ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանում է: Երեկ նա հանդիպում է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Հետաքրքիր է, որ հանդիպումների վերաբերյալ տարածված հայտարարություններում ակնհայտ տարբերություններ կան:
Հայկական կողմի հաղորդագրության մեջ օգտագործված է «լայնածավալ ագրեսիա» տերմինը, իսկ ահա ՀԱՊԿ պաշտոնական հաղորդագրության մեջ անգամ չեն հիշատակվում սեպտեմբերի 13-ից սկսված ռազմական գործողությունները: «Քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ ստեղծված իրավիճակում՝ ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցառումները»,- Գրիգորյան-Զաս հանդիպման վերաբերյալ նշված է կառույցի տարածած հաղորդագրությունում։
Նշենք, որ Զասը միայն երեկ է ժամանել Հայաստան, այնինչ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին լայնածավալ ռազմական գործողություններից հետո պաշտոնական Երեւանը դիմեց ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանին՝ ռազմական աջակցության խնդրանքով։ Սակայն թե՛ Կրեմլից, թե՛ ռազմական կառույցից Հայաստանի օգնության խնդրանքը մերժվեց, իսկ ՀԱՊԿ-ն էլ որոշեց մոնիթորինգային առաքելություններ գործուղել։
Այդ առաքելություններից առաջինը ղեկավարող ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը դեռ նախքան Երեւան մեկնելն էր հայտարարել, որ դաշինքը Հայաստան զորք ուղարկելու ծրագրեր չունի։
«Ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ՝ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ո՛չ սեպտեմբերի 13-ին, ո՛չ երեկ, ո՛չ այսօր եւ ո՛չ էլ մոտ ապագայի մասով, ես կարծում եմ, խոսք չկա», – նշել է նա:
Սիդորովի գլխավորած առաքելությունը չորս օր անցկացրեց Հայաստանում ու իր դիտարկումները ներկայացնելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ վերադարձավ Մոսկվա։ Թե ինչ հետեւությունների է հանգել Աֆղանստանում ու Չեչնիայում պատերազմած ռուս գեներալը, Հայաստանի ռազմական գերատեսչությունից այսօր հրաժարվեցին հայտնել։
ՀԱՊԿ-ից բարձր մակարդակով հնչող դժգոհությունների ֆոնին՝ պաշտոնական Երեւանը դարձյալ խոսում է միջազգային մեխանիզմների մասին։ Երկու օր առաջ Լեհաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնեւ Ռաուի հետ հանդիպմանը արտգործնախարար Արարատ Միրզոյանը, խոսելով հայ-ադրբեջանական մարտերից, ընդգծել էր ԵԱՀԿ շրջանակներում առկա մեխանիզմների հրատապ գործարկման անհրաժեշտությունը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր Երեւանում հանդիպել է Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ:
Ըստ ՀԱՊԿ պաշտոնական կայքէջի՝ մանրամասն քննարկվել է Հայաստանի սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ հետագա հնարավոր միջոցառումները։
Զասի գլխավորած առաքելությունը պետք է զեկույց պատրաստի ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների համար՝ տարածաշրջանում իրադրության մասին, եւ մշակի առաջարկներ՝ ուղղված «Հայաստան-Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացմանը»։
Միջազգային մեխանիզմների մասին օգոստոսի սկզբին՝ Արցախում տեղի ունեցած մարտական գործողություններից հետո խոսել էր վարչապետ Փաշինյանը՝ հայտարարելով. «եթե հայ-ռուս-ադրբեջանական ձեւաչափով հնարավոր չէ ապահովել շփման գծի անվտանգությունը, պետք է մտածել «լրացուցիչ միջազգային մեխանիզմների գործարկման մասին»»: Նա, սակայն, չէր մանրամասնել, թե ի՞նչ նկատի ունի «լրացուցիչ միջազգային մեխանիզմներ» ասելով։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը սեպտեմբերի 20-21-ին կազմակերպել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հանդիպումները ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների, սենատորների եւ օրենսդիր թեւի ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։
Հանդիպումներին մասնակցել են նաեւ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը եւ ԱՄՆ-ում ու Կանադայում՝ Արցախի Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
ՀԱՆԳԱՄԱՆԱԼԻՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 22-ին Երեւանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ քարտուղարությունը: Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Քննարկել են ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցները։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի հերթական նիստերին:
ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼՈՒ ԵՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է մեկ տարով՝ մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 30-ը, երկարաձգել տնտեսավարողներին 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո կոնյակի սպիրտների այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռք բերման համար՝ վճարված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքերի չափով տրամադրվող պետական օժանդակության տրամադրման ժամկետը: Այն հնարավորություն կտա ապահովելու շուրջ 9.0 մլն լիտր կոնյակի սպիրտի արտահանում եւ պլանավորելու հետագա գործունեությունը, այդ թվում՝ խաղողի մթերումների ծավալները։ Հիմնավորման համաձայն՝ տրամադրված օժանդակության չափը 2020 թ. կազմել է 403.7, 2021 թվականին՝ 859.6, իսկ 2022 թ. հուլիսի 28-ի դրությամբ՝ 261,65 մլն դրամ։ Ընթացիկ տարում այդ նպատակով՝ պետական բյուջեով հաստատված ֆինանսական միջոցների մնացորդը կազմում է 338,35 մլն դրամ, որը կտրամադրվի մինչեւ 2022 թ. դեկտեմբերի 30-ը։ Հաշվի առնելով, որ տնտեսավարող սուբյեկտների մոտ առկա է ավելի քան 44,4 մլն լիտր կոնյակի սպիրտի մնացորդ, եւ խաղողի բերքի մթերման համար անհրաժեշտ է ապահովել կոնյակի սպիրտի պահման ազատ տարողություններ՝ կոնյակի սպիրտի արտահանումը խթանելու եւ հետագա գործունեությունը պլանավորելու նպատակով անհրաժեշտ է վերը նշված օժանդակության տրամադրման ժամկետը երկարաձգել: Տրամադրվող օժանդակությունն իր զգալի ազդեցությունն է ունենում՝ արտադրանքի ինքնարժեքի նվազեցման միջոցով իրացման շուկայում ավելի մրցունակ գներով արտադրանք ներկայացնելու, արտահանման ծավալներն ավելացնելու վրա եւ արտահանման լոգիստիկ խնդիրների բացակայության պարագայում, գրեթե կրկնապատկվում են արտահանման միջին ամսական ծավալները։
ԵՎՍ ՄԵԿ ԱՄԻՍ
2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետեւանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաեւ՝ գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը քաղաքացիական անձի հաշվով (ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչեւ 2022 թ. սեպտեմբերի 5-ը։ Սակայն, մինչ այսօր քաղաքացիական անձանց շրջանում կան անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Ըստ այդմ՝ առաջարկվում է ընդունել որոշում, որով անհայտ կորածի, ինչպես նաեւ՝ գերեվարվածի ընտանիքները եւս 1 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչեւ 2022 թ. հոկտեմբերի 5-ը: