ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանը Նորվեգիայի ԱԳ նախարարին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան մեկ տասնամյակ դադարից հետո սա նորվեգական կողմի առաջին բարձրաստիճան այցն է Հայաստան. Մենք գնահատում ենք Նորվեգիայի ԱԳ նախարարի ներկայությունը Երեւանում, հատկապես բազմում մարտահրավերներով լի ներկայիս ժամանակահատվածում, ինչը հայ ժողովրդի հետ Նորվեգիայի համերաշխության նշան է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երեւանում Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա նաեւ նշեց. «Հատկանշական է, որ այցը տեղի է ունենում Հայաստանի եւ Նորվեգիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարում:

Բարձր ենք գնահատում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին եւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ջանքերին Նորվեգիայի աջակցությունը:

Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ Նորվեգիան հանդիսանում է ԵԽ-Հայաստան 2019-2022 թվականների գործողությունների ծրագրերին ամենամեծ կամավոր հատկացում կատարած երկիրը:

Միաժամանակ երաշխագիտություն եմ հայտնում Կովիդ-19-ի դեմ պայքարում Նորվեգիայի ցուցաբերած աննախադեպ աջակցության համար: Այսօր տիկին նախարարի հետ անդրադարձել ենք Հայաստանի եւ Նորվեգիայի միջեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին: Այս առումով կցանկանայի ընդգծել մեր երկրների ԱԳՆ-ների միջեւ խորհրդակցությունները, դրանց դերակատարումը:

Փոխադարձ պատրաստակամությունն ենք հայտնել գործնական քայլեր ձեռնարկել առեւտրատնտեսական ոլորտում ներուժը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ: Որպես տնտեսության համագործակցության հեռանկարային ոլորտներ առանձնացրել ենք ՏՏ ոլորտը, վերականգնվող էներգիան, ինչպես նաեւ թվային կառավարումը:

Այսօր նախարարի հետ այցելել ենք Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ հարգանքի տուրք ենք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայ ժողովուրդը մեծարանքով եւ երաշխագիտությամբ է հիշում հումանիստ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին եւ միսիոներուհի Բոդիլբյորնին:

Որպես հարգանքի տուրք, նորվեգացի երկու հումանիստների գերեզմանի հողն ամփոփված է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հուշապատի մեջ:

Կարող ենք արձանագրել, որ Նորվեգիայի միջազգային ասպարեզում, մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ դառնալու հիմքը նաեւ այս անհատներն են եղել:

Մեր քննարկումների առանցքում եղել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումները: Գործընկերոջս եմ ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքի մանրամասները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մեր դիրքորոշումը: Քննարկել ենք ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը: Մենք գնահատում ենք Նորվեգիայի հասցեական դիրքորոշումը ի աջակցություն ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանությանը, ինչպես նաեւ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների արտադատական սպանությունների խնդրի շուրջ:

Այս համատեքստում լիահույս ենք, որ Նորվեգիան որպես մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ, կշարունակի հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը:

Ադրբեջանի կողմից նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում շեշտել եմ սահմանային իրավիճակի մշտադիտարկման եւ վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը եւ այս հարցում միջազգային գործընկերների, այդ թվում Նորվեգիայի աջակցությունը:

Վերահաստատել եմ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրս բերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման եւ հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը՝ վերստին ընդգծելով ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների լուծման անընդունելիությունը»:




Լրահոս