Վերջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում է նախկին իշխանությունների մասին եւ նրանց մեղադրում, օրինակ, Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու, այն բանակցություններով հանձնելու համար:
Նկատենք՝ 1990-ականների վերջից մինչեւ 2020 -ի պատերազմը բանակցային սեղանին դրված են եղել Արցախյան հարցի կարգավորման 7 հիմնական տարբերակներ, որոնք այս ընթացքում տարբեր անվանումներ են ստացել: ArmLur.am-ը պարբերաբար կներկայացնի մինչեւ այս եղած սկզբունքներն ու հարցի կարգավորման տարբերակները, դրանց ձախողման պատճառները:
Այս անգամ խոսենք Արցախյան հարցի կարգավորման փաթեթային եւ փուլային տարբերակների մասին: Արցախի հարցում փաթեթային տարբերակը նախատեսում էր, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ նախկին ԼՂԻՄ -ի սահմաններով եւ լայն ինքնավարությամբ:
1996 թվականի դեկտեմբերին Լիսաբոնում ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցում էին ավելի քան 50 երկիր, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Ամփոփիչ հռչակագրի 20-րդ կետը պետք է վերաբերեր Ղարաբաղյան հակամարտությանը, սակայն Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեկան այդ կետի բովանդակության հարցում: Այն ժամանակ նախագահ Հեյդար Ալիեւը պնդում էր, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը ներառվի պարբերությունում, Հայաստանը դեմ էր այդ ձեւակերպմանը եւ վետո կիրառեց:
Ի պատասխան՝ Ադրբեջանը սպառնաց վետո դնել ողջ ամփոփիչ հռչակագրի վրա, եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը չընդգրկվի փաստաթղթում: Բանակցությունների արդյունքում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ պարբերությունն ընդհանրապես հանվեց հռչակագրի տեքստից: Փաթեթային համաձայնագրով նախատեսվում էր, որ կողմերը պիտի ճանաչեին Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ Լեռնային Ղարաբաղը պետք է պետական եւ տարածքային կազմավորում լիներ Ադրբեջանի կազմում: Իսկ ինքնորոշումը պետք է կյանքի կոչվեր Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջեւ կնքված համաձայնագրով, որը պետք է հավանության արժանանար Մինսկի համաժողովի կողմից, ապա ներառվեր Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանադրություններում: Այս տարբերակին կտրականապես դեմ էր Արցախը, Հայաստանը՝ ոչ այնքան:
Այս ամենից հետո պարզ դարձավ, որ համանախագահները կողմերին առաջարկեցին հարցը լուծել փուլ առ փուլ, այսինքն՝ կարգավիճակի հարցը թողնել ապագային՝ մինչ այդ կենտրոնանալով մյուս հարցերի վրա, որոնց վերաբերյալ տարաձայնությունները շատ չէին., դրանց թվում էին զորքերի դուրսբերումը Ղարաբաղի հարակից շրջաններից, բացառությամբ Լաչինի, բուֆերային ու բաժանարար գոտիների ստեղծումը, միջազգային խաղաղապահների տեղակայումը, տեղահանվածների վերադարձը, ապաշրջափակումն ու կոմունիկացիաների վերականգնումը: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները որոշ վերապահումներով, բայց ընդունել էին այս տարբերակը՝ որպես հիմք հետագա բանակցությունների համար: Ստեփանակերտը կրկին մերժել էր: Հայաստանում լուրջ տարաձայնություններ կային փուլային տարբերակի շուրջ, որոնք, ի վերջո, հանգեցրին ներքաղաքական ճգնաժամի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՄԲ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով քննիչների է պարգեւատրել։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը, համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի՝ իրավակարգի եւ օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրել`
Ազատ Լյուդվիգի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ
Արմեն Սամվելի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ»,-նշվում է հրամանագրում։
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է
Իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանը ԵԽԽՎ լիագումար նիստում բարձրաձայնել է Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժման մասին, շեշտել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների, քաղաքացիական ենթակառուցվածքները, թիրախավորելու փաստերը:
Փոլ Գավանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների, նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ հարցերի քննարկման շրջանակում:
ԵԽԽՎ պատգամավորը հստակ ընդգծել է, որ բախումները սեպտեմբերին տեղի են ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքում: «Կարծում եմ՝ կարեւոր է, որ բոլոր բռնությունները տեղի են ունեցել Հայաստանի տարածքում։ Դրանից ոչ մեկը չի եղել Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանում»,-նշել է պատգամավորը:
ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏՈՒՄ Է
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը շարունակում է աշխատել՝ միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ եւ հասանելի միջոցներ։ Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը:
Հունանյանը նաեւ հայտնեց, որ հոկտեմբերի 10-ին Կիեւին հասցրած հարվածներից ՀՀ դեսպանության շենքը չի վնասվել:
Ուկրաինական լրատվամիջոցները հոկտեմբերի 10-ին հայտնեցին Ռուսաստանի կողմից երկրի տարբեր հատվածներում ավելի քան 84 հրթիռային եւ ավիացիոն հարվածների մասին: Մասնավորապես, հարվածներ են արձանագրվել Վիննիցայի, Լվովի, Կիրովոգրադի, Նիկոլաեւի, Պոլտավայի, Տերնոպոլի, Ժիտոմիրի եւ Կիեւի մարզերում:
ԵՄ-Ի ՋԱՆՔԵՐԸ
«Մոսկվան տեսնում է Եվրոպական Միության հերթական փորձերը՝ ամեն գնով միջամտելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, դուրս մղելու Ռուսաստանին»,- ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Եվրոպական Միությունը դեռեւս պաշտոնապես որոշում չի կայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հումանիտար առաքելություն տեղակայելու վերաբերյալ:
«Բաքվի ու Երեւանի հաշտեցման, տարածաշրջանում ամուր խաղաղության, երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումն է»,- նշել է Զախարովան, հավելել՝ Մոսկվան պարբերական շփումներ է պահպանում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ:
Դիվանագետի խոսքով՝ այդ առումով կօգտագործվի նաեւ Աստանայում ԱՊՀ արտգործնախարարների առաջիկա նիստի հնարավորությունը:
12-ԻՑ 11-Ը ՇՏԿՎԵԼ ԵՆ
«Փեթակ» առեւտրի կենտրոնի ճակատագիրն առաջիկայում հայտնի կլինի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այս ընթացքում ստուգում են՝ արդյոք առեւտրի կենտրոնը նախկինում հայտնաբերված թերությունները շտկել է, թե ոչ: Տեղեկացնենք, որ 2021 թվականի հունիսի 14-18-ը ստուգում էր իրականացվել «Փեթակ»-ում, եւ դրա արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության կանոնների 12 խախտումներ։
Մեզ հայտնի դարձավ, որ «Փեթակ» առեւտրի կենտրոնի տնօրենը նախորդ ուրբաթ գրություն է ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին եւ տեղեկացրել, որ հայտնաբերված 12 խախտումներից 11-ը շտկվել են, իսկ 12-րդը՝ ընթացիկ աշխատանքային փուլում է: Եթե տեսչական մարմինը հաստատի, որ շտկվել են խախտումները, ապա առեւտրի կենտրոնի գործունեության դադարեցման մասին որոշումը կհանվի:Առեւտրի կենտրոնի փոխտնօրեն Նորիկ Հեբոյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ հրդեհային անվտանգության կանոնների արձանագրված 12 խախտումներից 11-ը վերացվել են. «Մնացել է միայն օդափոխման սարք տեղադրել, որը պատվիրել ենք, շուտով մեզ կհասնի»:
Թե երբ սարքը տեղ կհասնի եւ կտեղադրվի, փոխտնօրենը դժվարացավ ժամկետ նշել: Բայց առեւտրի կենտրոնի տնտեսվարողները հույս ունեն, որ տեսչական մարմինը կզիջի եւ կչեղարկի գործունեության դադարեցման մասին կայացրած որոշումը՝ մինչեւ սարքերի հասնելն ու տեղադրվելը: