«Եթե ռազմական օգնության համար չեն դիմում, կամ, օրինակ, ռազմաբազա տեղադրելու հարցով չեն դիմում, ապա ի՞նչ կարող է անել Իրանը»,- «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում իրանագետ Արտյոմ տոնոյանը: Մեզ հետ զրույցում նա անդրադառնում է հարցին՝ եթե պատերազմ սկսվի, ապա ի՞նչ դիրքորոշում կբռնի Իրանը:
-Տարաբնույթ պաշտոնյաների շուրթերից են հնչում, թե Իրանը չի կարող թույլ տալ, որ տարածաշրջանում սահմանների խախտում տեղի ունենա: Իրանն այս պահին ի՞նչ ազդակ է հղում, ու տարածաշրջանում ի՞նչ հավանական սցենարներ կարող են զարգանալ:
– Իրանը Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր կարմիր գիծ համարող հայտարարությամբ՝ կարող ենք ասել, որ իր կողմից տարածաշրջանային բոլոր գործընթացները պաշտպանող բոլոր տեսակի միջոցառումները ձեռնարկել է: Այս օրերին անգամ տեսնում ենք, որ սահմանի երկայնքով զորաշարժ է իրականցրել՝ Նախիջեւանի հատվածից մինչեւ Հայաստանի սահման: Անգամ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից հայտարարություններ են հնչում, որ հայ-իրանական սահմանը կարմիր գիծ է, եւ թույլ չեն տալու տարածաշրջանային պետությունների տարածքային ամբողջականության խախտում, սահմանների փոփոխություն տեղի ունենա: Գուցե հիմա հարցնեք՝ արդյո՞ք պատերազմի ժամանակ իրանցիները պատրաստ են ներգրավվել գործողությունների մեջ: Ինչքանով ես եմ ընկալում, ապա իրավիճակն այսպիսին է՝ իրանական դաշտը եւ նրանց կողմից արվող հայտարարությունները՝ օգնելու պատրաստակամության մասին են խոսում: Եթե, օրինակ, Հայաստանը ռազմական օգնության խնդրանքով կամ ժամանակավոր՝ Սյունիքում ռազմաբազա ունենալու խնդրանքով դիմի Իրանին (համենայնդեպս, մենք տեսնում ենք ու լրատվական կայքերում, փորձագիտական դաշտում բազմաթիվ նման քննարկումներ կան) նրանց կողմից նմանատիպ պատրաստակամություն կա: Հակառակ պարագայում, եթե առանց խնդրանքի միջամտի սահմանային հարցերին, ապա դա, ըստ միջազգային իրավունքի՝ ագրեսորի պահվածք կդիտարկվի:
-Բայց մյուս կողմից տեսնում ենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը տարածաշրջանում իրավիճակ է ցանկանում փոխել: Հետեւաբար այս մասով ի՞նչ քայլեր է ձեռնարկում Իրանը:
-Արդեն ասացի, որ այս պահին անում է առավելագույնը՝ զորաշարժ է իրականացնում, սահմանի ամբողջ երկայնքով զորքերը մարտական պատրաստվածության է բերում, հայտարարություններով է հանդես գալիս եւ այլն: Ավելին պարզապես չի կարող անել, քանի որ պաշտոնական Երեւանը ռազմական օգնության կամ համատեղ զորավարժություններ իրականացնելու խնդրանքով, առաջարկով չի դիմել. կամ գուցե դիմել է, ինչի մասին մենք տեղյակ չենք:
-Տպավորություն է, որ տարածաշրջանային խաղացող պետությունները կարծես ցանկանում են մեզ խաղից դուրս թողնել:
-Քանի որ այս պահին Իրանի աշխարհաքաղաքական կշիռն ամբողջ Հարավային Կովկասում վտանգված է, ապա նա այժմ ռիսկային հայտարարություններ կամ գործողություններ չի անի: Եթե, Աստված մի՛ արասցե, Հայստանի ու Իրանի Իսլամական Հանրապետության սահմանը կտրվի, ապա այն աշխարհաքաղաքական կշիռը, որը Հարավային Կովկասում ուներ Իրանը մինչեւ այժմ, այլեւս չի ունենա: Ստացվելու է՝ հարեւանություն՝ առնվազն պակաս մեկ պետության հետ: Եվ այս դեպքում «հարեւանություն» բառն օգտագործում եմ շատ մեղմ, քանի որ ստացվում է՝ թուրանական օղակ՝ շրջափակում թուրք-ադրբեջանական ուժերի եւ պանթուրքական գաղափարախոսությունը առաջ մղող ուժերի կողմից: Այսինքն, ամբողջ հյուսիսային սահմանը օղղակի մեջ է վերցվում:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՆ
Սեպտեմբերի 25-ին Հայաստանում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Եվ չնայած սեպտեմբերի 13-ից Հայաստանի սահմաններում լարված իրավիճակ էր, սակայն ընտրություններն ամեն դեպքում կկայանան:
Ռազմական գործողությունների հետեւանքով տուժած Սյունիքի մարզի երկու համայնքներում՝ Քաջարանում եւ Սիսիանում, առաջիկա կիրակին նույնպես համամասնական ընտրակարգով ավագանու անդամի ընտրություններ են։ Եվ, չնայած, բոլոր ուժերը հայտարարել էին քարոզարշավը դադարեցնելու մասին, սակայն դրանք այնուամենայնիվ փոքր մասշտաբներով բայց կատարվում են:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Սիսիանում ղեկը փորձում է իր ձեռքը վերցնել ԱԺ Քաղաքացիական խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը: Նա անում է ամեն ինչ, որ Սիսիանի քաղաքապետ ընտրվի Արմեն Հակոբջանյանը: Ի դեպ, Հակոբջանյանի շտաբի պետը հենց Կարեն Համբարձումյանն է:
Ուշագրավ է սակայն, որ մյուս թեկնածուն ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի կնոջ քրոջ ամուսնու բաջանաղի եղբայրն է՝ Արա Զաքարյանը: Վերջինս առաջադրվել է «Ապրելու երկիր» կուսկացության ցուցակով: Ասել է թե՝ Կարեն Համբարձումյանը դուրս է եկել հենց իր բաջանաղի եղբոր դեմ:
Քաղաքապետի մյուս թեկնածուները նախկին քաղաքապետ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի թիմից են ՝ Մարտին Հարությունյանը, Հայկ Առաքելյանը, ՀՅԴ-ից Աշոտ Ավագյանը: «Հանուն Հայաստան»-ի ցուցակով առաջադրվել է Սեւակ Մուսաթյանը:
Տեղի ունենալիք ընտրությունները նաեւ Սիսիանում դժգոհության ալիք են հասունացրել: Բնակիչները դժգոհում են, որ ՔՊ-ն գոնե թիկունքը զինի, թաքստոցի հարց լուծի, ընտրության ցուցակ է կարգավորում:
ՄԵԾ ԽՑԱՆՈՒՄՆԵՐ ԵՆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթն ու մասնակի մոբիլիզացիա հայտարարելու որոշումը ուշագրավ իրավիճակ է ստեղծել ՌԴ ում։
Արդեն երկեւ օր է ինչ Ռուսաստանի ու այլ երկրների սահմաններում մեծ խցանումներ են, եւ մեծ թվով երիտասարդներ են փորձում հեռանալ երկրից։
Ընդ որում, հաշվի առնելով այդ երկրի հանդեպ սանկցիաները՝ ռուսները շատ քիչ տեղ ունեն գնալու։
Այս պահին հերթեր են Վրաստանի եւ Մոնղոլիայի հետ սահմանին, իսկ դեպի Հայաստան տոմս այլեւս չի մնացել, գներն էլ աստղաբաշխական են՝ մեկ մլն դրամից ավելի։
ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ
Սեպտեմբերի 21-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ գլխավոր ասամբլեայի հերթական նիստին, որի ժամանակ պետք է նաեւ ելույթ ունենա:
Հայաստանից Նյու Յորք մեկնած պատվիրակության կազմում ընդգրկված է 12 անձ:
Փաշինյանից բացի ՀՀ պետբյուջեի հաշվին գործուղման են մեկնել նաեւ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը եւ վարչապետի աշխատակազմից 8 անձ՝ արարողակարգի պատասխանատու, արտաքին կապերի վարչության պետ, օպերատոր, լուսանկարիչ եւ այլք:
31.6 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆԸ
ՀՀ կառավարությունը էկոնոմիկայի նախարարությանը ավելի քան 31.6 մլն դրամ գումար կտա՝ զուգարան նորոգելու համար: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախարարության Ա եւ Բ մասնաշենքերի թվով 12 սանհանգույցներ պետք է հիմնանորոգել, քանի որ խողովակաշարերը գտնվում են վատթարագույն վիճակում:
Բացի այդ, պարզվում է՝ յուրաքանչյուր հարկաբաժնում մի սանհանգույցի առկայությունը անհարմարություններ է առաջացնում արական եւ իգական սեռի աշխատակիցների համար:
Ներկայումս կան սանհանգույցներ, որոնք երկար տարիներ է ինչ չեն վերանորոգվել, գտնվում են անմխիթար եւ անբարեկարգ վիճակում։
Այս նպատակով ձեռք է բերվել նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայություն, ըստ որի՝ շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 31 մլն 664 հազար 200 դրամ: