ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԸ՝ ՀՆԱ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախատեսվում է, որ այս տարի կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ 53 տոկոսից ցածր կլինի՝ 2021-ի 60.3 տոկոսի համեմատությամբ, իսկ 2023-ի համար պետությունը նախատեսում է պարտքային միջոցների ներգրավումն իրականացնել այնպես, որ տարեվերջին կառավարության պարտքի հանրագումարը գտնվի ՀՆԱ-ի 50 տոկոսի սահմաններում:

 

Այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում  «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացմանը:

«Մակրոտնտեսական կայունությունը երաշխավորելու նպատակով շարունակելու է առանցքային նշանակություն ունենալ պետական պարտքի հուսալի կառավարումը: Վերջին մակրոտնտեսական զարգացումները եւ դրամի արժեւորումը նպաստել են նրան, որ 2022 թվականի արդյունքներով արձանագրվի ՀՆԱ-ի նկատմամբ կառավարության պարտքի հարաբերության զգալի բարելավում: Եթե 2021 թվականի արդյունքներով կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում էր 60.3 տոկոս, ապա այս տարվա արդյունքներով այն կլինի 53 տոկոսից ցածր սահմանում: Հաշվի առնելով կառավարության պարտքն ավելի կառավարելի եւ անվտանգ միջավայրում կայունացնելու կարեւորությունը՝ նախատեսում ենք գալիք տարվա ընթացքում շարունակել այդ քաղաքականությունը: 2023 թվականի ընթացքում նոր պարտքային միջոցների ներգրավումը կիրականացվի այնպես, որ տարեվերջին կառավարության պարտքի հանրագումարը գտնվի ՀՆԱ-ի 50 տոկոսի սահմաններում»,-ասաց Խաչատրյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս արձանագրեց՝ պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսային էական նվազում է ունեցել: Փաշինյանը սա կարեւոր ցուցանիշ համարեց թե՛ երկրի ներսում եւ թե՛ արտաքին աշխարհի համար: «Այստեղ էական դերակատարում է ունեցել դրամի ամրապնդումը: Թեեւ այդտեղ կան քննարկումներ, այնուամենայնիվ, կարծում եմ՝ այն, որ դրամը ուժեղ է եւ կայուն է, նաեւ մեր տնտեսական կայունության կարեւոր գործոն է»,-նշեց վարչապետը:

Անդրադառնալով ՀՆԱ-ին՝ վարչապետն ասաց, որ այս տարի երկնիշ տնտեսական աճ է սպասվում: «Եթե այս տարվա մեր պլանները կատարվեն, մենք նույնիսկ չենք բացառում, որ կունենանք տնտեսական աճի այնպիսի ցուցանիշ, որով կարող ենք արձանագրել, որ 2020 թվականի ճգնաժամային ճեղքը կարող ենք հաղթահարված համարել եւ արդեն անցնել բնականոն տնտեսական աճի ռեժիմի: Բայց պետք է արձանագրենք, որ 2023 թվականի 7 տոկոս տնտեսական աճի ապահովումը մեծապես կախված է կապիտալ ծախսերի իրականացման որակից»,-ասաց նա:

Ապա վերադառնալով 2023-ի պետբյուջեի նախագծին՝ նախարար Խաչատրյանն ասաց, որ կառավարության 2021-2026 թթ գործունեության ծրագրի առանցքային քաղաքականություններից մեկը հանրային հատվածի ֆինանսական հնարավորությունների կամ կառավարության հարկային եկամուտների ավելացումն է: Հարկեր-ՀՆԱ ցուցանիշի բարելավումը այդ քաղաքականության հիմնական ցուցանիշն է, որը 2026-ի համար սահմանվել է 25 տոկոս:

«Կանխատեսվում է, որ 2022 թվականի արդյունքներով այս ցուցանիշը կկազմի ՀՆԱ-ի 23.2 տոկոսը: 2023 թվականին եւ հաջորդ յուրաքանչյուր տարում հարկերը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է ավելանան տարեկան 0.5 տոկոսային կետով, ինչը եւ արտացոլված է գալիք տարվա պետբյուջեի նախագծում: 2023 թվականին հարկային եկամուտները կկազմեն 2 տրլն 204 մլրդ դրամ՝ այս տարվա համար սպասվող ցուցանիշները գերազանցելով 280 մլրդ դրամով, իսկ տարվա համար նախապես ծրագրավորված ցուցանիշը՝ 360 մլրդ դրամով»,-ասաց Խաչատրյանը:

2023 թվականի ընթացքում պետբյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 3.1 տոկոսը:

Զգալի ֆինանսական ավելացումներ կկատարվեն տնտեսական եւ սոցիալական աջակցության ծրագրերին: Կենսաթոշակների ֆինանսավորման ավելացումը գալիք տարվա բյուջեով կլինի ավելի քան 25 մլրդ դրամով: Չհաշված կորոնավիրուսի համավարակի դեմ միջոցառումների հատկացված ֆինանսավորման գումարները՝ ապա այս տարվա համեմատությամբ 2023 թվականի ֆինանսական հատկացումները առողջապահության ոլորտում կաճեն ավելի քան 11.5 մլրդ դրամով:

Կառավարությունը հաստատել է 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը, այն կուղարկվի Ազգային ժողովի քննարկմանը:

 

 

 

ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ԶԵՆՔ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ

Հնդկաստանը Հայաստանին զինամթերք կմատակարարի:

Կառավարությունները զենք եւ զինամթերք մատակարարելու համար մի շարք պայմանագրեր են կնքել այս ամսվա սկզբին:

The Economic Times-ի աղբյուրների համաձայն՝ Հնդկաստանը Հայաստան կարտահանի Pianka հրթիռային համակարգեր, որոնք արդեն իսկ ծառայում են հնդկական բանակին:

Հնդկաստանը նաեւ Հայաստանին կմատակարարի հակատանկային հրթիռներ, ինչպես նաեւ այլ զինամթերքներ: Ըստ հրապարակման՝ նախատեսված է նաեւ Swathi ռադարների մատակարարում:

Ըստ աղբյուրի՝ մատակարարումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 244 միլիոն դոլար:

 

 

 

ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Սյունիքի մարզում հանդիպել է տեղահանված եւ սեպտեմբերի կեսերի հարձակումներից տուժած ընտանիքների ու անձանց հետ։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ քննարկվել են մարզի բնակչության առաջ ծառացած մարտահրավերներն ու հրատապ խնդիրների լուծման ուղիները։

Դեսպան Թրեյսին եղել է Ակներ գյուղում, որը տուժել է հրետակոծությունից։ Հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակից լինել Հայաստանի ինքնիշխանությանը։

 

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է սեպտեմբերի 28-ի երեկոյան ադրբեջանական հերթական սադրանքին, որի հետեւանքով զոհվել է 3 հայ զինծառայող:«Այսօր կրկին տեղեկություններ են ստացվել 3 հայ զինծառայողի սպանության եւ մեկ ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին։ Այս եւ շատ այլ չարդարացված զոհեր սնուցում են ատելություն ու անկայունություն»,-նշել է Կլաարը: Ըստ նրա՝ անվտանգությունը իսկապես հնարավոր է միայն այն դեպքում, եթե սահմանները հարգվեն, եւ զորքերը միմյանց շատ մոտ չլինեն: «Խաղաղությունը չի կարող պարտադրվել»,-հավելել է Կլաարը:

 

 

 

 

ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄ

ՀՀ գլխավոր  դատախազությունում պաշտոնյաների ազատումները հասան «Մարտի 1»-ի գործի  հետ  կապ  ունեցող դատախազներին: Երեկ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վաղինակ Ջանազյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։  Նորանշանակ ՀՀ գլխավոր դատախազ  Աննա Վարդապետյանը ստորագրել է հրամանը՝ Վաղինակ Ջանազյանին հոկտեմբերի 3-ից աշխատանքից ազատելու վերաբերյալ։ Վերջինս պատահական մարդ չէ համակարգում: Վաղինակ Ջանազյանը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ է եղել, այնուհետեւ՝ ավագ դատախազ, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, իսկ 2021-ից՝ Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ։ Նրա անունը, սակայն,  հայտնի  է այլ գործով: Դեռեւս 2011 թվականին  ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը որոշում էր  կայացրել 2008թ. մարտի 1-ի գործով քննչական խմբի արդեն նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին այլ  պաշտոնի  տեղափոխել եւ  նրա փոխարեն «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարման աշխատանքները հանձնել ՀՔԾ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Վաղինակ Ջանազյանին: Վաղինակ Ջանազյանն էլ ընդունել էր «Մարտի 1»-ի գործով վարույթը, որը քննել էր այդ տարիներին: «Մարտի 1»-ի գործը մինչ օրս բացահայտված չէ, փողոցում գնդակահարված քաղաքացիների սպանությունները ցայսօր չեն բացահայտվել:

 

 

 

 

ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴՈՒՄ ՀԱՆԳԻՍՏ Է

«Ներքին Հանդում իրավիճակը կայուն է, մեզ մոտ երեկ հանգիստ է եղել, կրակոցներ չեն հնչել»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Ներքին  Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը՝ անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին: Նշենք, որ երեկ հակառակորդը արեւելյան ուղղությամբ սկսել էր ինտենսիվորեն կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ունենք երեք զոհ: Հիշեցնենք, որ, սեպտեմբերի 13-ի գիշերվանից սկսած, ադրբեջանական զինուժը ինտենսիվ հրետանային գնդակոծության է ենթարկել հայկական բանակի դիրքերը, ինչպես նաեւ Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի խաղաղ բնակավայրերը։ Տարբեր ինտենսիվությամբ մարտեր էին ընթանում տարբեր ուղղություններով՝ Սոթք, Վարդենիս, Արտանիշ, Գորիս, Կապան, Ջերմուկ, Իշխանասար, Ներքին Հանդ։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի մասին։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմից զոհվածների եւ անհետ կորածների թիվը 207 է, զոհվածների թվում կա երեք խաղաղ բնակիչ։ Վիրավորվել է 293 զինծառայող եւ 7 խաղաղ բնակիչ։ Առնվազն 20 զինվորական գերի է ընկել։

 




Լրահոս