Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները նվերներ ընդունելու սահմանափակումները խախտելու դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության: Ազգային ժողովում ««Հանրային ծառայության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Նախարարի տեղակալը նշեց, որ նախագծի ընդունումը միտված է Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարմանը եւ նաեւ պրակտիկայում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում արձանագրված մի քանի խնդիրների լուծմանը։
Ըստ նախագծի՝ առաջարկվում է Հայաստանի վերաբերյալ զեկույցում ԳՐԵԿՈ-ի ներկայացրած հանձնարարականների հիման վրա հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների կողմից նվերներ ստանալու սահմանափակումներ նախատեսող կարգավորումները համախմբել մեկ իրավական ակտում: Առաջարկվում է նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում կարգապահական պատասխանատվության փոխարեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների համար սահմանել վարչական պատասխանատվություն:
Նաեւ կհստակեցվեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջները, կկատարելագործվեն շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված գործիքները, կընդլայնվի փոխկապակցված անձանց, ինչպես նաեւ հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը: Նախարարի տեղակալը ներկայացրեց օրենքով «նվեր» հասկացությունը։
«Սույն օրենքի իմաստով` «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի, այդ թվում՝ ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաեւ արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները (կանխիկ, անկանխիկ կամ որեւէ այլ ձեւով արտահայտված), կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետեւանքով անձը ստանում է օգուտ կամ առավելություն»,- ասաց Սարգսյանը։
Փոխնախարարի խոսքով՝ սա չի վերաբերում բոլոր նվերներին, այլ բացառապես վերաբերում է այն նվերներին, որոնք գործունեությամբ պայմանավորված են ստացվում։
Ինչ վերաբերում է «փոխկապակցված անձ» հասկացությանը, նախարարի տեղակալը նշեց, որ սույն օրենքի իմաստով փոխկապակցված անձինք են պաշտոն զբաղեցնող անձի ամուսինը, պաշտոն զբաղեցնող անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, պաշտոն զբաղեցնող անձի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները, պաշտոն զբաղեցնող անձի հետ ազգակցական եւ ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերություններ ունեցող անձինք, այդ թվում` համատեղ բնակվող անձինք, փաստացի խնամքի տակ գտնվող անձինք, կնքահայրը, կնքամայրը, հոգեզավակը, ընդհանուր տնտեսական շահ ունեցող անձինք։
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, հետեւողականորեն իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ստացան։ Տեղեկությունը ստուգվեց եւ իրացվեց հոկտեմբերի 24-ին։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության եւ Հրազդանի բաժնի ծառայողները մեկնեցին Վանաձոր։ Վանաձորի Աբովյան փողոցի հարակից զբոսայգում հայտնաբերեցին ու ձերբակալեցին 20-ամյա մի երիտասարդի։
Հիշեցնենք, որ այս տարվա hուլիսի 10-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով «Հրազդան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Ծաղկաձորի բնակիչ, 48-ամյա Վարդան Առաքելյանի դին՝ հրազենային վնասվածքներով: Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարույթային գործողությունների արդյունքում պարզվել եւ հիմնավորվել էր, որ Վարդան Առաքելյանը մտերիմներից մեկի հետ նրա վարած «Նիվայով» գնացել էր Ծաղկաձորի Մայիսյան փողոց, որտեղ նա եւ 20-ամյա երիտասարդի հայրը վիճել էին, ինչից հետո երիտասարդը ինքնաձիգից կրակոցներ էր արձակել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Վարդան Առաքելյանը հրազենային վնասվածքներ էր ստացել ու մահացել։ Սեպտեմբերին 20-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում, եւ հայտարարվել հետախուզում: 20-ամյա երիտասարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նախաքննությունը շարունակվում է։
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների՝ շուրջ 10 ամիս տեւած ծավալուն օպերատիվ-հետախուզական եւ որոնողական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 7-ի երեկոյան Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել եւ բաժին է ներկայացվել Երեւան քաղաքի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդ։ Նա 2021 թ. դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից։
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 7-ին Երեւան քաղաքի վարչության եւ Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները համատեղ ծառայության ժամանակ Հրազդանի կիրճում ստուգել էին «Օպել» մակնիշի մի մեքենա։ Նկատելով ոստիկաններին՝ ուղեւորը մեքենայից փախել էր՝ նետելով իր մոտ ապօրինի պահվող «TT» տեսակի, առանց գործարանային համարի ատրճանակը, որը լիցքավորված էր 4 փամփուշտով։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել էին երիտասարդի ինքնությունը. Սարի թաղի բնակիչ էր։ Փաստի առթիվ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ, հայտարարվել էր հետախուզում։ 24-ամյա երիտասարդը հայտնաբերվելուց հետո կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։
ԽՈՒԶԱՐԿՈՒՄՆԵՐ
ArmLur.am-ը ներկայացնում է, թե 2022 թվականի 6 ամիսների ընթացքում մինչդատավարական վարույթում դատարանները նախաքննական մարմնի կողմից գաղտնալսում իրականացնելու թույլտվություն ստանալու քանի միջնորդություն են ստացել, այդ միջնորդություններից քանիսն են բավարարվել եւ քանիսը` մերժվել:
Եվ այսպես, հեռախոսների մուտքային եւ ելքային վերծանման թույլտվություն ստանալու միջնորդությունները եղել են 4406-ը, նշված միջնորդություններից բավարարվել է 3787-ը:
Խուզարկություն կատարելու մասին ստացվել է 3658 միջնորդություն, որից բավարարվել է 2615-ը, ասել է թե՝ հանրապետությունում 2615 քաղաքացու բնակարան է խուզարկվել:
Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ստացվել է 1094 միջնորդություն, որից բավարարվել է 817-ը: Նամակագրության հեռագրական փոստային հաղորդումների հսկողության մասին միջնորդությունները եղել են 845-ը, որից բավարարվել է 684-ը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄ
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հոկտեմբերի 24-ին Եղեգնուտ գյուղում ստուգման են ենթարկել կայանված «ԳԱԶ-52» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Այն բեռնված էր մոտ 3,5 խմ փայտանյութով: Վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Հայտնել է, որ Եղեգնուտ գյուղի հարակից տարածքից բենզասղոցի գործադրմամբ հատել է մոտ 15 կանգուն ծառ: 27-ամյա վարորդը ներկայացվել է ոստիկանության Գուգարքի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն:
ԿԱՆԵՓ ԵՆ ԱՃԵՑՐԵԼ
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 19-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Ներքին Չարբախի 7-րդ փողոցի տներից մեկի բնակիչը բակում աճեցնում է թմրանյութ պարունակող եւ մշակումն արգելված բույսեր, այլ կերպ ասած` կանեփ: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց:
Նախաձեռնվեց քրեական վարույթ: Հոկտեմբերի 21-ին իրավապահներն այցելեցին հիշյալ տուն: Զննությամբ տան բակում հայտնաբերվեց կանեփի 23 թուփ: Բացի այդ, տանտերը ներկայացրեց ընդհանուր 1650 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածներ: Նշանակվել է փորձաքննություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: