակորդին: Եվ այդ ամենը՝ ոչ միայն համայն աշխարհի լուռ ու ոչինչ չասող, այլ հենց մեր՝ հայերիս հարմարվողական ու ատամ ցույց չտվող հայացքի ներքո: Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արզիկ Մխիթարյանն իր հարցազրույցներում մեկ անգամ չէ, որ շեշտել է՝ Արցախը Հայաստանի անվտանգության դարպասն է, եւ պահպանելով Արցախի սահմանները՝ պահպանում ենք Հայաստանը։ Այսօր, սակայն, Արցախն իր անկախությունը տոնում է կոտրված ողնաշարով, ինչը, սակայն, հնարավոր է ուղղել: «ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Արզիկ Մխիթարյանն է:

– Երեկ Արցախի Հանրապետության 31-րդ տարեդարձն էր, եւ արդեն 2-րդ անգամն է, որ Արցախն իր տարեդարձը վիրավոր, բզկտված ու տարածքները հանձնված վիճակում է նշում: Ինչպիսի՞ն են Ձեր զգացողությունները:

-Ոչ միայն ես, այլ նաեւ հավանաբար ամբողջ հայությունը հասատ նորմալ զգացողություններ չունի, որովհոտեւ մենք իսկապես ավելի քան 25 տարի վայելեցինք անկախության հպարտությունն ու ամբողջ աշխարհում զգում էինք, որ արժեք ունենք, ու, ամենակարեւորը, զգում էինք՝ մեր ողնաշարն ուղիղ է: Կարծում եմ՝ ոչ միայն Արցախում կամ Հայաստանում, այլ նաեւ օտար երկրներում ապրող հայությունը իսկապես մտահոգ է, որ Արցախում այսպիսի ավարտ եղավ, չնայած դեռ լիահույս եմ ու չեմ կարծում, որ սա վերջնագիծ է, քանի որ արցախցիները դժվարանում են համակերպվել այս մտքին: Մյուս կողմից՝ պետք է ընդունենք՝ ունենք այն, ինչ ունենք: Մենք բոլորս վատ զգացողությունների մեջ ենք, ու անհնարին է հաշտվել այն մտքին, որ թեժ, պատերազմական օրինաչափություններին հակասող, ռազմարվեստի կանոններից բավական հեռու սցենարով տանուլ տվեցինք եւ կորցնում ենք մեր անկախությունն ու ինքնորոշման իրավունքը, որը մենք բավական թանկ գնով էինք ձեռք բերել:

– Արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին խոսք անգամ չկա, ու դրա ապացույցը նաեւ Փաշինյան-Ալիեւ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ տեղի ունեցած բանակցություններն ու դրանից հետո տարածված հաղորդագրություններն էին: Դուք այս պահին ու, առհասարակ, ինչպե՞ս եք տեսնում Արցախի ճակատագիրը:

-Դժվար հարց եք տալիս, քանի որ քաղաքական նման եզրահանգումներ կարող են պետական այրերն անել: Նրանք են կանգնած պետության գլխին, իշխանավորները նրանք են ու նրանք էլ պարտավոր են վճռել, թե ինչ է սպասում, ու ինչ կլինի: Իբրեւ Արցախի անկախության ու ճակատագրի համար մտահոգ մտավորական, արցախցի՝ կարծում եմ, որ այդ հարցը պետք է ընդհանուրի մեջ դիտարկել, հարցի պատասխանն էլ՝ հայության միասնականության մեջ փնտրել: Եթե այդ հարցը Դուք տարբեր մարդկանց առանձին-առանձին հարցնեք, ապա նրանք կդժվարանան պատասխանել, թե ինչպես են պատկերացնում Արցախի վաղվա օրը: Գիտեք, հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի շատ հանրահայտ միտքը հիշեցի այս պահին, երբ ասում է, որ յուրաքանչյուր առանձին թռչուն չի կարող չվել Եգիպտոս, որովհետեւ Եգիպտոսի տեղը չգիտի: Եգիպտոսի տեղը գիտի միայն երամը: Երամը մի մարմին է, որն ունի Եգիպտոսը գտնելու բնազդը: Այդ բնազդը միայն երամինն է: Սա տիպիկ օրինակ է մեր ժողովրդի համար, եւ, այո, առանձին-առանձին անհատները դժվար կարողանան Ձեզ ասել, թե որն է ելքը: Մեր միասնական բնազդով, կարծում եմ, հայ ժողովրդի երամն իր ճանապարհը կգտնի, եւ մենք կգնանք դեպի լուսավոր ապագա:

Սեւակ Վարդումյան




Լրահոս