Փաշինյանն ու Ալիեւը որոշեցին բանակցություններից հետո չբաժանվել. նրանք երեքով ընթրել են. ռուսական մամուլի արձագանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 31-ին Սոչիում երեք երկրների ղեկավարների հանդիպումից հետո ռուսական մամուլում բազմաթիվ հոդվածներ են տպագրվել: «Ъ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովն իր հոդվածում նշում է, որ  Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանն եւ Իլհամ Ալիեւը հանդիպմանն ավելիին չհասան, քան կարող էին:

«Նրանց պատվիրակությունները տարբեր կերպ էին դասավորված։ Վարչապետ Փաշինյանի պատվիրակությունը չափազանց կոմպակտ էր (ըստ երեւույթին, նա ամեն ինչում առաջին հերթին հույսը իր վրա է դնում: Գուցե դրանի՞ց են խնդիրները)։ Նույնիսկ լրագրողները երեք հոգի էին։ Միայն անձնական մամուլ՝ լուսանկարիչ, օպերատոր եւ ձայնային օպերատոր։ Ինչու է անհրաժեշտ ձայնային օպերատորը նման իրավիճակում, պարզ չէ։ Միեւնույն է, արձանագրային մասի ձայնը տրամադրում են ռուս մասնագետները, իսկ մնացածը անձայն պատկեր է:

Ադրբեջանական պատվիրակությունը բաղկացած էր 14 լրագրողից, եւ դա ռուսական եւ ադրբեջանական մամուլի ծառայությունների փոխզիջման արդյունք էր: Նրանց կազմը կրճատվել էր: Ադրբեջանցիներն ավելին էին պահանջում: Հենց այդպես էլ հաղթում են պատերազմում, այդ թվում տեղեկատվական:

Նիկոլ Փաշինյանը սրանից երեք օր առաջ հրավիրել էր ՀԱՊԿ խորհրդի հանդիպում՝ ԼՂ հարցով: Ինչպես գիտեք, Հայաստանը՝ ի տարբերություն Ադրբեջանի, ՀԱՊԿ անդամ է։ Բայց նրա բոլոր ջանքերն այս ուղղությամբ տապալվեցին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունից հետո։ Ալեքսանդր Լուկաշենկոն հրապարակավ նախատեց Նիկոլ Փաշինյանին։

– Դուք մեր առաջ երկու հարց եք դրել: Առաջինը. իրադարձությունների գնահատական եւ ՀԱՊԿ դիրքորոշում: Դուք պահանջել եք հստակեցնել մեր դիրքորոշումը: Ի՞նչ է՝ չգիտե՞ք մեր դիրքորոշումը»,-վրդովված բացականչեց Լուկաշենկոն՝ իր գրասենյակում կլոր սեղանի շուրջ նստած (հանդիպումը կայացել է տեսահամաժողովի ձեւաչափով)։

«Մենք ցանկանում ենք, որ հարեւան երկրների միջեւ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով»,-հավելեց Լուկաշենկոն։

Լուկաշենկոն, ըստ էության, երկրորդեց ՌԴ նախագահ Պուտինին, որը Վալդայի ակումբում ավելի մարդասիրական ձեւով մեկնաբանեց Հայաստանի դիրքորոշումը՝ խոսելով ԼՂ հակամարտության սկզբի մասին: Պուտինն ասաց, որ այդ ժամանակ Հայաստանը կարող էր ավելի քիչ կորցնել, քան հետո կորցրեց:

Փաշինյանն ի վերջո հասկացավ, որ Սոչիում պետք է կռվի, այսինքն՝ բանակցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ առանց ՀԱՊԿ-ի օգնության։ Սոչիի համաժողովն սկսվեց Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների երկկողմ հանդիպումից։ «Ներողություն աշնանային եղանակի համար»,-ասաց Պուտինը, ինչը զարմանալի է, քանի որ սովորաբար նա նման բան չի անում։ Առավել եւս, ներողություն խնդրել այլոց սխալների համար․․․ «Բայց ոչինչ չես կարող անել, աշունը մնում է աշուն։ Նա մեկ րոպեում երկու անգամ հիշեցրեց, որ հանդիպումը կազմակերպվել է պարոն Փաշինյանի առաջարկով։

Պարոն Փաշինյանը կարդում էր թղթից։ Նա կարող է ժամերով կանգ չառնել։ Սակայն հենց այսօր նա վախեցավ, որ ինչ-որ ավելորդ բան չասի։ Եվ նրա խոսքը տպավորություն թողեց։

«Անցած շաբաթ Վալդայ բանավեճերի ակումբում Դուք անդրադարձաք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրին՝ պնդելով, որ աջակցում եք այն սկզբունքներին, որոնց օգտին հանդես կգա հայկական կողմը»,-ասաց Փաշինյանը։ «Մեզ համար ընդունելի են այն մոտեցումները, որոնք առաջարկվում են»,-ասաց Փաշինյանը՝ հղում անելով եռակողմ համաձայնագրին։ «Հուսով եմ՝ Դուք կողմ եք, որ հղում արվի այս փաստաթղթին այսօրվա եռակողմ հայտարարության տեքստում․․․Հայաստանը հուսով է, որ ռուսական կողմը կաջակցի»,-նշեց նա։

Նա հավելեց, որ այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա է սանձազերծել Հայաստանի դեմ եւ օկուպացրել նոր տարածքներ։

«Մեզ համար շատ կարեւոր է Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշումը՝ 2021 թվականի մայիսի 11-ի դրությամբ ադրբեջանական զորքերը դիրքեր դուրս բերելու անհրաժեշտության մասին ձեւակերպմամբ։

Իլհամ Ալիեւն ասելիք ունեցող մարդու տպավորություն է թողել։ Գոնե նրանով, որ նա լակոնիկ է գտնվել։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը համեմատաբար վերջերս առաջ քաշեց հինգ հիմնական սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է կարգավորվեն հարաբերությունները Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ (ըստ երեւույթին, սա խաղաղության պայմանագրի ադրբեջանական տարբերակն է):

Ալիեւի խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ:

Քանի դեռ ընթանում էին Պուտին-Ալիեւ բանակցությունները, Հայաստանի վարչապետը հեռացավ պանսիոնատից հանգստանալու, ապա կարելի է ասել բոլորի համար աննկատ վերադարձավ։ Եվ մինչ լրագրողները սպասում էին, թե երբ են ավարտվելու Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները, իրականում ընթանում էին եռակողմ բանակցությունները:

Եռակողմ բանակցությունները որեւէ հատուկ ելքով չէին կարող ավարտվել։ Երկկողմ հանդիպումներից հետո արդեն պարզ դարձավ, որ դեռ ի վիճակի չեն պայմանավորվել ոչ միայն խաղաղության պայմանագրի, այլ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների սահմանազատման սկզբունքների մասին։

Ընդունված հայտարարությունից հետեւում է, որ Հայաստանին եւ Ադրբեջանին հաշտեցնելու գործընթացը կարող են շարունակվել ոչ միայն Պրահայում, այլեւ Սոչիում:

Սակայն հետաքրքիրն այն է, որ այս ամենից հետո, գրեթե գիշերը, նրանք երեքով նաեւ ընթրել են: Այսինքն Փաշինյանն ու Ալիեւը որոշեցին բանակցություններից հետո չբաժանվել (թեեւ կարող էին դա անել հանդիպումից հետո) եւ գնալ ընթրելու»։

Ն.Հ.




Լրահոս