Լոնդոնի կամուրջն ընկել է. Եղիսաբեթ Թագուհու մահվան մասին հենց այս նախադասությամբ հայտարարվեց: Բանալի բառը կամ կոդը դեռ վաղուց՝ նրա մահվանից տարիներ առաջ էր ընտրվել: Հստակ էր նաեւ՝ երբ թագուհին մահանա ու լուրը բրիտանացի ժողովրդին հայտնելու ժամանակը գա, Բուքինհեմյան պալատի դռնից դուրս կգա մի սգավոր մարդ, կանցնի բակն ու առանց որեւէ բառ ասելու «Լոնդոնի կամուրջն ընկել է» հայտարարությունը կկախի սգո շրջանակի մեջ՝ դարպասի վրա. սա հին ու գեղեցիկ ավանդույթ է։
96 տարեկան էր Եղիսաբեթ Ալեքսանդրա Մերի Վինձորը, առավել հայտնի է՝ որպես Եղիսզաբեթ 2-րդ: Նա Բրիտանիայի պատմության մեջ ամենաերկար գահակալած թագուհին էր՝ 70 տարի: Եղիսաբեթ 2-րդը բրիտանական գահին էր 1952 թվականից։ Նրա գահակալման տարիներին միլիոնավոր բրիտանացիներ են ծնվել, ապրել, ապրեցրել ու այն աշխարհ գնացել՝ բրիտանական գահին այդպես էլ այլ միապետի չտեսնելով: Այժմ, երբ թագուհու գահակալումն արդեն անցյալ է, բոլորի մոտ հարց է առաջանում՝ ի՞նչ սպասում այժմ: Մեծ Բրիտանիայում բացարձակապես ամեն ինչ կանգ կառնի. դպրոցներում դասերը կդադարեցվեն, հանրային հաստատությունները կփակվեն, կսգան անգամ պետական ու մասնավոր գրասենյակների աշխատակիցները, բորսան եւ բանկերը կդադարեն աշխատել։ Հեռուստատեսությամբ ու ռադիոյով միայն դասական ու հոգեւոր երաժշտություն կհնչի: Եվ դա ոչ մեկ ժամ կամ մեկ օր. բրիտանացիների սուգն ուղիղ 12 օր կտեւի: Բրիտանական բոլոր լրատվամիջոցները՝ հարգի ու հանրահայտ լրատվական գործակալությունները, տպագիր մամուլը նախապես պատրաստած մահախոսականները կտպագրեն, եւ դա շրջանցել որեւէ մեկը չի կարող, քանի որ թագուհու մահը, թեեւ տխուր, բայց մեծագություն իրադարձություն է ամբողջ աշխարհի համար:
Այսպիսով՝ սուգն առնվազն 12 օր կտեւի։ Կարծում ենք՝ հարկ չկա հավելյալ բացատրելու, որ ժամանակակից աշխարհում նման կանգառը հսկայական ֆինանսական կորուստներ է նշանակում, հատկապես, որ Լոնդոնը ֆոնդային բորսան միլիարդներ կարող է կորցնել։
Ավանդույթի համաձայն՝ թագավորական իշխանությունը երբեք չի ընդհատվում։ Մի միապետի պաշտոնավարման դադարից անմիջապես հետո իրավահաջորդը զբաղեցնում է նրա տեղը։ Այդ իսկ պատճառով սգո օրերին թագավորական դրոշը մյուս դրոշների նման չի խոնարհվում: Միացյալ Թագավորությունն արդեն հայտարարել է՝ Բրիտանիայի նոր թագավորը Չարլզ 3-րդն է: Նա 74 տարեկան է: Թագու մահվան պատճառով կփոփոխվի նաեւ Բրիտանիայի ազգային օրհներգը, դրա «Աստված պահապան թագուհուն» բառերը պետք է փոխարինվեն «Աստված փրկիր թագավորին» բառերով։ Նաեւ նոր՝ թագավորի պատկերով ու նրան նվիրված նոր մետաղադրամներ եւ թղթադրամներ կթողարկվեն, ոստիկանության սաղավարտները նոր մակագրություն կունենան, դրանք այժմ թագուհու անվան սկզբնատառերն են։ Թագուհու պատկերով փոստային նամականիշները շրջանառությունից դուրս կգան:
Թագուհու դիակը Բուքինհեմյան պալատում մի քանի օր կմնա, ինչի ժամանակ մարդիկ կկարողանան Եղիսաբեթ թագուհուն հարգանքի տուրք մատուցել ու վերջին հրաժեշտը տալ:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 8-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ բարձրագույն կրթության համակարգի ուսման վարձերի փոխհատուցման ծրագրի շուրջ՝ մասնակցությամբ ԿԳՄՍ նախարարության պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների, բուհերի եւ միջին մասնագիտական հաստատությունների ղեկավարների:
«Հանրապետության նախագահի ծրագրի հիման վրա, ինչպես նաեւ 2020թ. հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ արդեն 2 տարի է, ինչ գրեթե բոլոր ուսանողները ուսման վարձի փոխհատուցում են ստանում կառավարության կողմից: Այժմ մենք խնդիր ունենք 2022-23 ուստարվա փոխհատուցումների տրամադրման կարգը հաստատելու՝ հաշվի առնելով նախընթաց շրջանի փորձը: Մենք պետք է անվճար կրթության այս մեխանիզմով ապահովենք թե՛ Նախագահի ծրագրի իրականացումը, թե՛ կրթության որակի խթանումը եւ թե՛ սոցիալական երաշխիքների կիրառումը»,- նշել է պետական նախարարը:
Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ համապատասխան նախագիծը գրավոր ուղարկվել է բուհեր, միջին մասնագիտական հաստատություններ եւ բոլոր շահագրգիռ դերակատարներին, իսկ քննարկումն էլ թույլ կտա ունենալ առավել կատարելագործված փաստաթուղթ:
ՓՈԽՎԵԼ Է
Հայաստանի տնտեսական անբարենպաստ իրավիճակը փոխեց Ռուսաստանից զբոսաշրջիկների մեծ հոսքը։ 2022 թվականի բյուջեի նախագծով որոշել է, որ տնտեսական աճը պետք է լինի 7 տոկոս։ Միեւնույն ժամանակ դրա համար հիմքեր չկար, քանի որ բյուջեի նախագծում հիմնականում նշված էին 5-7 տոկոս։ Այս մասին ասել է ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Այդուհանդերձ, կառավարությունը, ինչպես նշեց փորձագետը, չգիտես ինչու որոշել է հայտարարել ու հանրությանը ներկայացնել ամենաբարձր ցուցանիշը։ Սակայն, ըստ Պարսյանի, սա կառավարության կողմից արվող ոչ առաջին եւ ոչ վերջին նման կանխատեսումը չէ։ «Այսպես, կառավարության եւ Կենտրոնական բանկի ուսումնասիրությունների համաձայն՝ որոշվել է կանխատեսումներում հնչած այս տարվա տնտեսական աճի ցուցանիշները նվազեցնել մինչեւ 1,5 տոկոս։ Հետագայում, սակայն, այս ցուցանիշը վերանայվել է՝ կազմելով 3,7 տոկոս։ Հիմա խոսում են 7 տոկոսի մասին»,-պարզաբանեց տնտեսագետը։ Տնտեսական անբարենպաստ իրավիճակը, նրա կարծիքով, փոխեց Ռուսաստանից զբոսաշրջիկների ու վերաբնակեցվածների հսկայական հոսքը։ Ռուսական կապիտալը հոսեց Հայաստան։
«Այս ամենն անշուշտ ազդեց մեր տնտեսական աճի ցուցանիշների վրա։ Մեր տնտեսության համար սա չափազանց անկանխատեսելի դրական երեւույթ էր։ Հայաստանի կառավարությունում ներկայացված տնտեսական բլոկի ներկայացուցիչները չէին էլ կարող երազել այս մասին։ Նրանք չէին կարող նման բան կանխատեսել»,-ասաց փորձագետը։