ՀԱՅՑԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՊԵՏՔ Է ՄԵՐԺՎԱԾ ԼԻՆԵԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հայաստանյան մի շարք թերթերի խմբագիրները կոչով դիմել էին ՍԴ-ին` «վիրավորանք» եւ «զրպարտություն» հասկացությունները կարգավորող օրենքի դրույթները հակասահմանադրական ճանաչելու կոչով: Զուգահեռաբար առաջարկվել է պատկան մարմիններին ` իրենց լիազոր ներկայացուցչի միջոցով իրավիճակից դուրս գալու  լուծումներ ներկայացնել:
Երեկ Բրյուսելից վերադարձած ՄԻՊ Կարեն Անդրեասյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում այն առաջարկին, որ եթե թերթը մեջբերում է կոնկրետ անհատի ասած խոսքերը, ապա դատարանում պետք է հանդես գա որպես երրորդ անձ, այլ ոչ թե պատասխանող: Այսինքն` դիտվի որպես ամբիոն, խոսափող: Ըստ ՄԻՊ-ի` այդպես է ոչ միայն ըստ տրամաբանության, այլեւ օրենքով, որը սահմանում է, թե որ դեպքերում է լրատվամիջոցն ազատվում պատասխանատվությունից: Օրինակ` լրատվամիջոցը պատասխանատվությունից խուսափում է, եթե զրպարտություն դիտվող հատվածը բառացի կրկնությունն է որոշակի աղբյուրի: «Աղբյուրը եթե նշված է, լրատվամիջոցի պատասխանատվության հարց ընդհանրապես չի կարող լինել, ոչ թե Եվրոպական դատարանով, ավելի բարդ բառեր չասեմ, բացառապես մեր օրենքով, մեր տեքստն եք Դուք ասում»,-նշեց Կարեն Անդրեասյանը:
Օրենքը օրենք, բայց դատարանն, օրինակ, ոչ միայն վարույթ ընդունեց օլիգարխներն ընդդեմ «ՀԺ»-ի հայցը, այլեւ բավարարեց` այն դեպքում, երբ նրանց «վիրավորած» Մոսկվայի «Միաբանություն» ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը բառացիորեն աղաչում էր վիրավորվողներին` դատի տալ իրեն: Օմբուդսմենը, որին օրենքով վերապահված չէ վճիռներ մեկնաբանել, ասաց, թե ծանոթ չէ գործի մանրամասներին, եւ  եթե վճիռը  բերվեր իրեն, ապա  ծանոթանալու դեպքում կկարողանար գնահատականներ տալ ու կարգապահական պատասխանատվության պահանջով դիմել կամ չդիմել ԱԽ:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի երեք դատական հայցերում էլ կրկնվում է «ՀԺ»-ի պատմությունը, քանի որ հոդվածները տպագրվել են երկու դեպքում հայտնի անձանց ասածի հիման վրա, մյուս դեպքում էլ «Հայփոստ»-ով խմբագրություն ուղարկած կոնկրետ նամակի: Բայց քանի որ ՄԻՊ-ին վերապահված չէ ընթացիկ դատական գործերով մեկնաբանություններ անել, մեր դեպքերը շրջանցեցինք:  
Ինչեւէ, փաստ է, որ օմբուդսմենը դիմել է ՍԴ` Քաղաքացիական օրենսգրքի կոնկրետ դրույթը հակասահմանադրական ճանաչելու հայցով: Ի՞նչ պիտի անի ՍԴ-ն: Ենթադրենք, տուգանքների նվազագույն շեմի կիրառման խնդիր դրվի, դա ի՞նչ է տալու լրատվամիջոցներին: Սահմանադրական դատարանին դիմած Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ էականը ոչ թե գումարի չափն է, այլ օրենքի ճիշտ կիրառումը, որովհետեւ ե՛ւ մեր օրենսդրությամբ, ե՛ւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերով որպես փոխհատուցման չափ է նշվում «մի խելամիտ գումարի չափ, որը լրատվամիջոցի ֆինանսական կարողությունների տեսանկյունից դառնա ոչ թե լրատվամիջոցի սնանկացման աղբյուր, այլ որոշակի փոխհատուցում ապահովի, այն էլ այն դեպքում, եթե անձի  արժանապատվության ոտնահարումը տեղի է ունեցել լրագրողական էթիկայի կոպիտ խախտման, ոչ բարեխղճության, ակնհայտ կեղծ, իսկապես վիրավորական արտահայտությունների հրապարակման արդյունքում»: Ըստ օմբուդսմենի` օրենքի ճիշտ կիրառման դեպքում այսօրվա հայցերի մեծ մասն ընդհանրապես պետք է մերժվեին:   

Ա. Դ.




Լրահոս