«Լեռնային Ղարաբաղում ականների խնդիրը լուծելու համար գրեթե 30 տարի կպահանջվի»,- օրերս հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու սրտնեղել՝ գործընթացն ավարտին հասցնելու համար 25 միլիարդ դոլար կպահանջվի։
«Ադրբեջանն աշխարհում ականներով ամենաաղտոտված երկրների շարքում է։ Նախնական հաշվարկներով՝ Հայաստանը մեկ միլիոնից ավելի ական է տեղադրել։ Միջազգային փորձագետների կարծիքով՝ ականների խնդիրը լուծելու համար Ադրբեջանից կպահանջվի գրեթե 30 տարի եւ 25 միլիարդ դոլար»,- Աստանայում ընթացող Ասիայի փոխգործակցության եւ վստահության միջոցների ամրապնդման համաժողովի շրջանակում ասել է Ալիեւը:
Ռազմական փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է, որ Ալիեւի ներկայացրած թվերն իրականության հետ մոտավոր կամ անգամ չնչին աղերսներ ունեն: Ականները, նրա փոխանցմամբ, հիմնականում՝ շփման գծի երկայնքով, հազվադեպ էլ թիկունքում են շարված եղել: Մանգասարյանը վստահ է՝ Ալիեւը, ականապատ տարածքների մասին ճոխ թվեր ներկայացնելով, ավելի շատ ներքաղաքական ինչ-ինչ հարցեր է լուծում: Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո իր վերահսկողության տակ անցած տարածքները վերաբնակեցնելու խնդիր ունի, իսկ ակաների թեման վերաբնակեցման գործընթացը ձգձգելու լավ պատրվակ կարող է լինել: «Ալիեւն ականների թեման փորձում է պատրվակ օկտագործել՝ ցույց տալու համար, որ մոտակա 20-30 տարիների ընթացքում Արցախի՝ իրենց վերահսկողությոն տակ անցած տարածքներում մարդկանց վերաբնակեցման խնդիրը լուծել չի հաջողվելու: Դա, այսպես ասած, բավական բարենպաստ ապահովագրում է իր համար»,- մեզ հետ զրույցում ներկայացնում է Մանգասարյանը:
44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Երեւանը մի քանի անգամ է Բաքվին ականապատ տարածքների քարտեզներ ներկայացրել: Ըստ տարածված խոսակցությունների՝ Հայաստանն Ադրբեջանին քարտեզներ է տրամադրել, ինչին ի պատասխան՝ Բաքուն Երեւանին մի քանի ռազմագերի է վերադարձրել: Դրանք, սակայն, սոսկ խոսակցություններ են եղել: «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը հիշեցնում է՝ թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բազմիցս են հայտարարել՝ Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների ականապատման քարտեզները պաշտոնական Երեւանը Բաքվին որպես բարի կամքի դրսեւորում է տվել: Բայց բարի կամքից անդին, մեր զրուցակցի կարծիքով, նման քարտեզներ տրամադրելով՝ օգնում ենք հակառակորդին:
«Նմանօրինակ քարտեզները իրենց մեջ ռազմական ու պետական գաղտնիք համարվող տեղեկատվություն են պարունակել, ու ստացվում է, որ մենք ադրբեջանցիներին անուղղակիորեն օգնում ենք: Ինչպես՝ բացատրեմ. Բաքուն, որ բավական մեծ ռեսուրսներ՝ ժամանակ ու ֆինանսներ պետք է ծախսեր, որպեսզի Արցախի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներում ականազերծման աշխատանքներ կատարի, այժմ կարող է խնայել թե՛ ժամանակը, թե՛ ֆինանսները»,- ընդգծում է նա:
Ռազմական փորձագետն այն համոզմանն է, որ ականապատ քարտեզների գումարները խնայելով՝ պաշտոնական Բաքուն այդ միջոցներն օգտագործելու է տարբեր տեսակի ու տրամաչափի զենք-զինամթերքներ ձեռք բերելու համար ու դրանք ինչ-որ ժամանակ մեր դեմ կիրառի:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ՆՈՒՅՆԱՆՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Արցախում գրանցված «Միասնական հայրենիք» կուսակցությունը որեւէ աղերս չունի հայաստանյան նույնանուն կուսակցության հետ։ ArmLur.am-ի հետ զրույցում ասում է Արցախի Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը։
«Ժողովուրդ» օրաթերթի՝ հոկտեմբերի 13-ին լույս տեսած «Ինչի՞ց են վախեցած Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած ուժերը» վերտառությամբ հոդվածում նույնպես իրականում շփոթմունք էր տեղի ունեցել, ու Հայաստանում գրանցված «Միասնական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Մհեր Տերտերյանը Սամվել Բաբայանի կուսակից էր ներկայացվել։
«Արցախի Հանրապետությունում գրանցված ու գործող խորհրդարանական երկրորդ ուժի, Սամվել Բաբայանի ստեղծած «Միասնական հայրենիք» կուսակցության հետ Մհեր Տերտերյանը որեւէ աղերս չունի: Մենք որեւէ առնչություն չունենք իրար հետ։ Մենք մեր կուսակցությունը հիմնել եք, ինչից ամիսներ, եթե ոչ մեկ տարի անց նոր նա նույնանուն կուսակցություն է հիմնել»,- մեզ հետ զրույցում ասաց Հայրապետյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը, ի դեպ, Տերտերյանի հետ փորձեց կապի դուրս գալ՝ հասկանալու, թե վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ ինչ են քննարկում։ Վերջինս, սակայն, ոչ միայն հրաժարվեց, այլ մի բան էլ «սեւ ցուցակ» գցեց մեզ։
Մհեր Տերտերյանին դեռ տարիներ առաջ՝ 2017-ի փետրվարի 15-ին, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթն էր անդրադարձել՝ հրապարակելով «Կարեն Կարապետյանի միլիոնատեր խորհրդականը՝ Ղազախստանից» վերտառությամբ հրապարկումը։ Այդ ժամանակ, նշենք, Փաշինյանի հետ մշտապես հանդիպող Տերտերյանը Կարապետյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական էր նշանակվել։
Նրա մասին վերջերս նաեւ մենք էինք ահազանգ ստացել։
ArmLur.am-ին Երեւանի բնակիչ Մարինե Համբարձումյանն էր դիմել ու փոխանցել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր 1 թաղամասում գտնվող իր առանձնատունն ամիսներ առաջ վարձակալության է հանձնել, սակայն պայմանագիրը լրանալուց եւ այն սղելուց հետո վարձակալին չի կարողանում հանել տանից: Բնակչուհին մեզ պատմել էր, որ իր տանն այժմ գործունեություն է ծավալում (զենք է արտադրում) ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախկին խորհրդական Մհեր Տերտերյանը: Բնակելի թաղամասում, փաստորեն, զենք-զինամթերք ոչ միայն պահվում, այլեւ արտադրվում է, իսկ իրավապահները լուռ են:
Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ԿՐԿԻՆ ՉԿԱՅԱՑԱՎ
Երեկ Սիսիան համայնքում պետք է տեղի ունենար ավագանու նիստը, որի ժամանակ նախատեսված էր իրականացնել ՔՊ-ական Արմեն Հակոբջանյանի երդման արարողությունը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ինչպես առաջին անգամ, նաեւ այս անգամ Արմեն Հակոբջանյանին չհաջողվեց երդվել եւ ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները։
Հիշեցնենք, որ առաջին՝ հոկտեմբերի 15-ին նշանակված նիստը կրկին քվորում չլինելու պատճառով չէր կայացել։
Ավագանու 4 մանդատից նախ հրաժարվել էր «Ապրելու երկիր» խմբակցությունը՝ հայտարարելով, որ նպատակահարմար չի համարում իր գործունեությունը գործող ավագանու կազմում։ Իսկ երկու օր անց՝ հոկտեմբերի 14-ին, մանդատներից հրաժարվելու մասին հայտարարեցին նաեւ «Աշխատանք եւ արդարություն» եւ «Մեկ Հայաստան» խմբակցությունները, որոնք ընդհանուր ունեին 7 մանդատ։ Հավելենք, որ Սիսիան խոշորացված համայնքում ավագանու առաջին նիստին՝ համայնքապետի ընտրության երկրորդ փուլում, համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանը։ Ձայները բաշխվել էին հետեւյալ կերպ՝ Արմեն Հակոբջանյանը ստացել էր 9, իսկ «Աշխատանք եւ արդարություն» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Հայկ Առաքելյանը՝ 7 ձայն։
ԼՈՒՐՋ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ
«Էդգար Ղազարյանին ծեծի են ենթարկել նրա տան մուտքի մոտ բաց դեմքով, առանց որեւէ բառ ասելու՝ հարվածելով հիմնականում գլխին»,- հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
«Այս երեւույթը լուրջ մտահոգություն է առաջացնում։
Ներկայումս բժիշկները զբաղված են Ղազարյանի առողջական խնդիրներով. ինձ տեղեկացրել են, որ իրավապահ մարմինները նույնպես գտնվում են հիվանդանոցում եւ Ղազարյանից հաղորդում են ընդունում։ Հետեւողական կլինեմ, որ միջադեպն ամբողջությամբ բացահայտվի, քանի որ խիստ անընդունելի է ընդդիմադիր գործչի նկատմամբ հաշվեհարդարը»,- գրել է Թովմասյանը: Ղազարյանը դուրս գրվելուց հետո պատմել է միջադեպի մասին. «Ես առավոտյան վարսավիրանոց էի գնացել, վերադառնում էի տուն: Երկու հոգի ինձ այնտեղ սպասում էին, ակնհայտ հետեւել էին իմ շարժին: Վերադառնալիս նույնիսկ նկատեցի իրենց՝ որպես շենքի կա՛մ բնակիչ, կա՛մ այցելու, բարեւեցի, անցա: Միանգամից հարձակվեցին, առանց շատ խոսելու սկսեցին տարբեր տեղերից հարվածել: Գցեցին գետնին ու շարունակեցին հարվածել, հատկապես՝ գլխի շրջանում: Սրանից հետո իրենք գնացին: Ես կանգնեցի շփոթված, պատահաբար մի մեքենա եկավ, ճանաչեցին ինձ: Ասաց՝ պարոն Ղազարյան, ես ճանաչում եմ Ձեզ, ի՞նչ է եղել, եկեք Ձեզ տանեմ հիվանդանոց, արնաշաղախ եք: Տեղափոխեցին «Շենգավիթ» ԲԿ, այնտեղից էլ շտապօգնության մեքենայով բերեցին «Էրեբունի» ԲԿ»: