«ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ԱՆՏԱՌԻ ՏՆԱԿՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով հայկական հեռուստաեթեր կվերադառնա  ամենասիրված եւ սպասված «Կհանդիպենք անտառի տնակում» 2-րդ եթերաշրջանը: Ի դեպ, սիրված հեռուստասերիալի նկարահանումները տեղի են ունեցել Լոռվա Քարինջ գյուղում:

 

ArmLur.am- ի հետ զրույցում սերիալի սցենարիստ Անի Մաղաքյանը պատմել է նոր մանրամասներ հեռուստասերիալի  եւ դերասանական կազմի մասին:

««Կհանդիպենք անտառի տնակում» 2-րդ հեռուստասերիալն այս եթերաշրջանի ամենասպասվածներից է, որովեհտեւ շուրջ մեկ տարի հեռուստադիտողը անհամբերությամբ սպասում է, թե երբ է այն կրկին եթեր դուրս գալու: Այս եթերաշրջանը տարբերվելու է առաջին եթերաշրջանից. այստեղ բոլորովին այլ պատմություն է լինելու: Ունենք նոր հերոսուհի, ում անունը Լիլիթ է. նրա դերը մարմնավորելու է դերասանուհի Մարիամ Ադամյանը: Լիլիթի կյանքն ու  կենսակերպը շատ է տարբերվում իր հասակակիցների կյանքից, դեպքերի բերումով նա հայտնվում է Լեռնաբերդում եւ գյուղի սրտաբաց ու յուրահատուկ բնակիչների շնորհիվ սովորում է կրկին ապրել։ Այս անգամ գլխավոր հերոսը առաջին եթերաշրջանից սիրված Մոսոն է՝ Կարեն Ճաղարյանը»,-ասաց նա։

Իսկ ինչ վերաբերում է առաջին եթերաշրջանի հերոսներին՝ Բեննին եւ Իննային, ապա նրանց հետ, կարելի է ասել, պատմությունն ավարտվել է:  Հերոսները հասան իրենց երջանկությանը, նրանք ամուսնացել են եւ երկրորդ եթերաշրջանի դեպքերի ժամանակ գտնվում են հարսանեկան ճամփորդության մեջ, փոխարենը կտեսնենք Նելլիին եւ Անուշիկին՝ Բենի հերոսի մորն ու քրոջը։ Նրանց շուրջ նույնպես հետաքրքիր դեպքեր են ծավալվում:

Նշենք, որ այս եթերաշրջանում էլ գործողությունները կրկին զարգանում են Լեռնաբերդում։ Նկարահանումները, ինչպես եւ նախկինում, անցել են Լոռվա Քարինջ գյուղում. իհարկե, կան նաեւ նկարահանումներ Երեւանում։

Սերիալում այս անգամ խաղալու են Միկան, Վարուժը եւ Հայկը, որոնք նոր հերոսներ են եւ նոր գույներ են ավելացրել արդեն սիրված նախագծին։ Վարուժի եւ Հայկի կերպարները երկու ընկերներ են հարեւան «Բազմաշեն գյուղից (գյուղի անունը հորինված է), որոնք բախտի բերումով հայտնվում են Լեռնաբերդում ու սրտի կանչով ամեն անգամ վերադառնում այնտեղ։ Միկայի կերպարը շատ եմ սիրում, թեեւ մի քիչ չափազանցված եմ նկարագրել, բայց յուրահատուկ ու հետաքրքիր կերպար է ստացվել, ինչը, կարծում եմ, Միկան ավելի է հագեցրել։ Նախորդ եթերաշրջանից կլինեն Ջուլիա Եղշատյանը, Կարեն Ճաղարյանը, Ալինա Ավետիսյանը, Լիա Զախարյանը, Ռոբերտ Հակոբյանը եւ այլն:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ ԻՐԱՎԻՃԱԿ

ArmLur.am-ի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` սեպտմբերի 1-ի կառավարության նիստում հայտարարությունը  ակադեմիական քաղաքի ստեղծելու եւ հանրապետության բոլոր պետական բուհերը Աշտարակ քաղաք տեղափոխելու մասին, պայթունավտանգ իրավիճակ է ստեղծել  Երեւանի պետական բուհերում:

Մեր տեղեկությունների համաձայն՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ամենեւին էլ  չի կիսում վարչապետի եւ կառավարության նոր նախագիծը՝ բուհերի միավորման հետ կապված, եւ որպեսզի պատասխանատվությունն իր ուսերից գցի, նախարարը հանդիպումներ է փնտրում տարբեր համալսարանների ռեկտորների, պրոֆեսորների հետ  եւ իր դժկամությունն է հայտնում՝ ասելով, որ  նա եւս դեմ է եւ փորձում է ամեն կերպ պայքարել այդ նախագծի դեմ:

Բացի դա, գաղտնիք չէ  Վահրամ Դումանյան-Արայիկ Հարությունյան հակամարտությունը: Ավելին՝ ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ այս վերջին շրջանում նրանց հարաբերություններն է՛լ ավելի են լարվել:

Ասել է թե՝ Վահրամ Դումանայնը ներքին պայքար է սկսել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ՝ փորձելով պատասխանատվությունը գցել կառավարության վրա, որպեսզի ինքը ջրից չոր դուրս գա: ArmLur.am-ը խոսեց նաեւ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ՝ ճշտելու համար վերը նշված տեղեկությունները: Ի պատասխան մեր հարցադրմանը՝ նախարարը նշեց. «Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՎԱՐՏԸ՝ 2023Թ.

2019թ. սեպտեմբերին մեկնարկած Ամարասի վանական համալիրի վերականգնման ծրագիրը այժմ գտնվում է իր վերջին՝ 3-րդ փուլում։

Վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընդհանուր ծավալը շուրջ 420 մլն ՀՀ դրամ է, որից այս պահին արդեն կատարվել է 276 մլն դրամի աշխատանք:

«ԼՈՒՅՍ» հիմնադրամից տեղեկացնում են, որ միայն 2022թ. ապրիլի 15-ից մինչեւ 2022թ. սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպության կողմից իրականացվել են ընդհանուր առմամբ 174մ3 տանիքի բուսահողի քանդում եւ հեռացում, 174մ3 բնահողի մաղում, 258մ2 կոպտատաշ պատերի քանդում եւ վերաշարում, 10 200 գծմ ներքին եւ արտաքին պատերի եւ շեպերի կարանախցում, 950 գծմ ինվենտարային փայտամածերի տեղադրում եւ քանդում, 2.42մ2 ջրհորդանների նոր տաշ ու շար կրաքարից, 17.6մ2 քարե աստիճանների նոր տաշ ու շար:

Հիշեցնենք, որ աշխատանքները վերահսկում է պատմամշակութային հուշարձանների վերականգնման մասնագիտացում ունեցող նախագծային կազմակերպությունը: Ընդհանուր ծրագրի ավարտը նախատեսվում է 2023թ. գարնանը:

Ծրագրի նպատակն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները համալիրի լիարժեք օգտագործման համար՝ նոր շունչ տալով հայ ժողովրդի համար կարեւորագույն պատմամշակութային նշանակություն ունեցող հուշարձանին, որն այսօր կանգնած է Արցախի քրիստոնեական արժեքների պահպանման առաջնագծում:

 

 




Լրահոս