ՈՐԵՎԷ ԴԵՊՔՈՒՄ ՄԻՋԱՆՑՔ ՉԻ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն ասում է, որ այս պահին, երբ աշխարհաքաղաքական տարբեր զարգացումներ են տեղի ունենում, Հայաստանը պետք է ճիշտ գնահատի իր ուժերն ու հասկանա՝ ինչպես առաջ շարժվել: ArmLur.am-ի հետ զրույցում նա, անդրադառնալով «միջանցքի» թեմային, նշեց. «Միջանցքի առկայությունը նախեւառաջ ՀՀ քաղաքացիներն են բացառում: Սյունիքում ամեն անգամ շփվում եմ տեղացիների հետ, ու մարդիկ, այո, շեշտում են՝ նման բան իրենք թույլ չեն տա պարզապես»:

 

-Օրեր շարունակ «Հայկական ժամանակ» օրաթերթում  «հավաստի աղբյուրը» լուրեր է հրապարակում, թե ինչեր է մեզանից ակնկալում Ռուսաստանը, եւ ինչեր է ակնկալում Ադրբեջանը խաղաղություն պայմանագիր կնքելու մասով: Բաց կերպով գրվում է Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու, միջանցքի հարցի եւ 3 այլ հարցերի մասին: Դուք, բնականաբար, ծանոթ եք այդ բոլոր կետերին. ի՞նչ գանահատական կտաք:

-Կցանկանամ միջանցքի հարցին առաջինը անդրադառնալ: Ես ասում եմ՝ Սյունիքի մարզով միջանցք միանշանակ չի լինելու: Ինչ վերաբերում է հոդվածին, պետք է մեկնբանել եւ ուսումնասիրել մենակ պաշտոնական նորությունները: Տարբեր կայքերում տարբեր հոդվածներ կարող են  գրվել, եւ ես լուրջ չեմ վերաբերվում նման հոդվածներին:

-Գիտե՞ք, թե ում ընտանիքին է պատկանում այդ լրատվամիջոցը:

-Դա այդքան էլ էական չէ: Ես հասկանում եմ, թե ինչ եք ակնարկում, բայց դա այդքան էլ էական չէ, քանի որ կան պաշտոնական հրապարակումներ, իսկ մենք հետեւում ենք պաշտոնական հրապարակումներին: Մեր հիմնական խնդիրը դա է, որ պետք է ամեն մի հրապարակումի շատ լուրջ չվերաբերվել:

-Միգուցե հասարակական  տրամադրությունները ստուգելու համա՞ր են այդ լուրերը տարածվել մամուլ:

-Դա Ձեր մեկնաբանությունն է:

-Իսկ Ձեր մեկնաբանությո՞ւնը:

-Ես չունեմ մեկնաբանություն այս հարցի շուրջ: Ես լուրջ չեմ վերաբերվում ոչ մի հրապարակման,  մինչեւ պաշտոնապես  չհրապարակվի:

-Այդ դեպքում ո՞րն է երաշխիքը: Ի՞նչ հիմքով եք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն երաշխիք տալիս, որ չի լինելու միջանցք:

-Ոչ միայն ես եմ այդ երաշխիքը տալիս, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է այդ երաշխիքը տալիս: Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ցանկանում տալ միջանցք Սյունիքում. ես խոսել եմ բազմաթիվ քաղաքացիների հետ: Մենք չենք անի մի բան, ինչը մեր երկրի շահերից չի բխում, իսկ դա մեր երկրի շահերից հաստատ չի բխում, ես դա Ձեզ վստահեցնում եմ:

-Իշխանության անունի՞ց եք վստահեցնում:

-Այո, ես վստահեցնում եմ իշխանության անունից,   եւ զարմանալի ոչինչ չկա, դրա մասին  ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետը:  Հայաստանի Հանրապետության տարածքով ոչ մի միջանցքային տրամաբանությամբ որեւիցե ճանապարհ չի տրվելու. այլ հարց է, որ եթե տրվի ճանապարհ, ապա դա պետք է անի Հայաստանի օրենսդրությունը եւ սուվերենությունը, որը լրիվ այլ բան է:

-Ճանապարհը, որը որ պետք է տալ, կվերահսկեն մե՞ր զինվորականները,  եւ մե՞ր մաքսային կետերը դրված կլինեն:

-Այո, ճանապարհը պետք է վերահսկի Հայաստանի Հանրապետությունը: Այդ հարցի հետ կապված այլ կարծիք չկա:

-Այդ հոդվածներից  մեկում  տեղ էր գտել Ռուսաստանին վերաբերող մի դրույթ, որում ասվում է, որ Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը ամբողջությամբ իր գիրկը նետվի եւ դառնա միութենական պետություն: Ինձ հետաքրքրում է Ձեր կարծիքը այս հարցի շուրջ, ի՞նչ կասեք: Կարծես թե Հայաստանը այս պահին ձգձգում է այդ գործընթացը:

– Լինելով Ազգային ժողովի  պատգամավոր՝ միութենական պետության հետ կապված որեւիցե քննարկման  ներկա չեմ եղել, եւ նման բան չկա: Հայաստանի Հանրապետությունը ազատ եւ անկախ պետություն է: Բացառված է՝ Հայաստանի  սուվերենությունը, անկախությունը որեւիցե մի օր քննարկենք: Զարմանում եմ, որ դեռ նման հարցեր առաջանում են: Երկրի առաջին դեմքի, արտգործ նախարարի եւ բոլորի շուրթերից է դա հնչում, որ Հայաստանի սուվերենությունը եւ անկախությունը քննարկման ենթակա  չէ:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Մոսկվայում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ աջակցել է իր գործընկերոջ առաջարկին՝ ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ խորհրդարանական ձեւաչափով քննարկելու տարածաշրջանային անվտանգության հարցերը:

Նշվում է, որ Վյաչեսլավ Վոլոդինն առանձին անդրադարձել է Հայաստանում ռուսաց լեզվի վիճակին։ Նա ուշադրություն է հրավիրել Հայաստանում ռուսերենով ուսուցմամբ դպրոցներ բացելու հարցին։

«Վյաչեսլավ Վոլոդինը նաեւ առաջարկել է Հայաստանի պատվիրակությանը Մոսկվա կատարած այցի ընթացքում ընդլայնել աշխատանքային օրակարգը: Ազգային ժողովի պատգամավորները կհանդիպեն Պետական դումայի բոլոր խմբակցությունների ղեկավարների եւ պրոֆիլային կոմիտեների հետ հետագա աշխատանքի հարցերը ձեւակերպելու համար: Այդ հանդիպումների արդյունքը պետք է լինեն Պետական Դումայի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ միջխորհրդարանական փոխգործակցության կոնկրետ առաջարկները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վյաչեսլավ Վոլոդինը եւ Ալեն Սիմոնյանը պայմանավորվել են հանդիպել եւս մեկ անգամ հոկտեմբերի 11-ին՝ քննարկելու ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության աշխատանքի արդյունքները:

 

 

 

ՀՐԱՀՐՈՒՄ Է

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում թուրքական հյուպատոսարանում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի թուրքական համայնքի անդամների հետ, որի ժամանակ կոչ է արել առավել համակարգված գործել հայկական սփյուռքի ներկայացուցիչների դեմ:

Չավուշօղլուն հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը դեմ է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Նշելով, որ Ֆրանսիայում 800 հազար թուրք քաղաքացի կա, Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կարող է առավել արդյունավետ լինել հատկապես քաղաքականության եւ լոբբիստական գործունեության մեջ։

«Դուք պետք է ավելի կազմակերպված կերպով ձեր ձայնը բարձրացնեք հայկական սփյուռքի դեմ, սիրելի՛ քաղաքացիներ»,- դիմելով թուրքական համայնքի  ներկայացուցիչներին՝ ասել է Չավուշօղլուն:

 

 

 

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

2022 թվականի հունիսի 9-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը կվավերացվի խորհրդարանում։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել ՀՀ կառավարությունը։

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2022թ հունիսի 9-ին ստորագրվել է ««Կրթության բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը՝ 22 600 000 եվրո գումարի չափով:

ՀՀ կառավարության՝ 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված է «մինչեւ 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով»:

«Կրթության բարելավում» վարկային ծրագրով ի սկզբանե նախատեսված էր 17 ավագ դպրոցների հիմնանորոգում, որոնցից, հաշվի առնելով հիմնանորոգման համար պահանջվող միջոցների չափը, հնարավոր եղավ կազմակերպել եւ իրականացնել 13 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Լրացուցիչ ֆինանսավորման պարագայում հնարավոր է իրականացնել մնացած 4 ավագ դպրոցների հիմնանորոգումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված է «մինչեւ 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական եւ ինժեներական լաբորատորիաներ՝ էապես բարելավելով կրթության որակը»:

Համաձայնագրով բանկը համաձայնում է վարկառուին տրամադրել քսաներկու միլիոն վեց հարյուր հազար եվրո գումարի չափով վարկ, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել արժույթի փոխարկմամբ՝ համաձայնագրի 1-ին առդիրում նկարագրված ծրագրի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով:

 

 

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված հետագա քայլերը երեկ քննարկվել են Անվտանգության խորհրդի նիստում. հայտնում են կառավարությունից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաեւ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Այլ մանրամասներ նիստից չեն հաղորդվում:

 

 




Լրահոս