ԽԱԽՏՎԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները եւ այս պահին հավաքագրված փաստերի ուսումնասիրությունը վկայում են, որ  2022 թվականի  սեպտեմբերի 13-14-ին Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց  ձորի մարզերում քաղաքացիական  բնակչությունը եւ  կենսական  հանրային  ենթակառուցվածքները, այդ թվում՝ ուսումնական հաստատությունները,  գտնվել են   ադրբեջանական ԶՈՒ չտարբերակված թիրախավորման ներքո՝ խախտելով քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, միջազգային իրավական ակտերով  երաշխավորված մի շարք  իրավունքներ: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՄԻՊ աշխատակազմից։

 

«Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական հարձակման հետեւանքով խախտվել են երեխաների կյանքի, առողջության, անվտանգ եւ ապահով միջավայրում ապրելու, ընտանիքում  եւ համայնքում ապրելու, անձնային զարգացման ու պաշտպանության եւ մի շարք իրավունքներ: Հատուկ  պետք է ընդգծել, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինտեխնիկայի կիրառումը առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների՝ դպրոց եւ մանկապարտեզ հաճախելու ժամերին:

Ստեղծված իրավիճակում հատկապես տեղահանված համայնքների երեխաները զրկված են կրթության իրավունքի  իրացման հնարավորություններից: Որոշ դեպքերում դպրոցները եւ մանկապարտեզները գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության եւ թիրախավորման ներքո:

Պաշտպանի աշխատակազմի  հավաքագրած տեղակատվությունը վկայում է ուսումնական հաստատությունների ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինատեսակների կիրառման մասին:  Օրինակ՝ վնասվել է Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ուսումնական հաստատությունը:

Այս կապակցությամբ հարկ է արձանագրել, որ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան ուղղակիորեն սահմանում է, որ պատերազմական գործողություններից տուժած երեխաների խնամքի եւ պաշտպանության համար պետք է կիրառվեն հատուկ միջոցներ: Ընդ որում՝ Կոնվենցիան պահանջում է, որ անդամ պետությունները պարտավորվում են հարգել զինված հակամարտություններում երեխաների իրավունքներին վերաբերող միջազգային մարդասիրական իրավունքը:

Այս համատեքստում կարեւոր է եւս մեկ անգամ ընդգծել, որ զինված հակամարտության կամ ռազմական իրավիճակում ռազմական գործողությունների չմասնակցող երեխաների իրավունքները երաշխավորվում են «Քաղաքացիական անձանց մասին» 1949 թ. Ժնեւի կոնվենցիայով, 1977 թվականի հունիսի 8-ի թիվ 1 լրացուցիչ արձանագրությամբ: Երեխաների իրավունքների կոմիտեն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Գլխավոր ասամբլեայի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված փաստաթղթերով  կարեւորվել է ոչ միայն ռազմական գործողությունների ընթացքում երեխաների իրավունքների խախտման անթույլատրելի լինելը, այլ նաեւ այն հետեւանքների կանխարգելման հրամայականը, որն անհրաժեշտ է երեխաների առօրյա կյանքի, նրանց մտավոր եւ ֆիզիկական զարգացման երաշխավորման համար: Այս կառույցների կողմից բազմիցս դատապարտվել է նաեւ ուսումնական հաստատությունների, երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատությունների վրա հարձակումն ու նրանց թիրախավորումը:

Մարդու իրավունքների պաշտպանը եւս մեկ անգամ ընդգծում է, որ երեխաները հատուկ պաշտպանության ներքո են:

Ըստ այդմ՝ Պաշտպանը հրավիրում է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը՝ հստակ արձագանքելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետեւանքով Վայոց ձորում, Սյունիքում եւ Գեղարքունիքում գտնվող երեխաների իրավունքների կոպտագույն խախտումներին եւ  գործնական քայլեր ձեռնարկել դրանց հրատապ վերացման ուղղությամբ»,- նշում են ՄԻՊ աշխատակազմից:

 

 

 

 

ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Ադրբեջանական հրետակոծության հետեւանքով վիրավորում ստացած քաղաքացիական անձանց թիվը հասել է յոթի։

 

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ սեպտեմբերի 15-ի դրությամբ հիվանդանոցներում շարունակում է ստացիոնար բուժում ստանալ չորս քաղաքացիական անձ։

«Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ ծանր, չորրորդինը՝ միջին ծանրության»,-հայտնեցին նախարարությունից՝ հավելելով, որ յոթերրորդ քաղաքացիական անձը ամբուլատոր սպասարկվելուց հետո դուրս է գրվել։ Ավելի վաղ եւս երկու տուժած էր դուրս գրվել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, հայկական կողմը հաստատված 105 զոհ ունի։

Սեպտեմբերի 15-ին՝ կեսգիշերն անց, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել կրակը դադարեցնելու պայմանավորվածություն։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:

 

 

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԱՆՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 00:30-ին, որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով «Սեւան» հիվանդանոց է տեղափոխվել Արարատ Ղազարյանը: Ավելի ուշ իրավապահները պարզել են, որ Սեւանա լճի ափին սեպտեմբերի 14-ին՝ ժ. 23:30-ին, «Արեւիկ» ռեստորանի սրահում վիճաբանություն է եղել, որի ժամանակ Վ. Մ.-ը, իր հետ նախապես վերցրած խոհանոցային դանակով, 1 անգամ հարվածել է Ա. Ղազարյանին:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դանակահարության պատճառը միջադեպի մասնակիցներից մեկի կնոջը անհանգստացնելու հանգամանքն է եղել:

 

 

 

ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դատական դեպարտամենտի ղեկավար Արմեն Հարությունյանն ազատվել է պաշտոնից: Նշենք, որ Արմեն Հարությունյանը ԲԴԽ նախկին նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի մտերիմն է:

Հիշեցնենք, որ Արմեն Հարությունյանը Դատական դեպարտամենտի ղեկավար է նշանակվել 1 տարի առաջ:

Արմեն Հարությունյանը նախկինում եղել է զինվորական դատախազության քննիչ, եւ Գագիկ Ջհանգիրյանը նրա հետ բավականին մտերիմ է եղել: Արդյունքում, Հարությունյանը մեկ տարի առաջ թոշակի անցավ, եւ ահա նախկին դատախազը մեկ տարի անց նոր պաշտոն ստացավ:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 10-ին ՀՀ դատախազի տեղակալ, արդարադատության II դասի պետական խորհրդական Արմեն Հարությունյանը, սեփական դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է։ Արմեն Հարությունյանն աշխատանքից ազատվել է կենսաթոշակի անցնելու կապակցությամբ՝ սեփական դիմումի համաձայն:

2015 թվականի հունվարի 13-ից Արմեն Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն էր:

 

 

ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ՞ ԵՆ

Երեկ Գլխավոր դատախազությունում կոլեգիայի նիստ էր: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժեշտ էր տալիս աշխատակիցներին: Քիչ անց Գլխավոր դատախազություն ժամանեց նորանշանակ դատախազ Աննա Վարդապետյանը եւ ArmLur.am-ը վերջինիս հարց ուղղեց, թե՝ 44-օրյա պատերազմի զոհերի հարազատները արդեն երկու տարի է, ինչ պահանջում են Նիկոլ Փաշինյանին ձերբակալել, արդյո՞ք նա պատրաստվում է ձերբակալել Նիկոլ Փաշինյանին: Վարդապետյանը, հարցին ի պատասխան ասաց, որ այսօր չի պատրաստվում հարցազրույց տալ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս