Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Գույքի գնահատման եւ աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021թ.-ին իրականացրել է Երեւանի Դավիթ Բեկի փ. 155/1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 2159 քմ մակերեսով շինությունների եւ 4498 քմ մակերեսով հողամասի գնահատում, որի արժեքը, 15.01.2021թ. գնահատման հաշվետվությամբ, կազմել է 234 մլն 703 հազար դրամ:
Կառավարության համապատասխան որոշմամբ՝ այն 175 մլն 104 հազար դրամով օտարվել է քաղաքացի Լ. Խ.-ին:
Կադաստրի կոմիտեի e-cadastre.am կայքում առկա տվյալների համաձայն՝ նշված անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է շուրջ 527 մլն 616 հազար դրամ, այսինքն՝ շուրջ 2 անգամ ավելի գնահատման եւ շուրջ 3 անգամ ավելի վաճառքի արժեքից:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ արձանագրված փաստերը վկայում են, որ ՊՈԱԿ-ի գնահատողի կողմից կազմված եւ նույն ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի կողմից հաստատված գնահատման հաշվետվությամբ՝ 527 մլն 616 հազար դրամ արժեքով վերոնշյալ հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 2159 քմ մակերեսով շինությունները եւ 4498 քմ մակերեսով հողամասը գնահատվել են 234 մլն 703 հազար դրամ, որն էլ հիմք է ընդունվել նշված անշարժ գույքի օտարման համար: Արդյունքում նշված գույքն օտարվել է 175 մլն 104 հազար դրամով կամ շուրջ 3 անգամ պակաս շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից՝ պետությանը պատճառելով շուրջ 350 մլն դրամի առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, առաջացնելով ծանր հետեւանքներ:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ առկա են եղել պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, ծանր հետեւանքներ առաջացնելու, ինչպես նաեւ 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներ, Պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու:
ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԵՂԵԼ
ArmLur.am-ը գրել էր, որ Արթուր Ասոյանն ազատվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից: ArmLur.am-ի տեղեկություններով՝ մինչ այս ազատումը կառավարությունում թեժ քննարկում է եղել:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կառավարություն է հրավիրել տեսչական մարմինների ղեկավարներին եւ խիստ նկատողություններ արել: Արայիկ Հարությունյանը, դիմելով տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի արդեն նախկին ղեկավար Արթուր Ասոյանին, ասել է՝ դիմումդ գրի՛ր, գնա՛:
Եվ, ընդհանրապես, աշխատակազմի ղեկավարը գոհ չի եղել տեսչական մարմինների ղեկավարների աշխատանքից: Նա նշել է, որ այդ ղեկավարները նույնպես պետք է հեռանան, քանի որ ոչ մի տեսչական գործողություն չեն անում եւ պատշաճ ստուգումներ չեն կատարում:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը շաբաթներ առաջ էր գրել, որ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը ազատման դիմում է գրել: Տեղեկությունը անձամբ մեզ հետ զրույցում հաստատեց նա` նշելով, որ կա նման բան: Մեր այն հարցին՝ ինչն է պատճառը, հայտնեց, որ պաշտոնից հեռանալը այլ աշխատանքի անցնելու հետ է կապված:
Հավելենք, որ ArmLur.am-ը նաեւ գրել էր, որ Տեսչական մարմիններում փոփոխությունները շարունակական բնույթ են կրելու: Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 29-ին որոշում է ստորագրել, ըստ որի՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը պաշտոնից ազատվել է: Վարչապետի աշխատակազմը վաղուց է որոշել տեսչականի պետին ու գրեթե բոլոր տեսչությունների ղեկավարներին ազատել ու իրենց սրտի թեկնածուներին նշանակել այդ պաշտոններում: Այս ցանկում հաջորդ դիմում գրողը լինելու է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի պետ Հակոբ Ավագյանը. նա եւս իշխանության անցանկալիների շարքում է, իսկ, ահա, ՀՀ կրթության տեսչական մարմինը պետ չունի, եւ նրան դեռ փնտրում են: Բացի Ավագյանից, իշխանությունները կարող են հեռացնել նաեւ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի պետ Հովհաննես Մարտիրոսյանին, իսկ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն անձեռնմխելի է, քանի որ ՔՊ թիմից է:
ԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քրեական հեղինակություն Անդրանիկ Ներսիսյանի (քրեական աշխարհում հայտնի է որպես Զոն նայող Անդուլիկ) դեմ հարուցված քրեական գործը մտավ դատարան: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ՝ «քրեական հեղինակություն», եւ պահպանելով իր քրեական հեղինակությունը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած եւ ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացման, այն է՝ հանցագործությունների կատարման համար տվել է հրահանգներ, հովանավորել է դրանց կատարումը, այդ հանցագործությունների կատարմանը ներգրավել է այլ անձանց բռնության, սպառնալիքի, հարկադրանքի, անօրինական այլ գործողությունների միջոցով, լուծել է մասնավոր հարցերին առնչվող վեճեր (խնդիրները), թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից պարբերաբար ստացել է դրամական միջոցներ եւ ձեռք բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ: Քրեական հեղինակության հետ մեղադրյալի աթոռին են նաեւ 5 անձ: Հավելենք, որ Անդրանիկ Ներսիսյանը կալանավորված էր:
ՈՐՈՇՈՒՄ
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` առաջիկայում նախաքննական մարմինը նախաքննության ավարտ կհայտարարի Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատամբ հարուցված քրեական վարույթով: Ի դեպ, «ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք են տվել նաեւ Ցորի զորամասում ծառայած ժամկետային զինծառայողների ծնողները: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելուց առաջ հարցաքննվել են զորամասի զոհված զինծառայողների 20 ծնողներ եւ կոնկրետ ցուցմունքներ տվել Ջալալ Հարությունյանի դեմ: Ծնողները մանրամասնել են, թե ովքեր են պատասխանատուները իրենց երեխաների մահվան հարցում: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին երկու դրվագով առաջադրված մեղադրանքներից մեկը Ցորի զորամասի հրետանավորների զոհվելու հանգամանքներին է վերաբերում։ 44-օրյա պատերազմի օրերին ծանր վիրավորում ստացած ու այդ պատճառով պաշտոնից ազատված 47-ամյա Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մյուս դրվագի համաձայն՝ հենց նրա գործողությունների հետեւանքով են հոկտեմբերի 7-ին՝ հակահարձակման ժամանակ, հայկական ստորաբաժանումները մարդկային մեծաքանակ ուժի ու զինտեխնիկայի կորուստ կրել, պահեստային ստորաբաժանումները դարձել են ոչ մարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ: Ի դեպ, Ցորի զորամասի զինվորների մահվան դեպքով կա կալանավորված. վերջինս ՊԲ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր Գեւորգ Գեւորգյանն է, որի գործն արդեն դատարանում է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ