«ԲԱՆԱԿՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկրորդ օրն է, ինչ ադրբեջանական զորքը նախահարձակ է եղել ու ռազմական գործողություններ է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի գրեթե ամբողջ երկայնքով։ Հայկական կողմի զոհերի ու վիրավորների մասին անձամբ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից։ Այս պահին մոտ 5 տասնյակ զոհերի մասին է հայտնի, վիրավորների թվերի մասին տեղեկություններ չկան։ Երեկ՝ սեպտեմբերի 13-ին՝ Ազգային ժողովի քառօրյա հերթական նիստի օրը, Փաշինյանը գլխավոր ամբիոնից խոսեց պաշտոնական Բաքվի պատկերացրած խաղաղության օրակարգի մասին. ասել, թե մեր երկրի առաջնորդը նոր բան փոխանցեց, անկեղծ չի լինի, բայց, ինչպես միշտ, հակասական հայտարարություններով հանդես եկավ։ Ըստ նրա՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը զենք ձեռք բերելու խնդիր ունի, ու դա ոչ թե ֆինանսների, այլ արտաքին քաղաքականության հետ է կապված։ Նրա կարծիքով՝ երկրներ կան, որ պատրաստ չեն Հայաստանին զենք վաճառել։ 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո թվում էր՝ ՀՀ զինված ուժերը ոչ միայն զենք ձեռք բերելու, այլեւ սահմանները կահավորելու, դիրքերում ամրաշինական աշխատանքներ անելու ու, այսպես ասած, բանակի մեջքն ուղղելու մասով զօրուգիշեր, քրտնաջան ու ինքնամոռաց աշխատանք պետք է տանեն։ Այս երկու օրերի իրավիճակը սակայն ցույց է տալիս, թե իրականում ինչ աշխատանքներ են տարվել։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի հետ։

 

-Պարո՛ն Զաքարյան, 44-օրյա պատերազմից հետո բանակում դրական տեղաշարժեր եղե՞լ են։

-Հայաստանում բոլոր տարիներին իրականացված սոցհարցումների տվյալներով՝ պաշտպանության նախարարությունը մշտապես ունեցել է ամենաբարձր վարկանիշը: Բայց վերջին՝ «Միջազգային հանրապետական ինստիտուտի» կողմից հրապարակված սոցհարցումների տվյալներով անգամ, որով Նիկոլ Փաշինյանն  ու նրա քաղաքական իշխանությունն իրենց լավ են զգում, պաշտպանության նախարարությունը ողբերգական ցածր վարկանիշ ունի: Պաշտպանության նախարարությունը միակը չէ այդ ցուցակում. ցածր վարկանիշ ունեցող կառույցներից է նաեւ արդարադատության նախարարությունը, բայց իրենց որ մնա, ամբողջ օրն արդարադատությունից, պաշտպանվածութունից կամ բանակից կխոսեն:

-Այսինքն, պատերազմից հետո զինված ուժերում որեւէ բարեփոխում չի՞ եղել:

-Ցավոք՝ ոչ։ Ոչ մի բարեփոխում, ոչ մի տեղաշարժ չի եղել: Էական նշանակության որեւէ խնդիր չի լուծվել: Միայն պոպուլիստական, հիմար հայտարարությունններ են հնչել, ու բանակը պառակտող գործընթաց է մեկնարկել: Քաղաքական դավաճանության ամբողջ մեղքը զինվորականության վրա բարդելու փորձեր են եղել։ Ինձ հասած տեղեկություններով՝ շարունակվում են բանակի գնումների  հարցերը, ու տարբեր այլ համակարգերում ամենատարբեր պաշտոնյաներ իրենց ձեռքերը շարունակում են տաքացնել, սեփական գրպանների հարցերը լուծել՝ այդպիսով շարունակելով մսխել ռազմական կարիքները, եւ Նիկոլ Փաշինյանը հասարակությանն ինչքան էլ ասի, իբրեւ թե իր ժամանակ բանակում ամենից շատ ռազմական ծախսերն են արել, ես հստակ ապացուցված թվերով ասել եմ ու շարունակում են պնդել՝ Փաշինյանի ժամանակ ամենամեծ մսխումներն են եղել.  մնացածը թոզ փչոցի է՝ ելակը, ճաշարանները մասնավորին բիզնեսին տալը, առանց հրթիռների «Սու-30»-ները, 3-րդ երկրներից դուրս գրված ու ոչ պիտանի հակաօդային ԿրՈ-ԸԽԾ համակարգերը եւ այլն։ Եթե մի երկրի ղեկավար մեկ տարվա ընթացքում 150 մլն դոլար է մսխում բանակի վրա ու հետո հպարտանում, թե ամենամեծ ռազմական ծախսերն իր իշխանության ժամանակ են կատարվել, ապա ես հարց եմ տալիս՝ ո՞ւր են այդ ծախսերը: 44-օրյա պատերազմի ընթացքում եղե՞լ է գոնե մեկ օր, որ այդ ծախսերն արդացված լինեն. ոչ չի եղել: 44 օր շարունակ բանակը թուրք-ադրբեջանական տանդեմին ու իսլամա-ջիհադիստական խմբավորումների դեմ պայքարել, կռվել, մարտնչել է նախորդ իշխանություննների ժամանակ ձեռք բերած զինատեսակներով: էլ չասեմ, որ 4 միլիարդից ավելի արժողության զենք է գերության տրվել Ադրբեջանին, ու հենց դրանցով էր Բաքվի մոտակայքում հայկական զինատեսակների ցուցահանդես  բացվել: Ալիեւն էլ զարմացել էր, թե Հայաստանին որտեղի՞ց այսքան զենք: Հիմա դուք ասում եք՝ ի՞նչ է փոխվել բանակում. ոչ մի բան էլ չի փոխվել:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՊԻՏ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ

Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ ոտնահարմամբ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիան ուղեկցվում է Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների, քաղաքացիական նշանակության օբյեկտների, այդ թվում՝ ՀՀ տարբեր սահմանամերձ բնակավայրերի դպրոցների, բնակելի տների թիրախավորմամբ, որտեղ առհասարակ գտնվում են երեխաներ, կանայք, տարեցներ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

 

«Հատկապես քաղաքացիական բնակչության, քաղաքացիական նշանակության ենթակառուցվածքների եւ օբյեկտների նկատմամբ Ադրբեջանի այս սանձարձակ եւ հանցավոր վարքագիծը բացարձակ անթույլատրելի է եւ կոպտորեն ոտնահարում է միջազգային հումանիտար իրավունքի հիմնարար սկզբունքները։ Ուստի մարդասիրական արժեքների ջատագով միջազգային հանրությունից պահանջում եմ հասցեական դատապարտող հայտարարություններ՝ ՀՀ սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչության, օբյեկտների եւ ենթակառուցվածքների նկատմամբ Ադրբեջանի այս հանցագործության վերաբերյալ։ Միջազգային օղակները պարտավոր են օգտագործել ողջ գործիքակազմը՝ ի պաշտպանություն ագրեսիվ հարձակման ենթարկված ՀՀ-ի խաղաղ բնակչության իրավունքների, եւ, առհասարակ, միջազգային հումանիտար իրավունքի հիմնարար սկզբունքների։

Պաշտոնական տվյալներով արդեն իսկ քաղաքացիական երեք անձ ստացել է վիրավորում՝ Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի եւ բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետեւանքով։

Ստորեւ ներկայացված են Ադրբեջանի կողմից ՀՀ մի շարք բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքների եւ օբյեկտների նկատմամբ Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների ապացույցները»։

 

 

 

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՕԳՆԵԼ ԵՐԿՐԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկությունների համաձայն՝ երեկ Հակակոռուպցիոն դատարանում ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ   Ստեփան Գալստյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը դատարանի դռնփակ նիստում դատավոր Վահե Դոլմազյանին ասել են, որ պետք է ազատության մեջ լինեն, որ կարողանան երկրին  որեւէ  հարցով օգնել այս  իրավիճակում: Գեներալները այս իրավիճակում շտապում են դուրս գալ:

Ինչպես հայտնի է, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի եւ ՊՆ մյուս պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան: Երեկ  Հակակոռուպցիոն դատարանում առաջին դատական նիստն էր:

Ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։

 

 

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿ

Դեռեւս այս տարվա մայիսին Տիեզերք ուղարկվեց առաջին հայկական արբանյակը: Համենայնդեպս գործադիրը դա հայկական անվանեց ու վստահեցրեց, որ Հայաստանը գիտական ոլորտում լուրջ ձեռքբերում է ունեցել:

Առ այսօր էլ պարզ չէ՝  տիեզերքում ինչ է անում այդ արբանյակը, եթե մինչեւ օրս դրանից ստացված որեւէ լուսանկար կամ տեղեկություն չի հրապարակվել: Եվ անգամ այսօր, երբ աշխարհին ու միաջզգային հանրությանը պետք է ցույց տալ, որ նախահարձակ Ադրբեջանն է եղել ու սադրանք հրահրել Հայաստան-Ադրբեջան սահմանի գրեթե ամբողջ երկայնքով, արբանյակի արած լուսանկար-տեսանյութերից ձայն-ծպտուն չկա:

Իսկ դրա տրամադրած ինֆորմացիան այս պահին ամենապետքականն ու թիրախայինը կարող էր լինել: Հետեւաբար, հարց՝ արբանյակի մասին պատանու խանդավառությամբ արտահայտվող ՔՊ-ականներին՝ ո՞ւր է արբանյակը:

Քաղաքական իշխանությունն արբանյակի մասին, հիշեցնենք, ճառեր էր ասում, ու բանն անգամ նրան էր հասնում, թե այն նույնիսկ մեր սահմաններն է պաշտպանելու. սահմաններ պաշտպանի, հետախուզական տվյալներ հայթայթի եւ այլն, եւ այլն: Իրականությունն ու ճառերը, սակայն, տեսնում ենք՝ ինչքանով են կապվում մեկը մյուսի հետ:

 

 

 




Լրահոս