Ադրբեջանագետ Արտյոմ Տոնոյանն ասում է, որ Ադրբեջանում 50/50 հարաբերակցությամբ դեմ են նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Հայաստանի նկատմամբ հրահրվող սադրանքներին. «Ադրբեջանցիների մի մասն Ալիեւին ասում է՝ եթե տարիներ ի վեր դու բողոքել ես, որ Հայաստանը խախտում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ինչո՞ւ ես այժմ ինքդ խախտում ՀՀ-ի տարածքայնությունը»:
-Պարո՛ն Տոնոյան, այս օրերին, երբ Հայաստանում տարբեր հասարակական տրամադրություններ են, երբ հնարավոր են նոր հարձակումներ (այդ մասին նաեւ խոսում են իշխանության տարբեր թեւի ներկայացուցիչները), հետաքրքիր է, թե Ադրբեջանում այս երկօրյա հարձակումից հետո ի՞նչ իրավիճակ է, Ադրբեջանի հասարակությունն ի՞նչ է խոսում:
-Իրականում ադրբեջանական հասարակության մեջ էլ քիչ չեն մարդիկ, որոնք հավատում են, որ Ադրբեջանը հերթական անգամ կգնա սադրանքի: Շեշտում եմ սադրանք, քանի որ այս վերջին հարձակումը Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմաններին իրենց հասարակության տարբեր ոլորտներում նույնպես դիտվեց որպես սադրանք, եւ ակնհայտորեն դեմ արտահայտվեցին Իլհամ Ալիեւին: Ոչ միայն դեմ արտահայտվեցին Ադրբեջանում բնակվող ադրբեջանցիները, այլ նաեւ Ադրբեջանից դուրս բնակվող ադրբեջանցիները, որ տոկոսային հարաբերությամբ բարձր թիվ է կազմում: Մենք պետք է արձանագրենք, որ թերեւս առաջին դեպքն է, որ տոկոսային բավական շոշափելի քանակ հասարակության դեմ է արտահայտվում իր իշխանությունների սադրած ռազմական ագրեսիային: Նախկինում ինչքան էլ բռնապետական էին Ադրբեջանի քայլերը 2020թ.-ի արցախյան պատերազմի ժամանակ, միեւնույնն է, Ադրբեջանի բնակչությունը սատար կանգնեց իր երկրի իշխանությանը, իսկ այս անգամ չկա նմանատիպ իրավիճակ: Եթե համեմատելու լինենք, ապա այս անգամ 50/50 հասարակությունը դեմ է արտահայտվում այս գործողություններին եւ իր երկրի իշխանությանը: Հենց այս դեմ արտահայտվողներն էլ պնդում են, որ իր երկիրը հերթական անգամ կգնա նոր սադրանքների:
-Դեմ են, քանի որ զոհեր եւ վիրավորնե՞ր են ունենում, թե՞ դժգոհության այլ առիթներ կան:
-Ոչ միայն, այլ առիթներ էլ կան, հատկապես եթե ցիտեմ եւ մի տեքստ դուրս բերեմ հայտարարություններից, կարծիքներից կամ գրառումներից: «Չի կարող մի երկիր մեկ այլ երկրի 30 տարի մեղադրել ագրեսիայի եւ սեփական տարածքային ամբողջականությունը խախտելու համար, հիմա ինքը իրականացնի նույն գործողությունները». սա պայմանական տեքստ է, որը ասվում է շատերի կողմից: Իրենք համարում են, որ իրենց ղեկավարությունը եւ ռազմաքաղաքական ղեկավարությունը դիմել են սադրանքների որոնք ուղղված են եղել Հայաստանի ամբողջական տարածքների դեմ:
-Իսկ այդ տեսակետը ո՞ւմ կողմից է հնչում՝ հասարակ քաղաքացիների՞, փորձագիտական խմբերի՞, ընդդիմադիր դաշտի՞, թե՞ քաղհասարակության ներկայացուցիչների:
-Եթե փորձեմ տարանջատել, ապա ավելի շատ սովորական քաղաքացիների եւ որոշակիորեն հասարակական ակտիվություն ունեցող մի շերտի, խաղաղասերների, իշխանությունների հանդեպ բողոք ունեցողների, բայց ընդդիմադիր կուսակցություններին չհարողների: Ընդդիմադիր ուժերը եւս հանդես են գալիս այս օրերին իշխանությունների դեմ, բայց իրենց բողոքի հիմքում ոչ թե այն է, թե ինչու է կազմակերպվել ռազմավարական ագրեսիա Հայաստանի դեմ, այլ թե ինչու են տվել այդքան զոհեր եւ արդյունք չեն գրանցել:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՆՎԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«Հանրային ծառայության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում նոր կարգավորումների ընդունումը պայմանավորված է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների շահերի բախման, պահանջների անհամատեղելիության եւ նվերների ինստիտուտի վերաբերյալ առկա օրենսդրական լուծումների կատարելագործման, ինչպես նաեւ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 28-ի նիստում: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ:
Նախաձեռնությամբ առաջարկվում է Հայաստանի վերաբերյալ զեկույցում ԳՐԵԿՈ-ի ներկայացրած հանձնարարականների հիման վրա հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների կողմից նվերներ ստանալու սահմանափակումներ նախատեսող կարգավորումները համախմբել մեկ իրավական ակտում: Առաջարկվում է նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում կարգապահական պատասխանատվության փոխարեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների համար սահմանել վարչական պատասխանատվություն:
Նաեւ կհստակեցվեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջները, կկատարելագործվեն շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված գործիքները, կընդլայնվի փոխկապակցված անձանց, ինչպես նաեւ հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը:
Կառավարության առաջարկած փոփոխությունների ընդունման դեպքում կսահմանվի եւ կհստակեցվի Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում աշխատած անձանց յուրաքանչյուր տարվա համար հավելավճար տրամադրելու կարգը: Գործող կարգավորմամբ` ի տարբերություն այլ մարմինների` վերոնշյալ անձանց համար աշխատանքային եւ ծառայության ստաժի հաշվարկման որեւէ մեխանիզմ նախատեսված չէ. ո՛չ հավելավճարի եւ ո՛չ էլ համապատասխան տարիների կտրվածքով գործակիցների աճ տեղի չի ունենում:
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 28-ի նիստում ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:
Նոր կարգավորմամբ կապահովվի ՀՔԾ նախկին աշխատակիցների՝ սոցիալական երաշխիքներից օգտվելու իրավունքի իրացումն այլ աշխատանքի անցնելու պարագայում: Հնարավորություն կտրվի Դատախազությունում կամ Քննչական կոմիտեում ծառայությունը շարունակելու պարագայում օգտվել Հատուկ քննչական ծառայությունում աշխատած տարիների ստաժի նկատմամբ հավելավճար հաշվարկելու իրավունքից: Կկարգավորվեն նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրության հետ կապված հարաբերությունները:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐԴՅՈՔ ՆՈՐԻՑ ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն
ArmLur.am-ը Մայր Աթոռից հետաքրքրվեց, թե արդյոք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից Հայաստանի ու Արցախի նախկին նախագահներին նոր հանդիպման առաջարկ-հրավեր արվել է: Եթե այո, ապա ի՞նչ արձագանքներ են եղել նրանց կողմից: Ի պատասխան՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը հղում արեց ավելի վաղ հրապարակված հաղորդագրությանը: «Հաղորդագրթյան մեջ ասված է, որ որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները։ Ավելին ասել չեմ կարող»,- նշեց նա:
Նույն սեղանի շուրջ արդյոք նորից կնստեն Հայաստանի, Արցախի նախկին նախագահներն ու կաթողիկոսը (դեռ չասած, որ խոսվում էր առաջիկայում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին նույնպես հրավիրելու մասին)՝ բարդ է ասել, բայց տրամաբանությունն ու այս օրերին հնչող հայտարարությունները հուշում են՝ ամբողջական կամզով նորից հավաքվելը գուցե արդեն չստացվի:
ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցից հետո, ինչի ժամանակ նա որոշակիորեն գաղտնազերծեց, թե ինչ են խոսել ու քննարկել հանդիպման ժամանակ, ՀՀ երկրորդ նախագահի թիմակիցներն ու ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները մեկը մյուսի հետեւից սկսեցին առաջ տանել այն միտքը, որ իրենք, այսպես ասած, «կապիտուլյացիայի» մաս չեն կազմի ու չեն արդարացնի Փաշինյանի գործելաոճը:
Այս ամենից ենթադրել կարելի է, որ Տեր-Պետրոսյան-Քոչարյան արդեն իսկ նկատելի «առճակատումը» նախագահների ու կաթողիկոսների՝ առաջիկայում նախանշվելիք հանդիպումը կա՛մ հարցականի տակ կդնի, կա՛մ այն ոչ ամբողջական կազմով տեղի կունենա:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
2022 թվականի սեպտեմբերի 28-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ավարտել են սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ-ն։
Ներկայացված դիմումների եւ Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1.1 մասի նոր կանոնակարգման համաձայն՝ ընդհանուր առմամբ վերահաշվարկվել են թվով 53 տեղամասերի քվեարկության արդյունքները:
Վերահաշվարկի արդյունքում քվեարկության արդյունքների էական փոփոխություններ չեն արձանագրվել։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ էին անցկացվել Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրությունները: