Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային համայնքին հորդորում է հասցեական ու լիարժեք աջակցություն տրամադրել Հայաստանին։ Երեկ ՄԱԿ-ի ամբիոնից այս մասին զգուշացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով միջազգային համայնքին հասցեական ու լիարժեք աջակցություն տրամադրել։ Քսան րոպեանոց ելույթում Հայաստանի վարչապետը խոսեց հիմնականում Ադրբեջանի հետ հարաբերություններից, պնդելով, թե Բաքուն մտադիր է Հայաստանից նորանոր տարածքներ գրավել:
«Ես պաշտոնական եւ հրապարակային հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին՝ կարո՞ղ ես ցույց տալ Հայաստանի այն քարտեզը, որը ճանաչում ես, կամ՝ պատրաստ ես ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն։ Ինչու եմ սա հարցնում. որովհետեւ կարող է պարզվել, որ ըստ Ադրբեջանի պաշտոնական տեսանկյունի, Հայաստանի միայն կեսը, կամ՝ դրանից էլ քիչն է Հայաստանի Հանրապետություն», – հայտարարեց Փաշինյանը։
Խոսելով խաղաղության պայմանագրից՝ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց՝ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե Բաքուն էլ ճանաչի Հայաստանինը՝ միջազգայնորեն ընդունված սահմաններում։ Օրեր առաջ այս հայտարարությունը Փաշինյանը հնչեցրել էր Հայաստանի խորհրդարանում, երեկ նույնը կրկնեց արդեն միջազգային լսարանի առաջ։
«Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ ոչ թե տեսականորեն, այլ՝ գործնականում, նկատի ունեմ մեր՝ միջազգայնորեն ճանաչված 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի ամբողջականությունը, նշանակում է՝ մենք կարող ենք ստորագրել խաղաղության համաձայնագիր», – ասաց վարչապետը:
Ելույթ ունենալով միջազգային ամբիոնից՝ Փաշինյանը ոչ միայն Ադրբեջանին, այլեւ դաշնակիցներին քննադատեց՝ առանց անուններ հնչեցնելու։ Մի դեպքում ասաց՝ իրավիճակը կարող է սրվել, քանի որ անվտանգության տարածաշրջանային կազմակերպությունները պատշաճ չեն արձագանքում։ Մեկ այլ դեպքում էլ մանրամասներ բացահայտեց դռնփակ բանակցություններից ու անցած տարվա բախումներից։
«Անցյալ տարի Ադրբեջանն օկուպացրել էր Հայաստանի ավելի քան 40 քառակուսի կիլոմետր տարածք։ Դրանից հետո, Ադրբեջանի արդարացումներից մեկն այն էր, որ Հայաստանը, ըստ նրանց, հրաժարվում է սահմանազատման հանձնաժողով ստեղծելուց։ Մենք, իհարկե, չէինք հրաժարվել դրանից, այլ միայն պնդել էինք, որ միաժամանակ սահմանների անվտանգության մեխանիզմ ստեղծվի։ Ի վերջո, մեր միջազգային գործընկերների խնդրանքով, որոնք պնդում էին, որ սահմանային հանձնաժողովի աշխատանքն ինքնին վստահելի գործոն է լինելու սահմանների անվտանգության համար, պայմանավորվեցինք սկսել աշխատանքները։ Եվ հիմա, երբ ձեւավորվել եւ աշխատում է սահմանների սահմանազատման եւ անվտանգության հանձնաժողովը, Ադրբեջանը նախաձեռնեց ագրեսիայի նոր փուլ։ Իսկ այդ միջազգային գործընկերներից ոմանք լռում են», – ընդգծեց Հայաստանի վարչապետը:
Խոսելով ագրեսիայի պատճառներից՝ Փաշինյանը նաեւ հաղորդակցության ուղիների բացումը հիշատակեց, կրկին պնդելով, որ Ադրբեջանը Հայաստանից արտատարածքային ճանապարհ է ուզում, մինչդեռ եռակողմ փաստաթղթերում այդ մասին որեւէ խոսք չկա։
Թեեւ մինչեւ 44-օրյա պատերազմը Հայաստանի վարչապետը ՄԱԿ-ի վեհաժողովում հայտարարում էր, թե Ղարաբաղի ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակման որոշել իր կարգավիճակը, այս անգամ ինքնորոշմանը որեւէ կերպ չանդրադարձավ։ Հորդորեց միջազգային համայնքին աջակցել, որպեսզի ՄԱԿ-ի մարդասիրական առաքելությունները կարողանան անարգել Ղարաբաղ մտնել՝ տեղում հումանիտար իրավիճակն ու մարդու իրավունքները գնահատելու, մշակութային ժառանգության պաշտպանությունը երաշխավորելու համար։
Հայաստանի վարչապետը նշեց՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելությունը կարող է նպաստել տարածաշրջանի անվտանգությանը։ Առաջին անգամ այդ մասին Փաշինյանը խոսել էր անցած տարվա մայիսին. երբ ադրբեջանական բանակը հատել էր Հայաստանի սահմանը Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածներում, պաշտոնական Երեւանն առաջարկել էր Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել։ Թե անցած մեկուկես տարում կոնկրետ որ կառույցին կամ երկրին է դիմել Հայաստանի իշխանությունն այս հարցով, ինչ պատասխան է ստացել, եւ ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել հիմա, պաշտոնական աղբյուրները չեն հստակեցրել։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ
Բարձրագույն դատական խորհուրդը սեպտեմբերի 22-ին որոշում է ընդունել, որի համաձայն՝ հիմք ընդունելով Ալեքսանդր Ազարյանի դիմումը, նրա՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվել են։
Որոշման մեջ ասվում է.
«Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 19-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը եւ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով (ԲԴԽ-ն արձանագրում է դատավորի լիազորությունների դադարման հիմք հանդիսացող հանգամանքի առկայությունը), 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (դատավորի լիազորությունները դադարում են, եթե` նա հրաժարական է ներկայացնում) եւ 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է
- 2022 թվականի սեպտեմբերի 22-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի լիազորությունները համարել դադարած»:
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՆՈՐ ՏԵՂԱԿԱԼ
Երեւանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ նիստում Երեւան քաղաքի ավագանին Տիգրան Ավինյանին նշանակեց Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում:
Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ Տիգրան Ավինյանը, միանալով թիմին, փորձառությունը, որ ունեցել է պետական ապարատում աշխատելու ընթացքում, հնարավորություն կունենա կիրառել Երեւանում:
Տիգրան Ավինյանն իր ելույթում նշեց, որ յուրաքանչյուր պաշտոն կամ կարգավիճակ ընդամենը միջոց է նպատակների, գաղափարների իրականացման եւ խնդիրների լուծման համար:
ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Նիկոյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար:
Համապատասխան որոշման մեջ ասվում է.
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ եւ 151-րդ կետերը:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԱՉՔՈՎ
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողներից մեկի մոր մատն է կոտրվել, մյուսի՝ ձեռքը վնասվել. սա ցավոք հատված է ոչ թե հայկական, այլ արդեն ադրբեջանական լրատվամիջոցների պատրաստած ռեպորտաժից: Հակառակորդի աչքից, որ ուշի ուշով հետեւում է Հայաստանում ու Արցախում կատարվող իրադարձություններին, չի վրիպել նաեւ ոստիկանների «ծեփենք պատերին», «փռենք ասֆալտին» անմարդկային օպերացիան: Անգամ ադրբեջանցիներն են զարմանում, որ Ջերմուկում կամ Վարդենիսում կռվելու փոխարեն՝ սեւ ու կարմիր բերետավորները «Եռաբլուրում» զոհվածերի մայրերին ու քույրերին են քարշ տալիս, բերման ենթարկում: Մեր հարեւանները տեղի ունեցածը որպես խայտառակություն են որակում: Օրվա իշխանությունները, որ ընդիմադիրներին մեղադրում էին պետության, պաշտպանության նախարարության մասին հարցեր բարձրաձայնելու միջոցով թշնամու ջրաղացին ջուր լցնելու մեջ, այս դեպքից հետո ձկան պես լուռ են: Դեռեւս 2021 թվականի մայիսի 3-ին այն ժամանակ դեռ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սահմանների անվտանգության մասին վարչապետ Փաշինյանին հարց էր ուղղում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, սփոփող պատասխանի փոխարեն՝ հոխորտում էր, թե՝ բավ է հակառակորդին հուշեք մեր բնագծերի տեղը: Ավելին՝ Փաշինյանն ինքնավստահ հայտարարում էր, թե կահավորվում է առաջնագիծը, պարզապես մենք՝ քաղաքացիներս, չենք տեսնում դա: Այդ հայտարարությունից ընդամենը 9 օր անց ադրբեջանական զորքը մտավ Հայաստանի սուվերեն տարածք: Իսկ արդեն տասն օր առաջ՝ 2022-ի սեպտեմբերի 13-ին, լայնամասշտաբ հարձակում սկսեց Փաշինյանի ասած «կահավորված» դիրքերի վրա: Ընդդիմությանը հակառակորդին հուշումներ տալու մեջ մեղադրող իշխանականներին հորդորում ենք ամեն օր նայել «Եռաբլուրի» խայտառակությունն ու դրա մասին ադրբեջանական լրատվամիջոցների պատրաստած ռեպորտաժները, խորը շունչ քաշել, մի բաժակ սառը ջուր խմել ու լիքը բերանով նորից գոռալ, թե ապագա կա:
ՄԵՂԱԴՐԱՆՔ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հրանուշ Մարանջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որպես իր երեխայի՝ Էռնեստ Սամվելի Նազարյանի հետ բնակվող ծնող, 1 ամսվա ընթացքում երեք անգամ՝ 14.09.2021թ , 16.09.2021թ, 23.09.2021թ առանց հարգելի պատճառների խոչընդոտել է 2021թ հուլիսի 13-ին ՇՄ ԸԻԴ թիվ ՇԴ/2958/02/19 կատարողական թերթի հիման վրա սահմանված տեսակապով տեսակցության իրականացմանը, Էռնեստ Նազարյանի եւ վերջինիս հետ չբնակվող ծնող՝ Սամվել Վարդանի Նազարյանի միջեւ, որի վերաբերյալ ՀՀ ԴԱՀԿ ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթի ընթացքում վերջինիս կողմից ներկայացվել է տեսակցության իրականացմանը ծոչընդոտելու մասին հայտարարություններ: Այսպիսո Հ. Մարամջյանին մեղսագրվում է 01.07.2022թ ուժի մեջ մտած ՀՀ քր օր-ի 243 հոդվ 1-ին մասով նախատեսված՝ հանրության համար վտանգավոր արարքի մեղավորությամբ կատարումը: