ԶՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմի 277 մասնակից զրկվել է հաշմանամության կարգից։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունից տեղեկացրել են, որ 261 մասնակից, որոնք ստացել էին հաշմանդամության 3-րդ կարգ, վերափորձաքննության ժամանակ զրկվել են կարգից, եւս 16 հոգի զրկվել են կարգից՝ մինչ այդ ունենալով հաշմանդամության երկրորդ կարգ, իսկ 128 հոգու հաշմանդամության կարգը 2-րդ-ից իջեցվել է 3-րդ:

 

Նշենք, որ 44-օրյայի ժամանակ հաշմանդամ դարձած տղաների հաշմանդամության կարգը տրվել է՝ հիմք ընդունելով 2003թ. հաստատված բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները:

2023 թվականի փետրվարի 1-ից արդեն անձի հաշմանդամության սահմանման գործընթացն իրականացվելու է այլ՝ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի միջոցով:

«Վերոգրյալի հիմքով՝ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման հավելվածով հաստատվել է անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը, իսկ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները եւ գործիքները հաստատելու մասին» N 1177-Ն որոշման հավելվածով՝ հաստատվել անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները եւ գործիքները»,- գրված է նախարարության հայտարարության  մեջ:

Այսինքն՝ հետայսու եւս հաշմանդամության կարգ սահմանելիս հաշվի չի առնվելու՝ շահառուն ռազմական գործողությունների ժամանակ է հաշմանդամ դարձել, թե այլ պայմաններում: Հաշմանդամության կարգ սահմանելու հիմքում բոլոր դեպքերում դրվելու են նույն չափորոշիչները: Անձի հաշմանդամության սահմանման չափորոշիչները բխում են հաշմանդամության սահմանումներից եւ դիտարկվում են անձի օրգանիզմի ֆունկցիաների, անձի գործունեության եւ մասնակցության սահմանափակումների համատեքստում եւ չեն կարող կախված լինել ռազմական գործողություններին մասնակցելու հանգամանքից։ Ինչպես նշված է 2023թ. փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող որոշման հավելվածում, անձի ֆունկցիոնալության գնահատման յուրաքանչյուր առանձին դեպքի համար ձեւավորվելու է գնահատող նոր հանձնաժողով։ Գնահատող հանձնաժողովի անդամները պատահականության սկզբունքով էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով ընտրվելու են ֆունկցիոնալության գնահատման նպատակով ներգրավված մասնագետների ռեեստրից:

Համաձայն «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» որոշման՝ անձի ֆունկցիոնալության գնահատմանն առնչվող ամբողջ փաստաթղթաշրջանառությունը 2023 թվականի փետրվարի 1-ը պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով՝ e-disability էլեկտրոնային համակարգի օգնությամբ:

Վերջինիս նախագծումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ մինչեւ 2023 թվականի հունվարի 10-ը՝ հասցնել ապահովել փորձնական կիրարկումը եւ ներդրումը։

 

 

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇ

2022 թվականի 9 ամիսների ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 412 մլրդ դրամ. հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 77 մլրդ դրամով։

 

Արձանագրվել է հարկային եկամուտների հավաքագրման պատմական ռեկորդ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանրային ներկայացրել է ընթացիկ տարվա ինն ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները: Նույն ժամանակահատվածում հարկ վճարողներին վերադարձվել է ռեկորդային չափով գումար՝ 172 մլրդ դրամ, իսկ 2022 թ. 9 ամիսների տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 663 հազար՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը՝  36.8 հազարով կամ 6 տոկոսով, իսկ 2020 թ. ցուցանիշը՝ շուրջ 60 հազարով: Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2021 թվականին կազմել է 22.7 տոկոս։ Ընթացիկ տարում նախատեսվում է ունենալ 11 տոկոս տնտեսական աճ եւ 8 տոկոս գնաճ, իսկ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարելավվելու է 0.5 տոկոսային կետով եւ կազմելու է 23.2 տոկոս։ «Սա նշանակում է, որ հարկային եկամուտներն ավելի արագ են աճում, քան ՀՆԱ-ն, ինչն այլ հավասար պայմաններում վերագրվում է հարկային վարչարարությանը եւ հարկային կարգապահության բարելավմանը։ Հարկային վարչարարությունը տարեցտարի իրականացվում է ավելի թիրախային՝ հիմնված վերլուծական գործիքների վրա»,- հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաեւ վերջին շրջանում մաքսային համակարգում իրականացված բարեփոխումներին: Մաքսային գործառնությունների վերանայման արդյունքում հանվել են փաստաթղթային մի շարք ոչ ֆորմալ գործընթացներ։ Ներդրվել է նախնական հայտարարագրման համակարգը: 24/7 ռեժիմով սահմանին ներմուծվող ապրանքների բացթողումն իրականացվում է ժամանումից հետո՝ միջինում 15 րոպեից մինչեւ 3 ժամում։

Երեւանում նոյեմբերի 1-ից մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած եւ ընտրված մասնակիցներն աշխատանքի կանցնեն բարեփոխման նոր փուլ սկսած մաքսային ծառայության համակարգում։ Քննական փուլը հաղթահարել է 160 մասնակից։

 

 

 

ԱՐԴՅՈՒՆՔ ՉԵՆ ՏՎԵԼ

Այս տարվա հուլիսին Իջեւանի համայնքապետարանը  ձեռք բերեց  «Կամազ» մակնիշի աղբահավաք  2 ավտոմեքենա եւ 350 աղբարկղ։ Այդ աղբարկղերը  համալրեցին Իջեւանում  առկա շահագործվող աղբամանների քանակը։ Իջեւան քաղաքում աղբամանների պակաս չկա, սակայն քաղաքի շատ բնակիչներ  դրանցից պատշաճ ձեւով չեն օգտվում։ Իջեւանի  բնակիչներ կան, որոնք իրենց տան կենցաղային աղբը ցելոֆաններով  տանում, դնում են  պլաստմասսե աղբարկղի կողքին՝ փոխանակ աղբարկղի կափարիչը  բացելու եւ աղբը աղբամանը նետելու։ Իջեւան  քաղաքի աղբահանությունն իրականացող  կոմունալ ծառայության աշխատողները բնակիչներին բազմիցս  հորդորել են աղբը նետել աղբարկղ, ոչ թե տեղադրել դրա կողքին, սակայն այդ հորդորներն  արդյունք չեն տալիս։ Իջեւան քաղաքում  այդ առթիվ հիշում են  Իջեւանին  հարակից Գանձաքար գյուղի  բնակիչ, այժմ հանգուցյալ   Գորենի հետեւյալ  խոսքերը՝ Իջեւանը քաղաք կդառնա, իջեւանցիները  քաղաքի բնակիչներ չեն դառնա։

 

ՎՆԱՍ՝

ՊԵՏՈՒԹՅԱՆԸ

Դիլիջանի  ազգային պարկում՝ որպես բնության  հատուկ պահպանվող տարածքում, ընդհանրապես արգելված են ծառերի հատումները, սակայն  նախկինում ազգային  պարկի տարածքում կատարվել են ծառերի ապօրինի հատումներ, այն էլ՝ ծառերը հատողների հետ   ազգային  պարկի անտառապահների հանցավոր համագործակցությամբ։ Բաբկեն Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա,  2020թ.-ի նոյեմբերի 24-ից երեք ամիս փորձաշրջանով աշխատանքի ընդունվելով «Դիլիջանի  ազգային պարկ»  ՊՈԱԿ-ում որպես անտառապահ, հանդիսանալով նյութական պատասխանատու անձ, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի բնակիչ Դավիթ Մարկոսյանի կողմից  «Դիլիջանի  ազգային պարկ»  ՊՈԱԿ-ի տարածքից ապօրինի կերպով թաց, կանգուն ծառեր հատելու եւ  այդ ծառերից ստացված յուրաքանչյուր 1 խմ վառելափայտի դիմաց 5000  դրամ գումար վերցնելու հարցի շուրջ վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերելով, չի կատարել իր վրա դրված պարտականությունները եւ  ակնհայտ ապօրինի անգործություն դրսեւորելով՝ թույլատրել է Դ. Մարկոսյանին ապօրինի հատել ընդհանուր 15 հատ տարբեր տեսակի թաց կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 1925000 դրամի վնաս: Բ. Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 2-րդ մասով, Դավիթ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով եւ 312 հոդվածի 1-ին մասով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում  է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաք նստավայրում։

ՈՍԿԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս