ՓԵԼՈՍԻԻ ՋԱՆՔԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումն աջակիցների հետ: Հանդիպումից առաջ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին՝ փորձելով հասկանալ, թե ինչ է սպասվում եւ ինչ ծրագրեր կան:

 

-Տիկի՛ն Գրիգորյան, Դուք մասնակցել եք Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը:  Առհասարակ նրա այցի մասին ի՞նչ կարծիք ունեք: Ի՞նչ է տալու այդ այցը Հայաստանին:

-Ես կարծում եմ, որ Հայաստանը նման բարդ իրավիճակում իր բոլոր գործընկերների հետ պետք է ճիշտ քաղաքականություն վարի: Պետք է շեշտադրում կատարի այն բոլոր կետերի վրա, որտեղ  հատվում են մեր շահերը: Կարծում եմ, որ Ներկայացուցիչների պալատի  նախագահի՝ Նենսի Փելոսիի, այցը շատ կարեւոր էր  մեզ համար, եւ մենք պետք է օգուտ ստանանք, ոչ թե ակնկալենք, որ շահեր պետք է բախվեն եւ կտրուկ արկածախնդրության պետք է գնալ եւ այլն: Տիկին Փելոսիի եւ պատվիրակության  հետ հանդիպման ժամանակ մենք խոսել ենք Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած խնդիրների մասին եւ անդրադարձ ենք կատարել Արցախյան հիմնախնդրին, նաեւ Մինսկի խմբի համանախահգահության կարեւորության հարցն ենք քննարկել: Այսինքն,  այն բոլոր հարցերն ենք քննարկել, որոնք այս պահին  կան մեր երկրում, եւ կարիք ունեն բարձրաձայնվելու: Տիկին Փելոսին շատ բաց խոսել է եւ ասել, որ պատրաստակամ է՝ ավելի խորացնելու Հայաստան Ամերիկա հարաբերությունները: Պետք է հասկանալ, թե ինչ օրակարգ կա, որի վրա կարելի է շեշտադրում կատարել եւ առաջ գնալ:

-Իր հայտարարությունից հետո այդ օրակարգը արդյո՞ք տեսանելի է, եւ, իհարկե, հաշվի առնենք Բաքվից եկող հայտարարությունները:

-Բաքուն, բնական է, որ պետք է կտրուկ արտահայտվեր, քանի որ տիկին Փելոսին եւ ամերիկյան կողմը առաջին անգամ չէ, որ հստակ դիրքորոշում են հայտնում, որ Ադրբեջանն է  հարձակվել եւ ագրեսիան սանձազերծել: Թիրախային հայտարարություններից հետո բնական է Բաքվի նմանատիպ արձագանքը: Մենք բարձր ենք գնահատում տիկին Փելոսիի եւ ԱՄՆ-ի նման դիրքորոշումը եւ վերջին օրերին իրենց ունեցած ջանքերը՝ հրադադարի  ձեռքբերման եւ պահպանման առումով:

-Դրան զուգահեռ վերջին օրերին  տեսնում ենք հակառուսական հայտարարություններ, ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր: Այս զուգահեռ  իրականությունը ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Ես կարծում եմ, որ դրանք առավել էմոցիոնալ բնույթի հայտարարություններ են: Մի բան է ռացիոնալ վերլուծել ու հասկանալ, որ ՀԱՊԿ-ը չի գալու քեզ օգնության, մի բան է կտրուկ քայլերով դուրս գալ եւ չհաշվարկել ռիսկերը: Եթե մեկն ինձ հիմա բացատրի, որ ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո հաշվարկված են բոլոր ռիսկերը, եւ կանխվում են բոլոր վտանգները, ես կսկսեմ քննարկել: Այս պահին ես չեմ տեսնում, որ այդ ուղին հստակ է, եւ դուրս գալուց հետո հնարավոր է բոլոր ռիսկերը եւ վտանգները կոմպենսացնել:

-«Հայաստան» դաշինքի  կամ «Հայաստան» խմբակցության  հետագա անելիքների հետ կապված՝ այսօր պարոն Քոչարյանը հանդիպում է ունենում իր համակիրների հետ. ի՞նչ զարգացումներ սպասենք:

-Պարոն Քոչարյանը իր համակիրների հետ հանդիպումներ պարբերաբար է ունենում եւ, եթե հիշում եք,  մի քանի օր առաջ համակիրները մոտեցան եւ ցանկություն հայտնեցին հանդիպման. այժմ այդ հանդիպումը կայանում է: Քննարկվելու են այն բոլոր հարցերը, որոնք այս պահին հուզում են մեր հայրենակիցներին, եւ քննարկումից բացի, ուղիներ են փնտրվելու՝  ինչպես ավելի արագ եւ հեշտ լուծենք այդ խնդիրները:

_Իսկ հետագա անելիքների մասի՞ն:

-Դրանց մասին մենք բազմիցս հայտարարել ենք: Հանրահավաք լինելու է այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը լինի: Խորհրդարան գնալու ենք բացառապես օրակարգով: Որեւէ փոփոխություն չկա մեր հայտարարության մեջ:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

 

ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԿՄԵԿՆԵՆ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոյանի դեռեւս սեպտեմբերի 14-ին ստորագրված որոշումներով՝ խորհրդարանական ընդդիմադիր ու իշխանական պատգամավորները գործողումների կմեկնեն:

 

Այսպես՝ 2022-ի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը ճանաչողական այցով Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն) կգործուղվեն ՔՊ-ական պատգամավորներ՝ Հռիփսիմե Գրիգորյանը, Լիլիթ Մինասյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոեւան: Պատգամավորների հետ Ստոկհոլմ կմեկնեն ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, վերջինիս տեղակալ Հեղինե Խաչիկյանը, ԱԺ նախագահի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետ Լիդիյա Մնացականյանը, նույն վարչության պետաիրավական փորձաքննության բաժնի պետ Զեմֆիրա Հովասափյանը, ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնի պետ Արթուր Թամազյանը, Աժ օրենսդրական մոնիտորինգի բաժնի պետ Արուսյակ Քանանյանը, սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնի պետ Լիլիթ Մարկոսյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Արտակ Գալստյանն ու պետաիրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Մարիետտա Մնացականյանը:

Իսկ 2022 թվականի հոկտեմբերի 11-14-ը ՔՊ-ական Բաբկեն Թունյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Տիրանա՝ Ալբանիայի Հանրապետություն կգործուղվեն՝  մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Նրանց հետ մեկտեղ Ալբանիա կմեկնի նաեւ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Էվաջյանը:

ArmLur.am-ը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանին ու Զեմֆիրա Միրզոեւային հարցրեց՝ պատրաստվո՞ւմ  են գործուղման մեկնել: Երկուսն էլ դրական պատասխան տվեցին:

Նշենք, որ ըստ ԱԺ կայքում տեղադրված որոշման՝ Ստոկհոլմ այցի գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, իսկ Տիրանա այցի միայն գիշերավարձի վճարումն է հրավիրող կողմը կատարելու:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի մի քանի համայնքներում տեղի են ունենալու Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Համայնքի ղեկավար են ընտրելու նաեւ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ համայնքում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այստեղ առաջադրվել է մեկ կուսակցություն միայն՝ գործող համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի գլխավորությամբ: Նա առաջադրվել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ցուցակով: Ստացվում է՝ անգամ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը թեկնածուներ ունի գրեթե բոլոր վայրերում, որոշել է ընտրությունների չմասնակցել սահմանամերձ Ճամբարակում. այնտեղ վտանգավոր է քարոզարշավ իրականացնել: Արդյունքում ստացվում է՝ Վազգեն Ադամյանը պայքարելու է ինքն իր դեմ: Իսկ ո՞րն է պատճառը. թերեւս իշխող կուսակցությունը չի ցանկանում համայնքի ղեկավար ունենալ սահմանամերձ համայնքում, այն էլ՝ Ճամբարակում, որը նաեւ հեռու է, խնդիրները շատ են, եւ ինչպես Նիկոլ Փաշինյանը բնորոշում էր Շուշին՝ դժգույն, դժբախտ: Մինչդեռ հենց երեկ իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր մարզերի համաչափ զարգացման, սահմանամերձ համայնքների բնակիչների կողքին լինելու կարեւորության մասին: Ինչպես միշտ, այս հարցում էլ, իրականությունն ու խոսքերը տարբեր են:

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների հանաձայն՝ նախկին պատգամավորի՝ դատախազ եղբոր գործով պարեկին մեղադրանք է առաջադրվել:

Հիշեցնենք, որ Armlur.am-ը գրել էր, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանին հրավիրել են քննչական կոմիտե՝ հարցաքննության:

Ինչպես հայտնի է, օրերս Ավագ Դատախազ Էդգար Պետրոսյանը պարեկների հետ հայտնվել էր միջադեպի կիզակետում: Պարեկները պնդում են, որ նա հայհոյանքներ է հնչեցրել, բռնություն է կիրառել, այդ պատճառով են իրենք դատախազին բռնությամբ ձերբակալել: Մինչդեռ համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ Էդգար Պետրոսյանը, իր տան բակում կանգնած, զրուցում է, եւ պարեկները, արցունքաբեր գազ կիրառելով, նրան ձերբակալում են:

Ինչեւէ, միջադեպ արձանագրվել է, պարեկների կողմից նա ձերբակալվել է, բայց ազատ է արձակվել, քանի որ հսկող դատախազը համարել է, որ ձերբակալումը ոչ իրավաչափ է եղել։

Ի դեպ տեղեկություններ էին տարածվել, որ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եղբոր վարած մեքենան պարեկները կանգնեցրել են այն պատճառով, որ այն վարել է հարբած վիճակում։

Այսպիսով, միջադեպի մասով քրեական վարույթ է նախաձեռնված, եւ քննչական կոմիտեն դատախազին եւ պարեկներին հարցաքննության է հրավիրել եւ հարցաքննել: Ավելին, ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ առաջիկայում դատախազ Էդգար Պետրոսյանն ու պարեկները կառերեսվեն:

 

 

 




Լրահոս