ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՀԵՐՔՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթի օգոստոսյան համարներում անդրադարձել ենք ՀՀ ԿՀԴՊԳՎ բերված «Քիմտեխ» գործարանի նախկին տնօրեն Սամվել Խաչատրյանի ճամպրուկից 65 հազար ԱՄՆ դոլարի անհետացման հանգամանքներին` համակողմանիորեն ներկայացնելով այս պատմությանն առնչվող երկու կողմերի վարկածներն էլ:
Հիշեցնենք, որ կողմերից մեկը փողի անհետացման մեղքը վերագրում էր «վեց»-ի աշխատակից Մուրադ Բաղդասարյանին` կասկածելի համարելով այն հանգամանքը, թե ինչու նա  չէր կազմել թմրանյութի արտադրության մեջ կասկածվող եւ բերման ենթարկված Խաչատրյանի ճամպրուկի խուզարկության արձանագրությունը, իսկ մյուս կողմի անմիջական շրջապատը ներկայացնողներն էլ ԿՀԴՊԳՎ 4-րդ վարչության պետ Նազարեթ Մնացականյանի  ուղղությամբ էին խոսում: Այսինքն, որ նա Խաչատրյանի 15 տարվա ծանոթն է եղել, քննության ընթացքում երկու անգամ ապօրինի այցելել է քրեակատարողական հիմնարկ, ուր պահվում է Սամվել Խաչատրյանը,  եւ  սպառնացել է Խաչատրյանի որդուն եւս ներգրավել գործում, եթե հանկարծ նա լեզուն ատամների արանքում չպահի:
Ինչեւէ, օրերս խմբագրություն այցելած քաղաքացին, որը ցանկացավ անհայտ մնալ, Մուրադ Բաղդասարյանի գործունեության վերաբերյալ ներկայացրեց նոր մեղադրանքներ, որոնք, սակայն, վերաբերում են հատուկ քննչական ծառայությունում քննվող մեկ այլ քրեական գործի: Նա պատմեց, որ ժամանակին քաղաքացի Մուրադ Բաղդասարյանը  հովանավորել է ոմն  Տիգրան Հակոբյանի, որն էլ ոմն Գոգայից շորթել է 25-30 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ թանկարժեք նկարներ: Ըստ քաղաքացու պատմածի` Մուրադ Բաղդասարյանը,  հանդիպելով Գոգային, խոստանում է վերադարձնել կա՛մ նկարները, կա՛մ փողը, միայն թե նա չբողոքի:
Սակայն որոշ ժամանակ սպասելուց հետո Գոգայի համբերությունը սպառվում է, եւ նա դիմում է ոստիկանություն: Ու քանի որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստելու ժամանակ կասկածներ են առաջացած լինում Մուրադ Բաղդասարյանի մասնակցության վերաբերյալ, նյութերն ուղարկվում են ՀՔԾ, որն էլ քրեական գործ է հարուցում, ինչից հետո անհասկանալի  հանգամանքներում Տիգրան Հակոբյանը, ում նկատմամբ ընտրված է եղել չբացակայելու մասին ստորագրություն տալու խափանման միջոցը, փախուստի է դիմում: Իսկ օրերս հետախուզման մեջ գտնվող Տիգրան Հակոբյանը բռնվել է: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին, որ Հակոբյանը ձերբակալվել է  հոկտեմբերի 10-ին Երեւանի Քանաքեռ-Զեյթունի ոստիկանական բաժանմունքի եւ ԿՀԴՊԳ վարչության աշխատակիցների կողմից` Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) հատկանիշներով: Ի դեպ, ձերբակալման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել են հոգեմետ նյութեր` 6 հատ «դիազեպամ»:
Մենք գրավոր հարց ուղարկեցինք նաեւ ՀՔԾ, որտեղից քննիչ Վարդան Հարությունյանը  հայտնեց, որ  Տիգրան Հակոբյանի գործով «վեցի» նշված աշխատակիցը` «Մուրադ Բաղդասարյանը, անցնում է որպես վկա»:  Տեղեկացվեց, որ գործը հարուցված է եղել 2009 թվականին, կասեցվել Տիգրան Հակոբյանի փախուստի պատճառով եւ վերսկսվել օրերս: Որեւէ այլ հարցի քննիչը չպատասխանեց` հղում անելով նախաքննական գաղտնիքին: Վռամ Բաղդասարյանի հետ մեզ անմիջականորեն կապվել չհաջողվեց, սակայն նրա ընկերը, որը ցանկացավ գաղտնի մնալ, ի պաշտպանություն Մուրադի` հետեւյալ հաստատագրումներն արեց:  Մուրադն այդ գործով անցնում է որպես վկա, քանի որ Տիգրան Հակոբյանը եղել է նրա հեռավոր ազգականը, եւ ո՛չ նա, ո՛չ էլ տուժող Գոգան (նրանք 3-ն են) Մուրադի դեմ ցուցմունք չեն տվել: Նրա դեմ ցուցմունք է տվել վկաներից մեկը` ոսկերիչ Լյովան, ով հայտնել է, թե Տիգրանն իրեն ասել է, որ Մուրադին 16 հազար դոլար է պետք: Իսկ Մուրադն էլ անմիջապես իրենից է քրոջ վիրահատության պատրվակով  2 հազար դոլար ուզել: Նշվեց, որ երբ առերեսման ժամանակ Մուրադը Լյովայից հարցրել  է, թե որտեղ է իրեն տվել գումարը, վերջինս ասել է` «ձեր տան մոտ», Մուրադը հարցրել է, թե որտեղ, եւ նա չի կարողացել նկարագրել այդ տեղը:    
     Հավելվեց նաեւ, որ «Արիության» մեդալի արժանացած օպեր լիազոր Մուրադ Բաղդասարյանն  այդ ժամանակահատվածում  ոստիկանության «Օրենքի պատվար» եւ այլ շքանշանների երբեք չէր արժանանա, եթե կասկածյալ լիներ. դրանք շնորհվել են, երբ ՀՔԾ-ից տեղեկացվել է, որ Բաղդասարյանն անցնում է որպես վկա: Իսկ առհասարակ,  սա որակվեց որպես Սամվել Խաչատրյանի ճամպրուկի անհետացած գումարի պատմության շարունակություն: Մեր զրուցակիցը, որը նախկինում եւս պաշտպանել էր Մուրադին` բնութագրելով որպես ՀՀ լավագույն օպերներից, այն ժամանակ համոզմունք էր հայտնել, որ գործը կփակվի, քանի որ Սամվել Խաչատրյանը հերքում է, թե ճամպրուկի մեջ գումար է եղել. գողացված 65 հազար դոլարի մասին նա ասել է բանավոր, կալանավայրում` իրեն գաղտնալսած խցակիցների մոտ: Ինչպես տեղեկացանք ՀՔԾ-ից` ճամպրուկի գործը կարճված է հանցադեպի բացակայության պատճառով:   

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս