ՍՊԱՅԱԿԱԶՄԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վաղարշակ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում  կարծիք հայտնեց, որ ՀՀ ԶՈՒ-ում վերջին շրջանում տեղի ունեցող դեպքերը սպայակազմի անգործության հետեւանք են:
-Խաղաղ պայմաններում բանակում վերջին շրջանում պարբերաբար տեղի ունեցող սպանություններն ու ինքնասպանությունները դարձել են ամենաշատ քննարկվող թեման: Կխնդրեի` Ձեր գնահատականը տայիք կատարվող երեւույթներին:
-Բանակում կատարվող այդ երեւույթների խորքային պատճառները պետք է փնտրել պետության, իշխանության մեջ: Հարկավոր է նկատի ունենալ իշխանությունների, հասարակության վերաբերմունքը բանակի հանդեպ, հասարակության մեջ առկա պրոբլեմների կուտակումը, որն անդրադառնում է զինված ուժերի վրա: Անթույլատրելի է, որ խաղաղ պայմաններում նման դաժան դեպքեր տեղի ունենան: Բայց բանակում կատարվող իրադարձությունները հասկանալու համար պետք է դրանք համեմատել այլ երկրների ԶՈՒ-երում տեղի ունեցող նման դեպքերի հետ: Նույնիսկ ամերիկյան բանակում բարձր է ինքնասպանության դեպքերի ցուցանիշը. ԱՄՆ զինված ուժերում, որտեղ ծառայում են միայն պայմանագրային հիմունքներով զորակոչված զինծառայողներ, ֆինանսավորումն անհամեմատ բարձր է, սպաների սոցիալական վիճակը` շատ ավելի բարեկեցիկ, ռազմական բյուջեն մեկ զինվորի հաշվով հարյուրավոր անգամ բարձր է: Պենտագոնի տվյալներով` 2011 թվականի սկզբից մինչեւ հուլիս ընկած ժամանակահատվածում ինքնասպան է եղել ցամաքային զորքերում ծառայող 151 զինվոր, իսկ CNN-ի տվյալներով` ռազմաօդային ուժերում արձանագրվել է ինքնասպանության 28 դեպք, ռազմածովայինում` 33, ծովային հետեւակում ` 21: Ի դեպ, միայն հուլիս ամսվա ընթացքում ցամաքային զորքերում ինքնասպան է եղել 32 հոգի: Այսինքն` 7 ամսվա ընթացքում ինքնասպանություն է գործել 232 զինվոր: Եթե այս թիվը համեմատենք բանակի անձնակազմի քանակի, ապա նաեւ ՀՀ ԶՈՒ-ի հետ, ապա այնտեղ ինքնասպանությունների քանակն անհամեմատելի մեծ է: Ընդ որում, Ամերիկան ապրում է խաղաղ կյանքով, ռազմական գործողությունները ծավալուն չեն: Իսկ մեր բանակը ապահովում է ավելի քան 1000 կմ սահմանի անվտանգություն: Սա, թերեւս, իր ազդեցություն է ունենում մարդկանց հոգեվիճակի վրա: Բանակի խնդիրների եւ քանակի առումով մեզ հետ ավելի համեմատելի է Ադրբեջանի բանակը, որտեղ բարոյահոգեբանական վիճակն ավելի վատ է, մահացության դեպքերի քանակով գերազանցում է հայկական բանակին եւ հանցագործությունների տեսակների առումով ավելի դաժան է: 2009 թվականի 7 ամիսների տվյալներով` ադրբեջանական բանակում խաղաղ պայմաններում մահացել է 50 զինվոր: Բայց բանակում նման երեւույթների պատճառներից գլխավորը սպայակազմի անգործությունն է. անկախ նրանից, թե երկրում ինչ մթնոլորտ կա, ինչ վերաբերմունք սպայի, բանակի հանդեպ, բանակի մարտունակության պատասխանատուն սպայակազմն է: Իսկ մարտունակության հիմնական տարրերից են բարոյահոգեբանական վիճակն ու կարգապահությունը: Նման դեպքերի համար, անկախ վերը թվարկած օբյեկտիվ պատճառներից, պատասխանատու է մի կողմից սպան, որի կանոնադրական եւ բարոյական պարտականությունն է կանխել այդպիսի դեպքերը, մյուս կողմից դատախազությունը, որը պարտավոր է բացահայտել` դրանով իսկ կանխարգելելով հետագա հանցագործությունները:
-Իսկ սպայակազմի մոտ անգործությունն ինչի՞ հետեւանք է:
-Զինվորի հետ հիմնական շփումը ներքեւի օղակներն են իրականացնում: Այսինքն` կարգապահությունը, մարտական պատրաստվածությունն իրականացնողը սպայական կազմն է, որը զբաղեցնում է դասակի, վաշտի, գումարտակի հրամանատարների պաշտոնները: Դա այն երիտասարդ սերունդն է, որը նոր է ավարտել բարձրագույն ուսումնական հաստատությունն ու սկսել աշխատել: Իսկ նման դեպքերը տեղի են ունենում երկու հիմնական պատճառներով` ի վիճակի չեն կամ ցանկություն չունեն իրավիճակը վերահսկելու: Բանակի բարձր օղակն էլ իր հերթին չի վերահսկում նրանց, ճիշտ չի կազմակերպում սպաների մասնագիտական պատրաստությունն ու դաստիարակությունը: Արդյունքում` այդ սպան ի վիճակի չէ վերահսկելու իր ստորաբաժանումն ու կանխելու այնտեղ տեղի ունեցող հանցագործությունները կամ ոչ ցանկալի երեւույթները:
-Այսինքն՝ նաեւ գեներալիտե՞տը մեղք ունի կատարվածի մեջ:
-Բոլորն ունեն իրենց մեղքի բաժինը: Սերժանտից սկսած մինչեւ նախարար պարտականություն ունեն ապահովել բանակի կարգապահությունը: Բայց զինվորի հետ հիմնականում զբաղվում է կրտսեր սպայակազմը: Բանակի բարձրաստիճան սպայակազմի պարտականությունն է ապահովել սպաների մասնագիտական պատրաստվածությունն ու նրանց պարտականությունների կատարման վերահսկողությունը, իսկ արդեն վերոնշյալ օղակի սպայակազմը պետք է ապահովի բանակում կարգապահությունը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս