ԱՏՈՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում կայացավ Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի շահագործումից հանելու եւ ռադիոակտիվ թափոնների (ՌԹ) կառավարման նախապատրաստման հարցերով տեխնիկական սեմինար: Միջոցառման կազմակերպիչներն են Ռոսատոմի «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը, որը նաեւ հանդիսանում է միջուկային օբյեկտների ապամոնտաժման ռուսական միջուկային արդյունաբերության ու միջուկային ժառանգության վերացման ԱՊՀ-ի երկրների բազային կազմակերպությունը եւ «Ռուսատոմ-Միջազգային ցանց» մասնավոր հաստատությունը։

 

Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Հայկական ԱԷԿ-ից` տնօրեն Մովսես Վարդանյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ռուսական միջուկային արդյունաբերության կազմակերպությունների մասնագետներ «ՏՎԷԼ» ԲԸ-ից, «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ից, «Ռուսատոմ-միջազգային ցանց» ՄՀ-ից, Միջուկային եւ ճառագայթային անվտանգություն գիտատեխնիկական կենտրոնից։

Սեմինարի մասնակիցները դիտարկեցին Մեծամորի Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի շահագործումից հանելու նախապատրաստման խնդիրները, ինչպես նաեւ էլեկտրակայանի տեղամասում ռադիոակտիվ թափոնների կառավարման համակարգի արդիականացման հնարավորությունները՝ հաշվի առնելով 2018թ. հաստատված ու համաձայնեցված միջոցառումների ծրագիրը։ Մասնակիցները քննարկեցին թափոնների վերամշակման համալիրի արդիականացման հնարավոր համատեղ ծրագրերը, կայանամերձ պահեստարաններից ռադիոակտիվ թափոնների դուրսբերումը, ինչպես նաեւ թափոնների թաղման օբյեկտների կառուցման հեռանկարները:

Ինտեգրատորի մասնագետները ներկայացրեցին «Ռոսատոմի» տեխնոլոգիական լուծումները թափոնների վերամշակման համալիրների նախագծման ու կառուցման համար, ինչպես նաեւ միջուկային ժառանգության օբյեկտների շահագործումից հանելու իրականացված նախագծերի օրինակներ։

«Ատոմային էներգետիկան երկար կյանքի ցիկլ ունի՝ օբյեկտի գործարկումից մինչեւ շահագործումից հանելը կարող է տեւել 60-80 տարի, ուստի ընդունված որոշումները պետք է նախագծվեն մի քանի տասնամյակ առաջ: Այդ իսկ պատճառով սեմինարի ընթացքում մենք քննարկել ենք շահագործումից հանելու եւ ՌԹ-ի կառավարման հետ կապված հարցերի լայն շրջանակ, ներառյալ ենթակառուցվածքների զարգացման ու հեռացման խնդիրները: Սա հնարավորություն է տալիս վստահ լինել ատոմային էներգիայի զարգացման վերաբերյալ կայացված որոշումների կայունությանը եւ երկարաժամկետ հեռանկարում նվազեցնել ընդհանուր ծախսերը: Բացի ռազմավարական խնդիրներից, մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել Հայաստանում ռադիոակտիվ թափոնների կառավարման ոլորտում հրատապ խնդիրների լուծմանը»,-ասաց «ՏՎԷԼ» ԲԸ-ի շահագործումից հանելու ծրագրերի ղեկավար Էդուարդ Նիկիտինը։

Սեմինարի մասնակիցներն այցելեցին նաեւ Հայկական ԱԷԿ, որտեղ ծանոթացան էներգաբլոկների վիճակին եւ ատոմակայանում ներդրված ՌԹ կառավարման համակարգին։

Միջուկային օբյեկտների շահագործումից հանելու ոլորտում նախագծերի իրականացումը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար ունի բարդ սիներգետիկ ազդեցություն ինչպես բնապահպանական, այնպես էլ տեխնոլոգիաների զարգացման ու տնտեսական արդյունքների առումով:

 

 

 

ՊԱՌԱԿՏԵԼ ԵՆ

Սեպտեմբերի 25-ին կկայանան Բերդ խոշորացված համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրությունները։ Ընտրություններին  մասնակցում են  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Արդարություն»  կուսակցության  եւ «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցության  ստեղծած դաշինքը՝ «Արժանապատիվ սերունդը», «Իմ հզոր համայնք» եւ Վահան Բաբայանի «Ռեֆորմիստների» կուսակցությունների կազմած դաշինքը՝  «Զորավոր համայնքը»։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու 58 թեկնածուներից 5-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապահներ են, եւս 2 թեկնածու՝ այդ անտառտնտեսության անտառապետ եւ տեղամասի պետ։ Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն Ավետիք Ադամյանի որդին՝ Խորեն Ադամյանը Բերդ խոշորացված համայնքի Չինչին բնակավայրի վարչական ղեկավարն է: Բերդ խոշորացված համայնքի գյուղերի վարչական ղեկավարները սեպտեմբերի 25-ի ընտրություններում ընդգրկված  են «Զորավոր համայնք» դաշինքի թեկնածուների ցուցակում։ Խորեն Ադամյանը եւս  այդ դաշինքին է սատարում, սակայն ավագանու թեկնածու չէ, քանզի նախկինում գրանցված է եղել Երեւանում, Բերդ համայնքում նրա  գրանցման ժամկետը չի բավարարում ավագանու թեկնածու առաջադրվելու համար։ Բերդ համայնքից հայտնեցին,որ  ՔՊ-ական իշխանությունը լրացուցիչ հաստիքներ է  իջեցրել Արծվաբերդի անտառտեսություն, այնտեղ աշխատանքով ապահովել մարդկանց, որոնք հետո  առաջադրվել են ավագանու թեկնածուներ։ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը, հանրությունը պառակտեց, բաժանեց հեղափոխականներ-նախկինների, սպիտակներ-սեւերի, Բերդում ավագանու ընտրությունների  հետ կապված   Արծվաբերդի անտառտնտեսության աշխատակազմում էլ   բաժանարար գիծ է  քաշել։

 

 

 

ԴԱՏԻ Է ՏՎԵԼ

Երբեմնի հզոր Իջեւանի բենտոնիտի  կոմբինատը աշխատում է քիչ հզորությամբ,  ընդհատումներով։ Սեփականաշնորհվելուց հետո կոմբինատը բազում  տերեր է փոխել, այն  վերջին տարիներին պատկանում է ծնունդով Ջավախքից գրող, հասարակական գործիչ Օքրո  Օքրոյանի՝ ռուսաստանաբնակ  գործարար որդիներին։ Կոմբինատի սեփականության հետ կապված քաղաքացիական հայց է քննվում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում։  Արսեն Միքայելի Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Իջեւանի Բենտոնիտ Կոմբինատ» ԲԲԸ-ի ՝  խնդրելով անվավեր ճանաչել  բաժնետերերի 2021թ. մայիսի  31-ի  ժողովի որոշումը, որպես հետեւանք՝ անվավեր ճանաչել «Իջեւանի Բենտոնիտ Կոմբինատ» ԲԲԸ-ի կողմից Արսեն Հարությունյանին պատկանող բաժնետոմսի հետգնումը եւ վերականգնել Արսեն Հարությունյանի սեփականության իրավունքը  «Իջեւանի Բենտոնիտ Կոմբինատ» ԲԲ ընկերության՝ թվով 2404 հատ, յուրաքանչյուրը 7237 ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ անվանական ոչ փաստաթղթային բաժնետոմսերի նկատմամբ, ինչպես նաեւ անվավեր ճանաչել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից 2021թ. մայիսի 31-ի  ժողովի որոշման հիման վրա կատարված կանոնադրության փոփոխությունը:  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի քաղաքի նստավայրում սույն քաղաքացիական հայցով նախնական դատական նիստեր են կայանում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է սեպտեմբերի 21-ի առավոտյան «Եռաբլուրում» կատարված միջադեպին.

«Երեկ առավոտյան զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ «Եռաբլուրում» Ոստիկանության «կարմիր բերետավոր» ծառայողների բացարձակ անթույլատրելի վերաբերմունքը եւս մեկ ապացույց է, որ մեր երկրում կա որոշում կայացնողների եւ կատարողների արժանապատվության ճգնաժամ:

Ծնողները Հայրենիքին տվել են ամենաթանկը, եւ նրանց նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի ամենաբարձր երախտիքով` անկախ նրանց հայացքներից:

Տեղի ունեցածը եւս մեկ անգամ ապացուցեց, որ բարեփոխելու փոխարեն իշխանությունը Ոստիկանությանը ծառայեցնում է իր քաղաքական շահերին` դարձնելով այն այդ շահերի զոհը, հեղինակազրկելով Ոստիկանությանը եւ ձախողելով «բարեփոխումները»:

Օրենքներն անգամ ընդունվում են այնպես, որ դրանք ծառայեն ոչ թե իրավունքին, այլ քաղաքական հաշվարկներին:

Բազմիցս եմ ասել, որ Ոստիկանության բարեփոխումը միայն գեղեցիկ մեքենաներով ու համազգեստով չի որոշվում. անհրաժեշտ է իրական բարեփոխել Ոստիկանության հատկապես այն ծառայությունները, որոնք անմիջականորեն են մարդկանց հետ առնչվում:

Տեղի ունեցածն արժանապատվության, անձնական ազատության եւ մյուս սահմանադրական ու միջազգայնորեն երաշխավորված իրավունքների կոպիտ խախտումներ էր»,-նշել է նա։

 

 

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, կոնգրեսականները եւ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը քննարկել են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները եւ դրանց դեմ Հայաստանի ջանքերը միջազգային դատարաններում: «Երեկ հանդիպել ենք Եղիշե Կիրակոսյանի, խոսնակ Նենսի Փելոսիի եւ հայկական հարցերով հանձնախմբի մյուս անդամների հետ: Մենք քննարկել ենք Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների սարսափելի խախտումները եւ Հայաստանի ջանքերը Արդարադատության միջազգային դատարանում եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»,-նշել է կոնգրեսականը: Փալոնը նաեւ տեղեկացրել է, որ Կապիտոլիումում զրուցել են Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ, քննարկել Արցախում Ադրբեջանի հարձակումների հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամը, եւ հայ բնակչությանը ադրբեջանական հետագա ագրեսիայից պաշտպանելու անհրաժեշտության հարցը: Սեպտեմբերի 17-19-ը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հայաստանում էր: Փելոսիին ուղեկցում էին Ֆրանկ Փալոնը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը։

 




Լրահոս