ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆԳԻՍՏ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստի գլխավոր թեման Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակն էր: «Այսօրվա դրությամբ՝ մեր հաստատված զոհերի թիվը 135 է, բայց, ցավոք, մենք գիտենք, որ այս թիվը դեռեւս վերջնական չէ, ունենք նաեւ բազմաթիվ վիրավորներ», – նախ նշեց Փաշինյանը: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր հերթին նշեց, որ  օպերատիվ իրավիճակն այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ: Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է:

 

«Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հստակ է եւ աներկբա՝ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժած ստորաբաժանումները պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից: Ընդհանուր առմամբ ուզում եմ ընդգծել, որ խոսքը ոչ միայն վերջին օրերի իրադարձությունների մասին է, այլեւ նախորդ տարվա մայիսի 12-ին Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման: Հայաստանի Հանրապետությունն այս դիրքորոշումն է արձանագրել երեկ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումների ժամանակ: Ըստ էության՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դիմումի հիման վրա են քննարկումներ տեղի ունեցել: Երեկ երեկոյան ես եւս մեկ հեռախոսազրույց եմ ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում», – շարունակեց Փաշինյանը, ապա խոսք տրամադրեց նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված մեզ հուզող հարցերին: Մեր նախաձեռնությամբ է տեղի ունեցել քննարկումը: Սա արդեն երկրորդ քննարկումն էր, թեեւ հանրությունը մեծապես տեղեկացված չէ այդ մասին: Երկու օր առաջ տեղի է ունեցել եւս մեկ քննարկում՝ փակ ռեժիմով, եւ, ահա երկրորդը մեր պնդմամբ՝ բաց ռեժիմով, որպեսզի նաեւ ամբողջ աշխարհի մարդկությունը կարողանա հետեւել մշտական, ոչ մշտական անդամ երկրների դիրքորոշումներին:

Քննարկման արդյունքներով փաստաթուղթ առայժմ չի ընդունվել, բայց ուզում եմ հատուկ ընդգծել, որ սա որեւէ կերպ չպետք է նսեմացնի տեղի ունեցած քննարկման կարեւորությունը, որովհետեւ, այնուամենայնիվ, նույնիսկ առանց փաստաթղթի, ըստ էության՝ միջազգային հանրությունը շատ հստակ դիրքավորվել է հարցերի շուրջ: Ես հիմա կթվարկեմ՝ Ձեր թույլտվությամբ: Եվ այսպես՝ ես հարկ չեմ համարում երկիր-երկիր առանձին նշել, բայց երկրների ճնշող մեծամասնությունն ընդգծել է ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը, մինչեւ ներխուժումը տեղի ունեցած դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը, բազմիցս օգտագործվել է «ագրեսիա» եզրույթը: Այսինքն, շատ հստակ ընկալում կա, որ սա ագրեսիա է, ներխուժում է Հայաստանի տարածք, որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր եւ այլն», – նկատեց նա:

«Այնուամենայնիվ, հարգելի գործընկերներ, ես կարծում եմ՝ մենք պետք է արձանագրենք, որ իրադրությունը մնում է լարված, եւ Անվտանգության խորհրդի ֆորմատով քննարկել ենք Հայաստանում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը եւ անհրաժեշտությունը եւ եկել ենք այն եզրակացության, որ այս պահին նման որոշման պետք է չգնանք: Բայց մյուս կողմից՝ մենք բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում, նաեւ կան քաղաքացիներ, ովքեր ասում են, որ ռազմական դրությանն ենք սպասում, որպեսզի մասնակցենք մեր երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությանը: Անվտանգության խորհրդի նիստում դա էլ ենք քննարկել եւ եկել ենք այն եզրակացության, որ եթե կան մարդիկ (հաստատ, կան մարդիկ), ովքեր ուզում են ներգրավված լինել այս փուլում, նրանք կարող են սովորական ընթացակարգով, կամավորության հիմքով դիմել զինվորական կոմիսարիատներ, եւ այդ խնդիրը կլուծվի: Առավել եւս, որ հիմա նախկինում կայացրած որոշումների շրջանակներում եռամսյա հավաքների գործընթացը շարունակական է, ուժի մեջ է, եւ  կան բոլոր օրենսդրական հիմքերը, որոշումները՝ քաղաքացիներին կամավորության հիմունքներով  ներգրավելու ծառայության մեջ», – նշեց նա:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԲԼԻՆՔԵՆԻ ՀԵՏ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված:

Էնթոնի Բլինքենն իր ցավակցություններն է փոխանցել ռազմական գործողությունների հետեւանքով զոհերի կապակցությամբ եւ վերահաստատել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ նպաստելու խաղաղությանն ու երկխոսությանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին: Վարչապետ Փաշինյանը եւս մեկ անգամ ընդգծել է տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարեւորությունը:

 

 

 

ԼՈՒԾՎԵԼ Է

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում վերջին օրերին սրված իրավիճակը լուծվել է Ռուսաստանի շնորհիվ:

«Այժմ լարվածությունն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ որոշակիորեն թուլացել է, քանի որ Ռուսաստանը հանդես է եկել՝ որպես երաշխավոր», – մասնավորապես ասել է նա:

Հռոմի պապը նաեւ համոզված է, որ երկխոսությունն անհրաժեշտ է եւ պետք է միշտ պահպանվի որպես փոխըմբռնման եւ խաղաղության ճանապարհ։

«Երկխոսության հնարավորությունը պետք է տրվի բոլորին, քանի որ միշտ կա երկխոսության միջոցով ինչ-որ բան փոխելու հնարավորություն, երկխոսության ժամանակ կարելի է այլ տեսակետ ներկայացնել, այլապես կփակենք դեպի խաղաղություն տանող վերջին դուռը», – ասել է Հռոմի պապը:

 

 

 

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ

ԱՄՆ-ի հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Նյու Յորքում՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցչությունների մոտ:

Ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Նյու Յորքում Ադրբեջանի, այնուհետեւ Թուրքիայի ներկայացուցչություն: Նրանք այդպիսով իրենց բողոքն են արտահայտել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման դեմ:

Երթի ընթացքում ակցիայի մասնակիցները Հայաստանի կողքին կանգնելու կոչ են հնչեցրել:

Երթի մասնակիցները պարզել են Ապրիլյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմների ընթացքում զոհված զինծառայողների լուսանկարներ, պարզել են՝ «Հեռացրեք Թուրքիային ՆԱՏՕ-ից», «Իմ հայրենիքը խաղաղություն է ուզում», «Շուշին Հայաստան է» եւ այլ գրություններով պաստառներ:

 

 

 

ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ

Հայաստանի կառավարությունը որոշել է Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմական գործողությունների հետեւանքով՝ մշտական բնակության նպատակով ՀՀ տեղափոխված անձանց կենսաթոշակի հարցը լուծել։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է Ուկրաինայի՝ պետական իշխանության մարմինների` ժամանակավորապես իրենց լիազորությունները չիրականացնելու պատճառով կամ հարցում կատարելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում պատասխան չստանալու դեպքում, կենսաթոշակ նշանակող ստորաբաժնում կենսաթոշակի (նպաստի) գործը Ուկրաինայից պահանջել, եւ վճարումը Հայաստանում շարունակել։

Կամ էլ անձին նոր հիմունքներով կնշանակվի կենսաթոշակ կամ նպաստ՝ հիմք ընդունելով նրա ներկայացրած փաստաթղթերը։

 

 

 

 

ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՄԵՐԺԵԼ ԷՐ

Դատավոր Դավիթ Թադեւոսյանը դատի է տվել ԲԴԽ-ին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա պահանջում է Բարձրագույն դատական խորհրդի 04.08.2022թ. ընդունված ԲԴԽ-6-Ո-249/2022 որոշումը՝ Պավել Դավիթի Թադեւոսյանին Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար՝ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից հանելու մասով վերացնելու, եւ, որպես հետեւանք, հայցվորին Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորների պաշտոնում նշանակելու վերաբերյալ՝ ՀՀ Նախագահի առարկությունները չընդունելու մասին որոշումն ընդունված՝ այդ մասին ՀՀ Նախագահին իրազեկելով:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատավորները դուրս են եկել ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ ընդդեմ բարձրագույն դատական խորհրդի: Բան այն է, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը որոշ դատավորների մասով առաջխաղացման կամ հակակառուպցիոն դատարանում դատավոր նշանակվելու գործընթացը մերժել էր: Օրինակ նախագահականի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ որոշ դատավորների ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր դառնալը մերժվել էր, քանի որ ԲԴԽ-ն նրանց դիմումները պատշաճ չէր ուղարկել: Ասել է թե՝ դատավորների գործունեւթյան գնահատման հանձնաժողովի եզրակացությունը դիմումում չէր եղել: Ուստի այդ եզրակացության պատճառով էլ նախագահը դեմ էր եղել, որ այս դատավորները կարողանային իրենց ցանկալի դատարանում դատավոր նշանակվել: Արդյունքում էլ՝ դատավորները ընկել են դատարանի դռները:

 

 

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 16-ին՝  Առավոտյան 08:00-ի սահմաններում, ազգությամբ եզդի  16-ամյա Ազիզ  Աթաշյանը իրենց տան բակի երկաթյա ձողից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։ Անմիջապես  դեպքի  վայր են մեկնել  իրավապահներ. հանգամանքները պարզվում են։

 

 




Լրահոս