Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակման օրերին (սեպտեմբերի 13-ին), խորհրդարանում խոսեց Հայաստանի՝ զենք ձեռք բերելու խնդիրների մասին: Ըստ նրա՝ թեեւ Հայաստանը բավարար ֆինանսական միջոցներ ունի, բայց ոչ բոլորն են, որ պատրաստ են մեզ զենք վաճառել: Ասել է թե՝ փող ունենք, բայց զենք առնել չենք կարողանում:
«Մենք կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ն այսօր ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերքը, բայց, բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին»,- խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Սրանից երկու տարի առաջ՝ օգոտստոսի 28-ին՝ Հուլիսյան մարտերիրց անմիջապես հետո, վարչապետ Փաշինյանը, երբ մարտերի մասնակիցներին պարգեւատրում էր 71 «Մարտական խաչով», նաեւ շեշտում էր. «Հուլիսյան հաղթական մարտերն ի ցույց դրեցին հայկական ռազմարդյունաբերության բարձր արդյունավետությունը եւ ապացուցեցին, որ մենք ունենք տեխնոլոգիական համաշխարհային քարտեզի վրա մեր պատվավոր եւ կայուն տեղն արձանագրելու հնարավորություն: Հայաստանի բանակը հասել է մարտավարական աննախադեպ բարձունքի, ինչն էլ ավելի է մեծացնում մեր վստահությունը, որ ունենք տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող՝ մարտունակ եւ ինտելեկտուալ բանակ»:
Ռազմավարական բարձունքներ գրանցած ու աշխարհում իր տեղն ունեցող բանակին (սրանք Փաշինյանի գնհատականներն են), փաստորեն, այսօր հրաժարվում են զենք վաճառել, ու դա արձանագրում է անձամբ երկրի ղեկավարը, որ անգամ բանակի մասին մանիպուլյացիաներ անելով՝ հերթական անգամ ստում է:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խնամքով թաքցնում է իր կենսագրական տվյալները: Բոլորովին վերջերս, հիշեցնենք, հայտնի դարձավ, որ նա դուրս է մնացել հայ-ռուսական սլավոնական համալսարանից, «կտրվել է» քննությունից ու հեռացվել։ Մինչդեռ, ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում մինչեւ այսօր նշված է, թե 2019-ին պատգամավորն ընդունվել է հայ-ռուսական սլավոնական համալսարանի մագիստրատուրա ու դեռ շարունակում է սովորել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի դարպասների առջեւ օրերս իշխանության դեմ հանրահավաք իրականացնողներին «ռազմաճակատ ու սահման» ուղարկելով սպառնացող Ալեքսանյանը թաքցրել է իր կենսագրության մի դրվագ եւս: Նա 2018-ին աշխատել է «Nacho Apart Hotel» հյուրանոցում: Վ. Ալեքսանյանը այս փոքրիկ հյուրանոցում մենեջեր է աշխատել: Այս մասին տեղեկանում ենք նրա մեկ այլ՝ ԿԸՀ-ում ներկայացված կենսագրությունից: Ինչո՞ւ է իշխանական պատգամավորը իր կյանքի այդ դրվագը խնամքով թաքցրել. ամաչո՞ւմ է, որ հյուրանոցում է աշխատել: Նշենք, որ նույն այդ հյուրանոցում Վահագնի հետ աշխատել է նաեւ տիկտոկեր «222lava»-ն՝ անունը՝ Էրիկ: Վերոնշյալ հյուրանոցը, նշենք, հիմնադրվել է 2018-ի իշխանափոխության օրերին՝ մայիսին, ու, ըստ երեւույթին, ընդամենը մեկ կամ մեկուկես տարի է գործել: 2019-ից հետո այդ հյուրանոցի Facebook-յան էջում որեւէ գրառում, հրապարակում կամ նորություն հրապարակված չէ, նշված հեռախոսահամարն էլ անհասանելի է: Հետեւաբար ենթադրել կարելի է, որ այն այժմ չի գործում: Հյուրանոցի մասին, ի դեպ, տարատեսակ կարծիքներ կան: Դատելով լուսանկարներից՝ այն ավելի շատ մոթելի գործառույթ է կատարել՝ «ավանդական» մերսման ծառայություններ առաջարկելով հյուրերից որոշներին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը դիմել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ միությունը գրավոր կամ բանավոր (հստակ ճշտել չհաջողվեց) հարցադրումներ է արել ՀՀ ԱԱԾ-ին եւ սպասում է պատասխաններին: Իսկ ինչից հետո է ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը գնացել այդ քայլին: Բանն այն է, որ սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԱԱԾ սպաների պահեստազորի սպաների միությանը, նրանց անվանել էր «խոպանչիների բրիգադ», ինչպես նաեւ նշել էր, որ նրանցով պետք է զբաղվի ԱԱԾ-ն՝ հասկանալու համար՝ քանի երկրի «շպիոն» են նրանք: Այս հայտարարությունից հետո ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը արձագանքեց, բայց բավականին մեղմ: Միությունում, իրավիճակը գնահատելով, չեն ցանկացել արհեստական օրակարգ մտցված եւ իրենց վերաբերող այդ թեման շահարկման առարկա դարձնել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ միությունը կոնկրետ քայլի է գնացել, եւ հայտարարությունից անմիջապես հետո դիմել են ԱԱԾ: Այս կառույցին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ միությունը գրավոր կամ բանավոր կոնկրետ հարցեր է ուղղել եւ սպառիչ պարզաբանում պահանջել, թե վարչապետի հայտարարության համար ի՞նչն է առիթ եղել, եւ կոնկրետ ո՞ւմ է հասցեագրված եղել ելույթը:«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունից, թե արդյո՞ք դիմել են ԱԱԾ, գրավո՞ր են դիմել, թե՞ բանավոր, սակայն, միությունից հրաժարվեցին պատասխանել՝ նշելով, թե՝ բավարարվեք միության էջում արված հայտարարությամբ: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի իր հետաքննությունը՝ հասկանալու համար՝ ի վերջո ԱԱԾ-ն նման դիմում ստացե՞լ է, թե՞ ոչ եւ, եթե ստացել է, ապա ի՞նչ է պատասխանել:
ՀՀ կրթության տեսչական մարմնի տեսուչները հայտնվել են անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 12-16-ն այս տեսչական մարմնի տեսուչների աշխատանքային այցն է նախատեսված եղել դեպի Վայոց ձորի մարզ: Սակայն սահմանային իրավիճակով պայմանավորված՝ նրանց աշխատանքային այցն ընդհատվել է, քանի որ տեսչական մարմնի տեղակալներից մեկը՝ Նարա Հովհաննիսյանը, զանգել եւ հետ է կանչել՝ ասելով, որ «պատերազմ է»: Տեսուչներն, իհարկե, Երեւան են վերադարձել, սակայն հետո վերադարձի պատճառի մասին բացատրագիր գրելու հետ կապված խնդիրներ են ծագել, քանի որ տեղակալը հրաժարվել է՝ նշելով, որ չի կարող բացատրագրում շարադրել պատերազմի մասին, քանի որ հիմքեր չունի: ՀՀ վարչապետը չի հայտարարել,որ պատերազմ է երկրւմ, հետեւաբար՝ իրավական հիմքեր չկան: Այժմ Վայոց ձորից ժամանակից շուտ վերադարձած տեսուչների բացատրության հարցը մնացել է օդում կախված: «Ժողովուրդ» օրաթերթը, պարզաբանում ստանալու նպատակով, զանգահարեց տեսչական մարմին: Մեր հեռախոսազանգին պատասխանեց տեսչական մարմնի մյուս տեղակալը՝ Ռաիսա Գալստյանը՝ նշելով. «Ուղղակի այդ լրատվությունը լսելով՝ տեսչական մարմնի ղեկավարը անհանգստացել էր. առաջարկել էր տեսուչներին, որ եթե որեւէ բանով կաշկանդված չեն, եւ, եթե որեւէ խնդիր են տեսնում, ապա կարող են վերադառնալ: Տեսչական մարմնի ծառայողները մտածել են, որ եթե մարզում դասերը կան, ապա կարող են չվերադառնալ, բայց բոլոր դեպքերում անհանգստությունը մեծ էր, այստեղ լարված էր իրավիճակը, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը նորից զանգել է, եւ նորից առաջարկել՝ վերադառնան: Նրանք վերադարձել են, եւ տեսչական մարմնում քննարկում ենք իրականացրել, իրենք ասել են, որ չեն տեսնում որեւէ խնդիր ու հիմա նորից հետ են գնացել մարզ»: