2018-ի իշխանափոխության օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենակարեւոր խոստումներից մեկն այն էր, որ իշխանության գալուց հետո կադրային ջարդ չի լինելու: Սակայն իրականում ժամանակը ցույց տվեց, որ դրանք լոկ խոսքեր էին, եւ Փաշինյանի իշխանությունը սկսեց ազատվել նախկինների կադրերից բավական արագ՝ փոխարեն նշանակելով առավել անփորձ մարդկանց: Օրինակ՝ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը վարչության պետերի էր աշխատանքից ազատում: Մարությանը քաղաքապետարանի աշխատակազմը կա՛մ համալրում էր իր դերասան ընկերներով ու նեղ շրջապատի մարդկանցով, կա՛մ նախապատվությունը տալիս «Իմ քայլը» դաշինքի անդամներին։ «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Արարատի, Արագածոտնի, Կոտայքի եւ Շիրակի մարզերում 14 մարդու անհիմն ազատել էին աշխատանքից: «Հեղափոխությունից» անմիջապես հետո իշխանությունը սկսեց զտումներ իրականացնել նաեւ ՊԵԿ-ում: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել էին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը, ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Արտակ Սահակյանը, ՊԵԿ տեղակալ Արմեն Սաքապետոյանը: Սրանք ընդամենը փոքրիկ դրվագներ են այն մասին, թե ինչպես են նոր իշխանությունները պահպանում իրենց խոստումները կադրային ջարդ չիրականացնելու համատեքստում: Ստացվում է՝ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:
Դեռեւս նախորդ տարվա փետրվարի 28-ին Բաղրամյան պողոտայում մեծ աղմուկով սպիտակ վրաններ տեղադրվեցին։ Տեղադրողը գործարար, «Դվին» հյուրանոցային համալիրի սեփականատեր, Ապարանի մերձակայքում ապակեպատ մատուռ կառուցած Արտակ Թովմասյանն էր, որ վրանային իր ակցիայով ասես նոր շունչ էր ուզում հաղորդել «Հայրենիքի փրկության» շարժմանը: Մեծ շուքով տեղադրված ճեփ-ճերմակ վրանները մի քանի օր անց, սակայն, դատարկ էին, ավելին՝ ուժգին քամուց փլվել, ընկել էին: Իսկ դա այն բանի ապացույցն էր, որ դրանցում ո՛չ հերթապահություն իրականացնող կուսակցական կար, ո՛չ էլ՝ դրանց ճակատագրով հետաքրքրվող գեթ մեկ անձ: Ինչո՞վ է այժմ զբաղված Հայաստանը փրկելու հայտ ներկայացրած Արտակ Թովմասյանը, որտե՞ղ է նա ու ինչո՞ւ չկա քաղաքական ասպարեզում: Հարցերը նրա մամուլի քարտուղարին ուղղեցինք, ինչին ի պատասխան՝ վերջինս ասաց, որ մի քանի օրից կարող են պատասխանել, այժմ զբաղված են: «Դվինի» սեփականատերն այժմ էլ, պարզվեց, մշակութային ոլորտում է ուժերը փորձում: Համենայն դեպս այդպես ենթադրել կարելի է, որովհետեւ «Դվինի օդային թատրոն» է պատրաստվում բացել: Իսկ թե ինչքանով այն թատրոնի հետ կապ ունի, այդ մասով մեզ մանրամասներ չհայտնեցին: Նկատենք, որ 2022-ի մայիսից մեկնարկած «Դիմադրություն» շարժմանը Թովմասյանը չէր միացել, վրաններ չէր տեղադրել, Փաշինյանին՝ հրաժարականի 44-օրյա ժամկետ չէր տվել: Թե ինչու էր այդքան կարճ նրա ընդդիմադիր գործունեությունը, կամ երբ նորից ընդդիմադիրի դիրքերից հանդես կգա, ենթադրել կարելի է:
Դատավորները դուրս են եկել ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ, քանի որ, ըստ նրանց, հանձնաժողովը սեւ գիծ է քաշում իրենց մասնագիտական առաջխաղացման եւ կարիերայի վրա։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2022թ. օգոստոսի 5-ին որոշում էր կայացրել 10 դատավորի հանել առաջխաղացման եւ հակակոռուպցիոն մասնագիտացման թեկնածուների ցանկից՝ պատճառաբանելով, որ Հանրապետության նախագահը հուլիսի 22-ին եւ օգոստոսի 1-ին գրություններով առարկություններ է ներկայացրել: Իսկ ովքե՞ր էին զրկվել Հակակոռուպցիոն դատարանում աշխատելու հնարավորությունից։ Նրանք Կարեն Գրիգորյանը եւ Ռիմա Առաքելյանն էին, որոնց անունները հանվել են հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից: Ինչպես նաեւ՝ դատավոր Նաիրա Ավետիսյանը եւ Սյուզաննա Վարդանյանը, որոնց անուններն էլ հանվել են հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնից: Իսկ ինչո՞ւ էր նախագահը դեմ եղել, որ այս դատավորները կարողանային իրենց ցանկալի դատարանում դատավոր նշանակվել կամ աշխատել։ Բանն այն է, որ Հակակոռուպցիոն դատարանում աշխատելու համար կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դատավորների բարեվարքության մասով կարծիք է հայտնում։ Վերոնշյալ դատավորների մասով հանձնաժողովը բացասական կարծիք է հայտնել որոշ դեպքերում, ըստ ցուցակում ներկայացվածների, ոչ պրոֆեսիոնալիզմի դրսեւորման արդյունքում, եւ այդ կարծիքի հիման վրա նախագահը մերժել էր բավարարել այս դատավորների՝ Հակակառուպցիոն դատարանում դատավոր նշանակելու դիմումները: Ու այժմ դատավորները ահազանգում են, որ չեն լռելու եւ դատի են տալու հանձնաժողովին, քանի որ այն օբյեկտիվորեն չի քննել, ավելին՝ իրենց կարիերայի վրա սեւ գիծ է քաշել:
Չնայած Հայաստանում գործազուրկների թիվը գերազանցում է 60 հազարը, սակայն մեր երկրում արդեն մի քանի տարի է, ինչ էժան աշխատուժ են համարվում հնդիկները: Նախորդ տարիներին հնդիկները հայկական գյուղերում ներգրավվում էին հիմնականում ջերմոցային աշխատանքներում: Իսկ ահա վերջին շրջանում նրանք աշխատում են նաեւ շինարարության ոլորտում: Օրինակ` շինաշխատանքներից հայերի մեծ մասը հրաժարվում է, իսկ հնդիկներն այդ աշխատանքն անում են 4-5 հազար դրամով: Իրենք իրենց երկրում սովոր են նման աշխատանքների: Իսկ մեր հայրենակիցներն ուղղակի չեն նախընտրում նման աշխատանքներ կատարել: Բացի այս` հնդիկները փորձում են Հայաստանը անցողիկ պետություն դիտարկել, որ հետո Հայաստանով կարողանան գնալ այլ երկրներ, վիզաներ ստանալ, բիզնես հիմնադրել, ինչ-որ ծառայություններում աշխատել: Օրինակ` նրանց մեծ մասը Հայաստանով նախընտրում է գնալ Արաբական Միացյալ Էմիրություններ: Այսինքն` նրանք Հայաստանում այդքան էլ չեն կուտակվում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստան ժամանել է Հնդկաստանի 9898 քաղաքացի, դուրս եկել՝ 11 հազար 262-ը։ Նկատենք, որ մեր հայրենակիցները գնում են այլ երկրներ, հատկապե ՌԴ, ու հենց շինաշխատանքներ են կատարում, իսկ մեր երկրում այդ հարցում ծուլացել են: Առաջարկվող գումարի դիմաց չեն ցանկանում աշխատել, բայց եւ դժգոհում են, թե աշխատանք չկա: