ԱՐԺԱՆԱՎԱՅԵ՛Լ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի հետեւանքով 5 զոհվածների ընտանիքներին կհատկացվի 1-ական միլիոն դրամ: Երեկ կառավարության նիստում արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը զեկուցեց, որ սողանքի հետ կապված աշխատանքների համար հատկացվել է 65 մլն-ից ավելի դրամ`175 հազար ԱՄՆ դոլար, որից 5 մլն-ը` որպես աջակցություն հատկացվելու է 5 զոհվածների ընտանիքներին, իսկ մնացած գումարն իրականացված աշխատանքների համար է: Տարօրինակ է, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը որոշել է միայն 5 ընտանիքների փոխհատուցում տալ: Այդ դեպքում ի՞նչ անեն սողանքից տուժած մնացած 33 ավտոմեքենաների տերերը, չէ՞ որ նրանք էլ ունեն փոխհատուցման կարիք, քանի որ իրենց սեփականությունը կորցրել կամ վնասել են իրենց կամքից անկախ: Ստացվում է մի տեսակ անարդարացի որոշում. ուրեմն պետք է այդ մեքենաների տերերի հե՞տ էլ ինչ-որ դժբախտություն պատահեր, որ իրենք էլ կարողանային օգտվել փոխհատուցումից:
ՀԱՐՑ. Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Տավուշի եւ Լոռու մարզպետերին հանձնարարել է տուժածների ընտանիքներին նյութական օգնություն ցուցաբերել: Ձեր կարծիքով, ի՞նչ միջոցներով պետք է մարզպետերն օգնություն հատկացնեն տուժածներին, եթե կոնկրետ հատկացում չի եղել: Եւ ընդհանրապես, տուժածների նկատմամբ նման անլուրջ վերաբերմունքն ինչպե՞ս եք մեկնաբանում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես հիմա չեմ ցանկանում կոնկրետ անդրադառնալ այդ թեմային: Ընդհանուր կարելի է ասել, որ մեր իշխանությունը որեւէ քաղաքացու լուրջ աջակցություն չի ցուցաբրել: Եւ այս մեկ միլիոն դրամը ոչինչ չի նշանակում զոհվածների հարազատների կյանքում, այսինքն խոսել, որ մի քանիսը ստանում են աջակցություն, մյուսները ոչ, այս դեպքում այնքան էլ կարեւոր չէ: Պետք է ասեմ, որ որեւէ մեկին չեն աջակցում: Չգիտեմ, թե մարզպետերը որտեղից պետք է հայթայթեն այդ գումարը: Կարծում եմ, կառավարությունը պետք է հատկացներ այն:
Վարդան Հարությունյան
Իրավունքի եւ ազատության
կենտրոնի ղեկավար
ՊԱՏԱՍԽԱՆ. Ճիշտն ասած, ես հիմա չեմ ընթերցել այդ հանձնարարականը, բայց եթե դա արվում է թափանցիկ, իսկապես հասնելու է տուժածներին եւ դրանով չի ավարտվելու այդ գործընթացը, ապա ես այդ քայլը դրական կհամարեմ: Եթե դրանով չի սահմանափակվում, այլ ընդհանուր հարցերի են անդրադառնում, ապա դրական է, իսկ եթե այդքանով սահմանափակվում է, ուրեմն սխալ է: Կարծում եմ, եթե կա խնդիր, ապա պետք է պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ում պատճառով տեղի է ունեցել այս ցավալի դեպքը:
ԱԺ «Ժառանգություն»
խմբակցության անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւի թե մեր կոռումպացված իշխանությունն ավելի լավ գիտի, թե մարզպետերը որտեղից են գումար հայթայթում, հետեւաբար այդ խնդիրը գցել են նրանց վրա: Կարծում եմ, հարցն այլ հարթության մեջ պետք է նայել. անկախ ամեն ինչից` ես կարծում եմ, որ դա պետական հովանավորության ներքո պիտի լիներ: Դժբախտաբար, պետք է ասեմ, որ ուրախ եմ` մահացած մարդկանց ընտանիքներին փոխհատուցում են տրամադրում: Բայց ճիշտ կլիներ, որ բոլորին հատկացվեր այդ փոխհատուցումը, որովհետեւ նրանք եւս հոգեբանական ծանր վիճակի մեջ էին եւ դեռ շարունակում են մնալ:
ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ