Երկու ամսից տարին կավարտվի, բայց կառավարությունը դեռ չի նորոգում դեռեւս մարտին փլուզված կամուրջը։ Խոսքը Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի մասին, է որը մոտ 7 ամիս է, ինչ անանցանելի է։
Կհիշեք՝ մի քանի գյուղեր կապող՝ Սեւ ջուր գետի կամրջի վրա մեծ ճաքեր էին առաջացել եւ այդ հատվածով երթեւեկությունը մինչեւ հիմա անհնար է, քանի որ կամուրջը փլուզման վտանգի առաջ է կանգնած` մի հատվածը ճաքած է: Այն շրջանցելու նպատակով տեղի բնակիչներն անիվներ են տեղադրել կամրջի վրա ու ժապավենով առանձնացրել երթեւեկելի հատվածից:
Ե՞րբ են ի վերջո սկսվելու կամրջի նորոգման շինաշխատանքները հարցին, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից փոխանցեցին հետեւյալը․ «Այդ կամրջի շինարարության մրցույթի հայտը արդեն տրվել է։ Առաջիկա օրերին պետք է, որ շինարարության մրցույթը հայտարարվի»։
Ի դեպ, տեղեկացնենք, որ կամրջի նորոգումը հրատապության կարգով ներառվել է 2022թ. հիմնանորոգման ծրագրում։ Բայց չգիտես, թե ինչու կես տարուց ավելի է, ինչ կառավարությունը չի կարողանում մի կամուրջ նորոգել։
Մինչդեռ ArmLur.am-ին դեռ ապրիլ ամսին Արմավիրի մարզպետարանից փոխանցել էին, որ կամրջի հիմնանորոգման նախագիծ է մշակվում։ Սակայն ամիսներ է անցել, բայց սալյը տեղից չի շարժվում։ Տեղի բնակիչները վստահ են, որ կամրջի նորոգման աշխատանքները դանդաղում են: Թե ինչու է ձգձգվում կամրջի նորոգումը, Արաքս խոշորացված համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը չկարողացավ ասել։ Նա չգիտի նաեւ, թե երբ են սկսվելու շինաշխատանքները։
Բայց զրույցի ընթացքում համայնքի ղեկավարն արձանագրեց, որ իրենց համայնքի մոտ պետք է ավազով բեռնված մեքենաների համար նախատեսված կշեռք տեղադրվի։
«Մեր գյուղի մոտ այդ կշեռքից չի տեղադրվել, «Զվարթնոցում» գազալցակայան կա, դրա կողքին է տեղադրվել։ Երեւան գնացող բոլոր մեքենաները՝ տարբեր բեռներով բարձված պետք է կշռվեն։ Ժամանակը գա, մեզ մոտ էլ կտեղադրվի, որովհետեւ վարորդները փորձում են այդ ճանապարհները շրջանցել։
Մենք արդեն տեղեկացրել ենք համապատասխան մարմիններին, որովհետեւ մեր ճանապարհները ավազով բեռնված մեքենաները փչացնում են․ անգամ նկատել ենք, թե ինչպես է ասֆալտը փոս գնացել՝ մեքենայի անցնելուց հետո ու նորից բարձրացել»,- իրավիճակը ներկայացրեց Ղազար Ղազարյանը։
Սյունէ Համբարձումյան