Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության հեղինակած «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը, որը միտված է փաստաբանական համակարգի բարեփոխմանը։
ԱԺ-ից հայտնում են, որ նախագծով առաջարկվում է որոշակիորեն վերանայել փաստաբանների պալատի ներքին կառավարման կառուցակարգը, որի արդյունքում նախատեսվում է ստեղծել նոր մասնագիտացված մարմին՝ կարգապահական հանձնաժողովը, որն ունենալու է փաստաբանների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերը քննելու իրավասություն, ինչը հնարավորություն է տալու ապահովել նման գործերի առավել պատշաճ քննությունը: Ըստ էության՝ նախատեսվում է նաեւ կարգապահական գործերի քննության երկաստիճան համակարգ, քանի որ կարգապահական հանձնաժողովի որոշումները հնարավոր կլինեն բողոքարկել փաստաբանների պալատի խորհրդին:
Նախատեսվում է ընդլայնել նաեւ խորհրդի լիազորությունները, հատկապես՝ հանրային պաշտպանների գործունեության բնագավառում. օրինակ՝ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին նշանակելիս խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք կունենա առաջադրել իր թեկնածուին, խորհրդին իրավասություն կվերապահվի սահմանել հանրային պաշտպանի գրասենյակի տարեկան կատարողական ցուցանիշները, ստուգել եւ գնահատել հանրային պաշտպանների գործունեությունը: Նույն սկզբունքով վերանայվում է փաստաբանական դպրոցի կառավարման համակարգը, որտեղ տնօրենը կնշանակվի՝ դրա կառավարման խորհրդի բոլոր անդամների կողմից թեկնածու առաջադրելու սկզբունքով:
Փաստաբանների պալատի մարմինների գործունեության արդյունավետության ապահովման նպատակով՝ նախատեսվում են նաեւ այդ մարմինների անդամների անհամատեղելիության պահանջներ, երբ մեկ մարմնի անդամը կամ պալատի պաշտոնատար անձը միաժամանակ չի կարողանա պաշտոնավարել պալատի այլ մարմնում, ինչպես նաեւ սահմանվում են պալատի նախագահի եւ խորհրդի անդամների` քաղաքական չեզոքություն ու զսպվածություն դրսեւորելու պահանջներ: Նախատեսվող պահանջները կնպաստեն փաստաբանության մասնագիտական անկախության ամրապնդմանը:
Նախագծով առաջարկվող հաջորդ կարեւոր ուղղությունը վերաբերում է անվճար եւ անհատույց իրավաբանական օգնության կառուցակարգերի զարգացմանը: Մասնավորապես, առաջարկվում է ընդլայնել հանրային պաշտպանության շահառուների շրջանակը՝ դրանում նախատեսելով նաեւ.
– օտարերկրացիներին՝ արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկելու գործերով,
– անձանց, ում վերաբերյալ իրականացվում է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու, անգործունակ ճանաչված քաղաքացուն գործունակ ճանաչելու կամ քաղաքացու գործունակության սահմանափակումները վերացնելու գործերի վարույթ, ինչպես նաեւ
– տուժողներին, եթե վերջիններս պարտադիր ժամկետային զինծառայող են կամ մինչեւ 16 տարեկան երեխա:
Միեւնույն ժամանակ նախատեսվում են խրախուսանքի միջոցներ այն փաստաբանների համար, ովքեր կամավոր՝ անհատույց կերպով, իրավաբանական օգնություն են տրամադրում անձանց, ինչպես նաեւ նախատեսվում են նման օգնության տրամադրմանը նպաստող եւ դրա մասին կամավոր հաշվետվողականության վերաբերյալ կառուցակարգեր:
Նախագծով առաջարկվում են նաեւ փոփոխություններ, որոնք ուղղված են փաստաբանների որակավորման կարգի վերանայմանը: Այսպես, ի տարբերություն ներկայումս գործող կարգի, երբ որակավորման քննություններին կարողանում են մասնակցել միայն փաստաբանական դպրոցում համապատասխան ուսուցում անցած անձինք, նախագծով սահմանվում է, որ առանց փաստաբանական դպրոցում ուսուցում անցնելու՝ փաստաբանի որակավորման քննությանը կկարողանան մասնակցել.
– միաժամանակ իրավագիտության բակալավրի եւ իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճաններ կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան եւ իրավաբանի` առնվազն յոթ տարվա մասնագիտական ստաժ ունեցող անձինք,
– նախկինում առնվազն հինգ տարվա փաստաբանական գործունեության ստաժ, ինչպես նաեւ առնվազն հինգ տարվա քննիչի, դատախազի կամ դատավորի մասնագիտական ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող անձինք:
Նախագիծը մշակվել եւ ներկայացվել է փաստաբանական համայնքի հետ լայն կոնսենսուսի արդյունքում:
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻ
Գյումրու Շիրակացի փողոցի շենքերից մեկում երեկ՝ սեպտեմբերի 20-ին, հայտնաբերվել է 60-ամյա կնոջ դի՝ պարանոցի շրջանում սուր-կտրող ծակող առարկայից ստացած հարվածի հետքերով։ Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից։
Ոստիկանությունից հայտնեցին, որ ահազանգը ստացվել է երեկ՝ ժամը 11։50-ին։
Դեպքի առնչությամբ ընթանում է քննություն։
60-ամյա կինը աշխատում էր Գյումրու Սովխոզի մանկապարտեզում՝ «Հենզել եւ Գրետել» ՀՈԱԿ-ում՝ որպես հավաքարար։
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Օգոստոսի 20-ին՝ ժամը 20:50-ին, «Կապան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած, թափանցող վերք՝ թոքի վնասումով, պնեւմոթորաքս ախտորոշմամբ տեղափոխվել է 32-ամյա երիտասարդ:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել էին, որ Կապան քաղաքի երաժշտական դպրոցի հարակից զբոսայգում անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել էր հասակակից համաքաղաքացին:
Ոստիկանությունից հայտնում են, որ նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Բացատրական աշխատանքի արդյունքում Կապան քաղաքի 32-ամյա բնակիչը ներկայացել էր բաժին:
Նա ձերբակալվել, այնուհետեւ կալանավորվել էր:
Դանակահարված երիտասարդը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Սեպտեմբերի 19-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 21-ին բուժօգնության տեղափոխված 32-ամյա Սուրեն Ո.-ն մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է:
ԾԵԾԿՌՏՈՒՔ
Ուշագրավ դեպք Աջափնյակ վարչական շրջանում. ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ վարչական շրջանի առաջին շղթայի բակերից մեկում պարեկների եւ մի քանի տղաների հետ ծեծկռտուք է եղել: Բանը հասել է այնտեղ, որ պարեկները 16-րդ թաղամասի բակով մեկ փորձել են բռնել պարեկների վրա հարձակված տղաներին եւ բղավել. «Կանգնի, թե չէ կկրակեմ»:
Իսկ ինչից է սկսվել վեճը: ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ բակում մեկ մեքենա կանգնել է անթույլատրելի վայրում, եւ պարեկները փորձել են, ազդանշան տալով, գտնել վարորդին, ինչը զայրացրել է բակի մի խումբ «լավ տղաների», որից հետո սկսվել է քաշքշուկ, կիրառվել է արցունքաբեր գազ: Մեզ հայտնի դարձավ, որ դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, կան բերման ենթարկվածներ:
ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԿՆՈՋԸ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ծանր վիրավորանքի համար քաղաքացիները շարունակում են ենթարկվել պատասխանատվության: Մեզ հայտնի դարձավ, որ Ալիտա Ալչանգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ֆեյսբուք սոցիալական հարթակի «Գարիկ Գալստյան» անվամբ օգտատիրոջ 2022 թվականի մարտի 15-ի՝ էդուարդ Աղաջանյանը չի բացառում Արցախը Ադրբեջանի կազմում. «Այդ գործընթացը կքննարկվի», հրապարակման մեկնաբանություններ բաժնում իր անձնական՝ Ալիտա Ալչանգյան էջով անձի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ հրապարակային այլ եղանակով բռնություն գործադրելու հրապարակային կոչ պարունակող մեկնաբանություն է կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ՝ էդուարդ Արթուրի Աղաջանյանի լուսանկարի ներքո՝ մեկնաբանություններ բաժնում նշելով՝ «Եթե չենք կարողանում մարդավարի հեղափոխություն անել գոնե սրանց նմաններին հատիկ- հատիկ վերացնել կարող ենք»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է
Օգոստոսի 4-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աբովյան քաղաքի գերեզմանատնից գողացել են ազգականների գերեզմանոցի զարդանախշերը: Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 17-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի հարակից գերեզմանատնից գողացել են նշված գերեզմանոցի ցանկապատի դյուրալյումինե զարդանախշերը: Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ: Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Երեւանի Դավիթ Բեկի փողոցի 49-ամյա բնակիչը բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 19-ին ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին: Նա խոստովանել է, որ գողություններ է արել նաեւ այլ գերեզմանատներից: 49-ամյա տղամարդը ձերբակալվել եւ ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին: Քրեական վարույթը շարունակվում է: