ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր պայթյունից անցել է ավելի քան մեկ ամիս, բայց դեռեւս աղետի գոտի համարվող «Սուրմալու»-ի տարածքից չեն մաքրվել փլատակների հետքերը, չի ապամոնտաժվել պայթյունավտանգ վիճակում գտնվող շինությունը: Երեկ էլ հայտնի դարձավ, որ փլուզվել է պայթած շենքի պատը, ունենք երեք վիրավոր: Հիմա՝ հարց. ո՞ր կառույցն է տեղի ունեցածի համար պատասխանատվությունը վերցնելու իր վրա:

 

Պարզվում է՝ մեր պետական կառույցները ձեռքները լվացել են եւ անհետացել: Կառավարությունը բավարարվել է գումար փոխհատուցելով, եւ միայն:

ՀՀ քննչական կոմիտեն վաղուց ավարտել է քննչական գործողությունները, բայց շենքն ապամոնտաժողը չկա: Ոչ միայն չկա, այլեւ հայտնի չէ, թե ով է: Քննչական կոմիտեն, պետական եւ հանրային մարմինները միմյանց վրա են գցում պատասխանատվությունը: Օրեր առաջ քննչական կոմիտեից արդարանում էին, թե քննչական գործողություններ են ընթանում, իսկ քաղաքապետարանը շարունակում է հայտարարել, որ որեւէ լծակ չունի՝ մասնավոր տարածքում գործառույթներ իրականացնելու կամ միջամտելու: Ի՞նչ է նշանակում լծակ չկա, երբ քաղաքապետարանի աշխատակիցները տեխնիկայով գնում ու մարդկանց շինությունները ապամոնտաժում են. այդ ժամանակ գործառույթ ունեն: Բայց հենց առաջին պետական մարմինը, որը պետք է շահագրգռված լիներ այդ տարածքն աղբից մաքրելու, վթարային շինությունն ապամոնտաժելու, հարցում, ուղտի ականջում քնած են՝ քաղաքապետից սկսած:

Մյուս անպատասխանատու կառույցը՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դարձյալ անգործություն է ցուցաբերել այս հարցում:  Մինչդեռ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր պայթյունից հետո ԱԻՆ-ը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեր, որպեսզի տարածքում անվտանգ լիներ: Բայց ԱԻՆ-ը բավարարվել է ժապավեններ կապելով միայն ու վերջ: Այդքանով իրենց գործը համարել են ավարտված ու գնացել տուն: Որեւէ վերահսկողություն ոչ ԱԻՆ-ի եւ ոչ էլ քաղաքապետարանի կողմից չի իրականացվել, տարածքում տնտեսվարողները շարունակել են աշխատել, մարդիկ ելումուտ են արել: Բայց երբ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում խոշոր պայթյուն եղավ, ԱԻՆ-ի ղեկավար կազմը շտապեց դեպքի վայր, լուսանկարվեց, մի կարգին PR արեց՝ ցույց տալով հանրությանը, որ աշխատում են: Աշխատանքի պտուղները երեկ տեսանք.վթարային շինության պատը փլվեց, մարդիկ վիրավորվեցին, տնտեսվարողները վնասներ կրեցին:

Բայց այս գերատեսչությունների ամենաթողությունն առջեւում է. պարզվում է՝ ԱԻՆ-ը սեպտեմբերի 2-ին սեյսմիկ ծառայության միջոցով իրականացրել է տարածքի եւ շենքի զննություն, եւ բոլոր խնդիրները վեր հանելով՝ ուղարկել է չորս գերատեսչություն, որոնցից ոչ ոք չի արձագանքել: Խոսքը Երեւանի քաղաքապետարանի, քաղաքաշինության կոմիտեի, քննչական կոմիտեի եւ ոստիկանության մասին է:

«Թե ինչու գերատեսչությունները չեն արձագանքել, դա իրենցից ճշտեք: ԱԻՆ-ը որեւիցե գործառույթ չունի ապամոնտաժման, դրա համար էլ որեւիցե բան չի արել: Բազմիցս հայտարարվել է՝ եթե ապամոնտաժման արդյունքում ԱԻՆ-ի օգնությունը պետք լինի, մենք պատրաստ ենք»,- ArmLur.am-ին փոխանցեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:  Երեւանի քաղաքապետարանը դեռ այս պահի դրությամբ շարունակում է մնալ իր կարծիքին՝ «մասնավոր տարածքում քանդելու գործառույթ չունի»: Մինչդեռ կառավարության այսօրվա նիստում քաղաքաշինության ղեկավար Արմեն Ղուլարյանը հայտարարեց, որ քաղաքապետը պետք է շտապ քանդման թույլտվություն տա:

Իսկ մինչ այդ, արձանագրենք, որ սա առաջին դեպքը չէ, որ մեր պետական գերատեսչությունները մեկը մեկից տեղյակ չեն, գործը գցում են միմյանց վրա. այո, եւ երեկվա փլուզումը, երեք վիրավորը եւ տնտեսվարողների կրած լուրջ վնասների պատասխանատվությունը մնում է նշված կառույցների վրա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ

Կառավարությունն իր երեկվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Ծրագիր 3-ի շրջանակներում ՀՀ Արագածոտնի եւ Շիրակի մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել:

 

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ խոսքը Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի երկայնքով գտնվող հողամասերի մասին է:

Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի կառուցման համար անհրաժեշտ հողամասերն արդեն իսկ օտարվել են, սակայն դեպի վերակառուցվող ճանապարհի երկայնքով գտնվող մի շարք ազդակիր հողամասերի մոտեցումներ ապահովելու նպատակով՝ լրացուցիչ տարածքների օտարման անհրաժեշտություն է առաջացել։

Նշվածից բացի՝ որոշ խնդիրներ ի հայտ են եկել շինարարության ընթացքում. Մասնավորապես, ճանապարհի շեպի նախագծային թեքությունը բավարար չի եղել տվյալ հատվածում շեպի կայունությունն ապահովելու համար, եւ անհրաժեշտություն է առաջացել փոխել շեպի թեքությունը, ինչի արդյունքում ճանապարհահատվածի Մաստարա համայնքի միջով անցնող հատվածի օտարման շերտի լայնությունը մեծացել է եւ լրացուցիչ օտարման անհրաժեշտություն է առաջացել։ Բացի այդ, Ակունք համայնքում ի հայտ են եկել կադաստրային շեղումներ, որոնք ուղղելուց հետո Ակունք համայնքում գտնվող որոշ հողամասեր մասնակի ընդգրկվել են ճանապարհահատվածի օտարման գոտու սահմաններում, ուստի նշված տարածքները նույնպես օտարելու անհրաժեշտություն է առաջացել:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նախագծով առաջարկվում է ծրագրի իրականացումն ապահովելու, երրորդ անձանց իրավունքներից ազատ տարածք շինարարին հանձնելու  համար Հայաստանի Հանրապետության Արագածոտնի Թալին համայնքի Ակունք, Մաստարա բնակավայրերի եւ Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի տարածքում գտնվող ընդհանուրը 33 հողամասերի օտարման գոտու սահմաններում գտնվող տարածքները ճանաչել հանրության գերակ շահ։

Oտարվող սեփականության  ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես կգա Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետն առաջարկվում է սահմանել 2023 թվականի մարտի 1-ը։

 

 

 

 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ  ԽՈՍՏՈՒՄՆԵՐ

Բերդ քաղաքից հայտնում են, որ  սեպտեմբերի 21-ին՝ ոչ աշխատանքային տոնական օրը, Բերդ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել նախընտրական քարոզչական ժողով, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Տավուշի նախկին՝ 15 տարի պաշտոնավարած  մարզպետ Արմեն Ղուլարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Բերդի միասնական սոցիալական ծառայությունների կենտրոնի տնօրեն, սեպտեմբերի 25-ին կայանալիք Բերդ  խոշոր  համայնքի ավագանու համամասնական ընտրություններում ՔՊ կուսակցության թեկնածուների 58 հոգանոց ցուցակի առաջին համար Վահրամ Սուքիասյանը, Բերդի բժշկական կենտրոնի  ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ, ավագանու ընտրություններում ՔՊ կուսակցության ավագանու թեկնածու Զվարթ Ծատուրյանը, ՔՊ   կուսակցությունից ավագանու թեկնածու, Բերդի թիվ 1 դպրոցի տնօրեն Անահիտ Ջուլհակյանը, Բերդ քաղաքի հանրակրթական դպրոցների տնօրենները, ուսմասվարները, դպրոցական կոլեկտիվները։ Պետական բարձր պաշտոնյաները մանկավարժներին հայտնել են, որ սեպտեմբերի 25-ի ընտրություններում հաղթելու է ՔՊ կուսակցությունը, Վահրամ Սուքիասյանը դառնալու է Բերդ խոշոր համայնքի ղեկավար: Բերդի ուսուցիչների՝ ՔՊ կուսակցությանը ընտրելու համար բարձր պաշտոնյաները նախընտրական խոստումներ են տվել, այն է՝ մինչեւ այս տարեվերջ Բերդ համայնքի բնակավայրերում հիմքից կառուցվելու է 4 դպրոց՝ իրենց մարզադահլիճներով, 8 մանկապարտեզ նորոգվելու է։ Ընտրողների ձայները շահելու համար նման խոստումները ընտրական օրենսգրքի խախտում են։ Նախընտրական հանդիպմանը մասնակցել է  նաեւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը, ում մայրը՝ Արեւ Ներսիսյանը Բերդի թիվ 3 դպրոցի տնօրենն է ։

 

 

 

 

ՏԵՂԱԿԱՅԵԼ ԵՆ ՊԱՀԱԿԱԿԵՏ

Դիլիջանի ոլորաններից առաջինում տեւական ընդմիջումից հետո կրկին տեղակայվել  է  ոստիկանական պահակակետ՝ ուր մշտապես  հերթապահություն են իրականացնում՝ ոստիկանության 2-3 մեքենաներ եւ բնապահպանական պետական  տեսչության  ավտոմեքենան։ Պահակակետը գործում է՝  ապօրինի հատված փայտանյութը Տավուշի մարզի տարածքից  արտահանելը կանխելու համար։ Տավուշի մարզից դուրս եկող  բեռնված ավտոմեքենաները, որոնք  կասկած են  հարուցում, ստուգվում են։ Դիլիջանի ազգային պարկում ընդհանրապես արգելված են անտառահատումները, ապօրինի փայտ հատվում է    մարզի 4 անտառտնտեսություններում։ Տավուշի մարզի բնակիչները հայտնեցին, որ  մարզում փայտի  մեծ բիզնեսով զբաղվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմ պաշտոնյաները։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս