ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը Հավաքական անվտանգության խորհրդի կազմակերպությանը (ՀԱՊԿ) դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի չորրորդ հոդվածի հիման վրա, որն ասում է՝ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք աջակցություն՝ այդ թվում եւ ռազմական՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումն ապահովելու համար»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա նշեց, որ հայկական կողմը նկատի է ունեցել նաեւ 2021 թվականի մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժումը։ «Սա մենք ֆիքսում ենք որպես քաղաքական նպատակ, որ ագրեսորը պետք է ՀՀ տարածքից դուրս գա»,- հայտարարեց վարչապետը։

Փաշինյանը գոհացուցիչ փաստ անվանեց սեպտեմբերի 13-ին ՀԱՊԿ նիստի գումարումը՝ կարծիք հայտնելով, որ տեղի է ունեցել անկեղծ ու բաց քննարկում։ «Կարծում եմ՝ իրավիճակի գնահատման առումով նվազագույն անհրաժեշտ որոշումներն այս փուլի համար կայացվել են»,- նշեց նա։

Բարձրաձայնելով Հայաստանի քաղաքական դիրքորոշումը՝ Փաշինյանն ասաց. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կա սահման, այդ սահմանը ճանաչված է, եւ այդ սահմանի ճանաչումը վավերացված է երկու երկրների կողմից։ Եթե Ադրբեջանն ասում է, որ այդպիսի բան չկա, ընդհանուր համատեքստում նրա արտահայտած մի շարք դիրքորոշումներ ընդհանրապես զրկվում են իմաստից եւ որեւէ հիմնավորում չեն ունենում»։

Հայաստանը դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին խոսելիս հենվում է իրավական որոշումների վրա։ Վարչապետի խոսքով դա  մեր պետության որդեգրած տրամաբանական դիրքորոշումն է։

«Եթե խոսում ենք քարտեզների մասին, պետք է հենվենք այն քարտեզների վրա, որոնք իրենց հերթին հիմնված են իրավական որոշումների վրա։ Առանց իրավական հիմքի, որեւէ քարտեզ պարզապես գեղանկարչություն է»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա նշեց, որ ուսումնասիրություններ են արվել, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների կամ քարտեզների ինչ իրավական հիմքեր կան։ «Մենք առաջարկել եւ առաջարկում ենք, որ հենց այս սկզբունքով իրականացվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեմարկացիա եւ դելիմիտացիա։ Սա նշանակում է, որ Խորհրդային Հայաստանն ու Խորհրդային Ադրբեջանը բաժանող սահմանները, որոնք, իմիջիայլոց, 1991 թվականին ԱՊՀ ձեւավորման Ալմա-Աթայի հռչակագրով, հետագայում նաեւ համապատասխան համաձայնագրով վավերացվել են խորհրդարանների կողմից, արդեն ճանաչվել են։ Պնդումը, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահման չկա, ճիշտ չէ։ Այդ սահմանը կա եւ այդ սահմանն այսօր խախտված է Ադրբեջանի կողմից, որը երկփուլանի ագրեսիա է իրականացրել. առաջին փուլը՝ 2021 թվականի մայիսի 12-ին, երկրորդը՝  հիմա»,- ասաց Փաշինյանը,  նշելով, որ Ադրբեջանը կոնկրետ ագրեսիա է իրականացրել եւ իրականացնում, եւ Հայաստանը բոլոր դիվանագիտական, քաղաքական, ռազմաքաղաքական մեթոդները պետք է օգտագործի՝ իր տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը պաշտպանելու համար։

 

 

 

 

ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ԿԻՍՎԵԼ

Ղազախստանը պատրաստակամություն է հայտնել՝ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման իր փորձով կիսվել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: Այս մասին ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Թլեուբերդին:

 

 

 

 

ԼԱՉԻՆԸ ԿԳՈՐԾԻ

Լաչինի միջանցքի նոր ճանապարհը, որը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանի հետ, կսկսի գործել 2023 թվականի ապրիլի 1-ից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Վերջին ամսվա ընթացքում ձեռնարկած ջանքերի գլխավոր արդյունքն այն էր, որ ընդհանուր փոխըմբռնում է եղել, կապված նրա հետ, որ Լաչինի միջանցքով նոր ճանապարհը կսկսի գործել 2023 թվականի ապրիլի 1-ից։ Միեւնույն ժամանակ օգոստոսի 30-ից երթեւեկությունն իրականացվում է ժամանակավոր ճանապարհով` շրջանցելով Լաչին քաղաքն ու այլ բնակավայրերը, որոնք գտնվում են միջանցքի հին մայրուղու անվտանգության գոտու սահմաններում», – ասել է դիվանագետը։

 

 

 

 

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Էդրին Նազարյանի ջանքերով ընդունվել է ապրիլի 24-ը՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր դարձնելու օրենսդրական նախաձեռնությունը։ Օրենքը ենթադրում է, որ այսուհետ ամեն տարի ապրիլի 24-ին փակ են լինելու Կալիֆորնիայի համայնքային քոլեջներն ու հանրային դպրոցները, իսկ պետական աշխատողները կունենան վճարվող հանգստի հնարավորություն։

 

 

 

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՍՐԱՑՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրացումը: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը` այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով թուրք բարձրաստիճան պաշտոնյային։

Նա մանրամասնել է, որ բանակցությունները կանցկացվեն Սամարղանդում` Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ընթացքում, որը նախատեսված է սեպտեմբերի 15-16-ը։

 

 

 

 

ԳՈՎԱԶԴ Է ԱՆՈՒՄ՝ ՍԱՀՄԱՆԻ ԴԵՊՔԵՐԻ ՖՈՆԻՆ

Մինչ 18-ամյա պատանիներն ու ժամկետային զինծառայողներն ամեն պահի կյանքի ու մահվան կռիվ են տալիս Հայաստանի սահմանին, «Վիվարո» ընկերության հիմնադիր, տնօրեն Վիգեն Բադալյանը սեփական ընկերությունը գովազդելով է զբաղված: Հազարավոր մարդկանց առցանց խաղատների միջոցով սնանկության հասցրած, շահումով օնլայն խաղերի պատճառով տուն-տեղ վաճառելու պատճառ դարձած ընկերության տնօրենի դարդուցավն այս պահին, փաստորեն, իր ընկերությունը գովազդելն է: Facebook-ի նրա պատին տեղադրված գովազդից, ի դեպ, տեղեկանում ենք, որ հովանավորում է մի փառատոնի, ինչին մասնակցության տոմսի վրա «18+» գրությունը կա (այդ մասին ArmLur.am-ը դեռ մեկ շաբաթ առաջ էր գրել): Մարդու գլխում իսկապես չի տեղավորվում՝ ինչպես, ինչ սրտով է կարողանում հսկայական կառույցի ղեկավարն օրհասական այս օրերին փառատոնի կամ այն գովազդելու մասին մտածել: Երեւանից մի քանի կիլոմետր այն կողմ 18-ամյա տեղաներ են զոհվում, պայմանագրային զինծառայողներ են գերի ընկնում, հակառակորդի մոտ հարյուրավոր դիակներ կան, մարդկանց ճակատագրեր են խեղվում, հայրենազրկվում ենք, իսկ զուգահեռ իրականությունում Մալթայի քաղաքացի, Հայաստանում հարստացած գործարարը «18+» փառատոնն ու իր ընկերությունն  է գովազդում:

 

 

 

ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ՀԱՐՑԸ

Իշխող ուժի քաղաքապետի թեկնածուի՝ Տիգրան Ավինյանի Երեւանի քաղաքապետարան տեղափոխվելն անորոշ ժամկետով հետաձգվել է: Նշենք, որ Երեւանի ավագանու սեպտեմբերի 13-ի նիստի օրակարգում ներառված էր նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը։ Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու վերաբերյալ հարցն օրակարգից հանվել է՝ սահմանային իրավիճակով պայմանավորված: Երեւանի քաղաքապետարանից ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս եւ այլ մի քանի հարցեր անորոշ ժամկետով ավագանու նիստի օրակարգից հանվել են:

 

 

 




Լրահոս