ՄԽՐՃՎԵԼ Է ՀՀ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՏԱՐԱԾՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը այցելել է Ջերմուկ, որտեղ բազմաթիվ լրագրողների հետ զրույցում ներկայացրել են մանրամասներ՝ քաղաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

 

«Մենք Ջերմուկում անմիջապես ձեզ ցույց կտանք այն վայրերը, որտեղ հակառակորդը հասցրել է հարվածներ. հարվածների ժամանակ կիրառել է ինչպես ռեակտիվ հրետանի, այնպես էլ հարվածային ԱԹՍ-ներ: «Ջերմուկը՝ որպես առողջարանային կենտրոն, ունի տարբեր պետություններից այստեղ հանգստացող անձնակազմ, սակայն ճոպանուղուն հարվածելու հետեւանքով՝ ներկայումս Ջերմուկում այլ երկրներից ներկայացուցիչներ չեն մնացել:

Ճոպանուղու տարածքում մանկական հրապարակներ կան, քանի որ տարհանում իրականացված չէր Ջերմուկից, ժողովուրդը եւ տարբեր երկրներից հանգստացնողներ գտնվում էին քաղաքում»,- ասաց Էդվարդ Ասրյանը։

«Հարված է հասցվել նաեւ ճոպանուղուն, որը՝ որպես առողջարանային կենտրոն, ունենալով տարբեր երկրներից հանգստացող մարդիկ, այս պահին իր ներսում չունի այլ երկրներից ներկայացուցիչներ: Ճոպանուղու տարածքում մանկական հրապարակներ կան:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, միանշանակ, որպես նշանակետեր ընտրել են նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքները, որովհետեւ Ջերմուկը միջազգային առողջարանային կենտրոն է եւ թիրախավորելով քաղաքի ենթակառուցվածքները՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետապնդել է նաեւ նպատակ՝ լուրջ տնտեսական հարվածներ հասցնել Հայաստանին»,-ասաց նա:

Ջերմուկը այն ուղղությունն է, որտեղ հակառակորդը իր հարձակումների արդյունքում  ունեցել է որոշակի հաջողություններ եւ մխրճվել Հայաստանի ինքնիշխան տարածք 8.5 կիլոմետր լայնության ճակատով, մինչեւ 7.5 կիլոմետր խորությամբ:

«Այդ մխրճումները կատարվել են խմբերով, ջոկատներով, որոնցից որոշները գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաեւ շրջափակումների մեջ։ Ներկա դրությամբ՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկից 4.5 կիլոմետր հեռավորության վրա»,-նշեց նա՝ հավելելով, որ մինչեւ ռազմական գործողությունների սկսվելը հակառակորդը եղել է Ջերմուկից 11-12 կիլոմետր  հեռավորության վրա։

«Մյուս 5 ուղղություններում հակառակորդի ԶՈՒ ստորաբաժանումների հաջողությունները չեն կարող համեմատվել Ջերմուկի ուղղությամբ մխրճման խորությունների հետ, սակայն նաեւ 1-2 կմ մխրճման խորություններ՝ Ներքին Հանդի ուղղությամբ, որոշակի դիրքային առավելություն ձեռք են բերել Շորժայի ուղղությամբ: Մյուս հատվածներում մեզ հաջողվել է հակառակորդին հետ շպրտել: Իշխանասարի ուղղությամբ մոտ կես կմ խորությամբ հաջողություն են ունեցել»,-ասաց ԳՇ պետը:

Ոչ թե հակառակորդը ամբողջ ճակատով հասել է  Ջերմուկի մատուցներ, այլ մի խումբ կտրված իր ստորաբաժանումներից գտնվում է այդ բլրի գագաթի վրա:

«Կենսունակության տեսակետից, եթե այդ խմբին սնուցում չլինի՝ թե՛ սննդով, թե՛ ջրով, հատուկ ստորաբաժանում չլինի, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվ կսպառվեն եւ ստիպված կլինեն այդտեղից դուրս գալ: Այդ խումբը կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից: Այսինքն, մարտավարական իրադրությունը կայուն է, եւ մեր հմուտ գործողությունների արդյունքում՝ այդ խումբը այդտեղից կհեռանա: Թույլ չենք տա, որ ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չի լինի: Այդ խումբը հետ կքաշվի, կմիանա իրենց հիմնական ստորաբաժանումներին, որոնք Ջերմուկից գտնվում են 7-8-10 կմ հեռավորության վրա»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ ջոկատը կարող է լինել 10-12 հոգի, ոչ ավելի:

 

 

 

 

ԶԵՐԾ՝ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ

2022 թվականի՝ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի Հանրապետության` միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքն Ադրբեջանի կողմից ենթարկվել է ռազմական ագրեսիայի։ Հայաստանի Հանրապետությունը փաստացի գտնվում է պատերազմական իրավիճակում. Զինված ուժերը պետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելու համար պայքար են մղում պարտադրված պատերազմում։

 

Այս իրավիճակում Կառավարության անդամները, նաեւ ԱԺ մեծամասնության որոշ պատգամավորներ պարբերաբար խոսում են տեղեկատվական անվտանգության, ԶԼՄ-ների գործունեության` իրավիճակին համապատասխան աշխատանք ծավալելու մասին, սակայն այդ ուղղությամբ որեւէ հստակ քայլ չի կատարվել, թերեւս, բացառությամբ, Տիկ-տոկ սոցիալական ցանցի մասնակի արգելափակումը։

Նկատի ունենալով, որ մեկ առանձին սոցցանցի մասնակի արգելափակումը չի կարող էական նշանակություն ունենալ ապատեղեկատվության, անհարկի, կեղծ օրակարգեր շրջանառող լրատվական հոսքերի կանխման եւ իրավիճակից բխող խնդիրների մասին կարեւոր տեղեկատվության տարածման վրա, կոչ ենք անում ԶԼՄ-ներին` զերծ մնալ ստեղծված իրավիճակին ոչ համարժեք, անկարեւոր իրադարձությունների, սոցցանցերում հայտնի առանձին անձանց (այդ թվում՝ բլոգերների) գործունեության, անձնական կյանքի վերաբերյալ պատմությունների լուսաբանումից, ինչպես նաեւ` երկրում ստեղծված ռազմական սպառնալիքի` փաստացի պատերազմի հետ առնչություն չունեցող, հասարակությանը կարեւոր տեղեկատվությունից շեղող որեւէ գործընթացի լուսաբանումից։

Ստեղծված իրավիճակի հետ աղերս չունեցող տեղեկատվությունն արդյունքում շեղելու է ուշադրությունն ամենակարեւորից` բթացնելով հասարակության ինքնապաշտպանության բնազդը:

ԶԼՄ-ների մեր բոլոր գործընկերներին կոչ ենք անում գործել փաստացի պատերազմական իրավիճակներին հատուկ կանոնների խստագույն պահպանմամբ, տարածել բացառապես հավաստի, բազմակի ստուգված տեղեկատվություն՝ առաջնորդվելով որեւէ պարագայում զինված ուժերի մարտունակությանը չվնասելու սկզբունքով եւ առաքելությամբ։ Այս պայմաններում մեզ պետք է առաջ մղի ոչ թե  մեր մասնագիտական, այլ բանակի, զինված ուժերի հաջողությունն ու դրան նպաստելու գործելակերպը։

ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորում ենք նաեւ օգտագործել իրենց օտարերկրյա գործընկերների հետ մասնագիտական եւ անձնական կապերը՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ հավաստի ու համակողմանի տեղեկատվությունն արտաքին լսարանին հասցնելու եւ միջազգային հանրությանը մեր երկրի նկատմամբ կատարվողին հաղորդակից դարձնելու նպատակով։

Հայաստանի ժուռնալիստների միություն

 

 

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՓՈԽԵԼ ԵՆ

2019թ. հուլիսին   քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ   2019 թվականի հուլիսի 17-ին՝  ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով՝ փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի՝ Իջեւան քաղաքի Երեւանյան ու Իջեւանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը. ժամը 20:30-ի սահմաններում մի խումբ անձինք, խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով Իջեւան քաղաքի բնակիչների եւ  երթեւեկության մասնակիցների նկատմամբ՝ բղավել, հայհոյել են, վնասել նշված խաչմերուկում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի թիթեղյա ծածկը, գործադրել բռնություն: ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր  13 անձ, եւս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն՝ չհեռանալու մասին: 2020թ. հոկտեմբերի 28-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում  է թվով  20 անձի՝ Անդրանիկ Դոլյանի, Անդրանիկ Սահակյանի, Անտոն Օթարյանի, Արտուշ Մատինյանի, Գարսիկ Սիմոնյանի, Էդիկ Ափինյանի, Էրիկ Ափինյանի, Էրիկ Սահակյանի, Թաթուլ Դոլյանի, Մհեր Բաղրամյանի, Մովսես Քարտաշյանի, Նարեկ Մարգարյանի, Ջիվան Ափինյանի, Ռուբիկ Էդիլյանի, Սասուն Սիմոնյանի, Վահագն Ղուկասյանի, Վահե Ղուկասյանի, Վահրամ Ղուկասյանի, Վահրամ Սիմոնյանի, Տիգրան Սարդարյանի, Արթուր Մարգարյանի դատավարությունը։ Նրանք բոլորը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»)։ Նրանց  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը եւ գրավը։ Մեղադրանքը դատարանում պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Վերոհիշյալ անձանց կողմից խուլիգանություն չի՞  եղել, եթե խուլիգանություն չի եղել, ինչո՞ւ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել  այդ մասին, իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հետո  ո՞նց դարձավ ոչ վտանգավոր բռնություն։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս