ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիերը հանդես է եկել ադրբեջանական պատերազմական հանցագործությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում դատապարտող օրենսդրական նախաձեռնությամբ՝ կոչ անելով կիրառել պատժամիջոցներ եւ դիմել միջազգային տրիբունալներին՝ համապատասխան հետաքննություններ անցկացնելու համար։
Սփիերը նման նախաձեռնությամբ է հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակության Հայաստան կատարած այցից մեկ շաբաթ անց։ Ջեքի Սփիերը եւս պատվիրակության կազմում էր։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի գրասենյակը տարածել էր հաղորդագրություն, որի համաձայն՝ Երեւան կոնգրեսականների այցը ծրագրվել է նախքան հայ – ադրբեջանական վերջին ռազմական ընդհարումը:
Այցի ավարտից հետո հրապարակված այդ փաստաթղթում ասվում է, որ «Հայաստանը կարեւոր ճակատ է ժողովրդավարության եւ ավտոկրատիայի միջեւ պայքարում»:
«Երեւանում մենք փոխանցել ենք Հայաստանի ժողովրդավարությանը եւ անվտանգությանը սատարելու հզոր ուղերձ, հատկապես՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո։ Մեր այցը նախատեսված էր սեպտեմբերի 12-ի ռազմական գործողություններից առաջ», – ասվում է Փելոսիի գրասենյակի տարածած գրավոր հաղորդագրությունում:
Պատերազմական հանցագործությունների համար պատժամիջոցներ կիրառելուց բացի, բանաձեւը կոչ է անում հետաքննել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անօրինական բանտարկության փաստը, դատապարտում է հայկական եկեղեցիների եւ պատմական հուշարձանների ոչնչացումը եւ համերաշխություն հայտնում Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքային ամբողջականությանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիներն ավերել են Շուշիի Կանաչ Ժամ հայկական եկեղեցին, վերանորոգման քողի տակ այն վերածվելու է ուղղափառ եկեղեցու, Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն է այսպիսի ահազանգ տարածել: 44-օրյա պատերազմի ռումբերից փրկված Կանաչ Ժամը սկսեց ավերակի վերածվել, երբ Շուշին անցավ Ադրբեջանի հսկողության տակ, զանգակատան գմբեթից սկսեցին, հետո մտան ներս: Այս ամենը երեւում էր հենց ադրբեջանցիների տարածած լուսանկարներում ու տեսանյութերում։
«Հայտնվել են լուսանկարներ` պայթեցված վիճակում եկեղեցին, իսկ մենք գիտենք, որ եկեղեցին ռազմական գործողությունների ժամանակ չէր տուժել, բնականաբար այն պայթեցվել էր Շուշին իրենց վերահսկողության տակ անցնելուց հետո: Անընդհատ ահազանգել ենք, անընդհատ դիմել ենք, նաեւ ԿԳՄՍՆ-ն դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ ռուս խաղաղապահներին, բայց ինչպես տեսնում ենք, Ադրբեջանն անարգել շարունակում է թե՛ վանդալիզմը եւ թե՛ մեր մշակութային արժեքների բռնայուրացումը», – ասում է Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության ղեկավար Արմինե Հայրապետյանը:
Ըստ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի՝ կոնգրեսական Սփիերին միացել են Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, փոխնախագահ Ադամ Շիֆը եւ կոնգրեսական Աննա Էշուն:
Սփիերի նախաձեռնությունը հաջորդում է Ադամ Շիֆի եւ Կոնգրեսի հայկական խմբի ղեկավարների կողմից շրջանառության մեջ դրված մեկ այլ՝ 1351 բանաձեւի նախագծին։ Այն կոչ է անում անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի օգնությունը Ադրբեջանին եւ դատապարտել ադրբեջանական հարձակումը Հայաստանի եւ Արցախի դեմ։ Բանաձեւի նախագիծը ներկայումս ունի 44 կոնգրեսականի ստորագրություն:
ՆԵՐԽՈՒԺԵԼ ԵՆ ՀՀ ՏԱՐԱԾՔ
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ամերիկյան «Քարնեգի» հիմնադրամում։
Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ամերիկացի ներկա եւ նախկին պաշտոնյաների, դեսպանների, «Քարնեգի» հիմնադրամի եւ այլ վերլուծական կենտրոնների անդամների հետ:
Հանդիպմանը Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան եւ դրա հետեւանքները՝ մատնանշելով, որ նման քայլով Բաքուն ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք եւ սպառնում է հայաստանյան ժողովրդավարությանը:
ԱԽ քարտուղարն ընդգծել է Երեւանի հաստատակամությունը ժողովրդավարության ուղով ընթանալու հարցում:
Գրիգորյանը նաեւ անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին եւ քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին:
ՆԱԽԱՐԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 26-ին այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան, հանդիպել ազգային, կենտրոնական ու թեմական վարչության անդամների, համահայկական խորհրդի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Ինչպես հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական իրավիճակին, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ներհայկական կապերի զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին առնչվող հարցեր։
ԶԵՆՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՐՑ
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է.
«1991 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ քաղաքական գործիչները, Կոնգրեսում երկկուսակցական կոնսենսուսի ճնշման ներքո, քննարկում են Հայաստանին զենք վաճառելու հարցը՝ Ադրբեջանի կողմից ագրեսիայից եւ էթնիկ զտումներից պաշտպանվելու համար՝ ընդգծելով, որ Ադրբեջանի աջակիցն այս հարցում Թուրքիան է»,- նշված է հայտարարության մեջ:
ՆՇԱՆԱԿՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ
«Դատական համակարգում կենացները գնալով քաղցրանում են: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը եւ Երանուհի Թումանյանցը ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել են որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանություններն ամեն գնով ցանկանում են Կարեն Անդրեասյանին նշանակել ԲԴԽ նախագահ, սակայն ՔՊ խմբակցությունում Կարեն Անդրեասյանին ԲԴԽ նախագահ նշանակելը այդքան էլ չեն ընդունել:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ խմբակցությունում կարծիքներ են հնչել, որ նա նախկին իշխանությանը սպասարկողներից մեկն է եղել, եւ թե ինչպես կարելի է նրան նման պատասխանատու պաշտոնի տանել: Այս իրավիճակին զուգահեռ դատական համակարգում կարծիքներ են հնչել, որ Անդրեասյանի մուտքը դատական համակարգ հղի է լինելու լուրջ վտանգներով: Դատական համակարգում հիշել են Կարեն Անդրեասյանի խոսքերը դատավորների հասցեին, մասնավորապես՝ 2019 թվականի մայիսի 23-ին Հանրային հեռուստաընկերության եթերից հայտնել էր, որ Հայաստանում, 50-60 դատավորից բացի, մնացածները սպասարկում են մաֆիայի շահերը: «Սահմանադրությունն այդ դատավորներին պետք է վաղուց ուղարկած լիներ կալանավայր»:
Նա Պետրոս Ղազարյանին սեպտեմբերի 2-ին տված հարցազրույցում հնչեցրել էր հետեւյալ արտահայտությունը. «Իմ ձեռքը լիներ՝ ընդամենը կես ժամում վեթինգն արել-վերջացրել էի, բայց, ցավոք սրտի, էս երկրում կա օրենք»:
Այսինքն՝ դատական համակարգում 50-60 դատավորներ միայն կարող են հանգիստ շունչ քաշել, մյուսների կյանքը դժոխք կդառնա՝ «օրենքով»: Իսկ մինչ այդ՝ դեռ հեռավոր 2013 թվականին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը արտահերթ զեկույց հրապարակեց՝ ներկայացնելով դատական համակարգում պտտվող կաշառքի սակագները: Ըստ օմբուդսմենի զեկույցի՝ Առաջին ատյանի դատարաններում 500-10.000 ԱՄՆ դոլարով են վճիռ կայացնում, Վերաքննիչ դատարաններում՝ 2.000-15.000 ԱՄՆ դոլարով, իսկ բարձրագույն ատյանում՝ Վճռաբեկ դատարանում՝ 10.000-50.000 ԱՄՆ դոլարով:
Այս աղմկալի հայտարարությունից հետո դատական համակարգը կոնկրետ փաստեր էր ուզում, սակայն մինչ օրս մնաց անպատասխան այդ պահանջը: Սա նշանակում է, որ անպատասխան հարցերի հնչեցմամբ էլ գուցե ապագայում շատ դատավորների «գլուխներ թռնեն», բայց դա ամենեւին չի նշանակում՝ արդարությունը կվերականգնվի, կամ կլինի օրենքի առաջ հավասար վերաբերմունք: