ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 126

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա մայիսի12-ից հետո, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեղծ պնդումներ էր անում, թե Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների նկարագրությունը տրվել է դեռեւս 2010թ. ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով: Այս մասին Փաշինյանը հայտարարել էր մի քանի անգամ: Ուշագրավ է, որ օրենքն ընդունվել է ոչ թե 2010-ին, այլ 1995-ին, իսկ ուժի մեջ մտել է 1995-ի դեկտեմբերի 15-ին: 2010-ի հունիսի 24-ին օրենքում արվել են լրացումներ եւ փոփոխություններ: Իրականությունն այն է, որ  ՀՀ-ն 2010-ին Ադրբեջանի հետ պետական սահման չի որոշել կամ տեղորոշել: Այս օրենքը ոչ մի կապ չունի պետական սահմանների որոշման հետ: Նրա կողմից մատնանշված օրենքը Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին է, այսինքն՝ այն ամրագրում կամ նկարագրում է ոչ թե ՀՀ-ի արտաքին-պետական, այլ ներքին սահմանները՝ համայնքների, մարզերի միջեւ: Պետական սահմանի վերաբերյալ գործում է «Պետական սահմանի մասին» օրենքը, որն ընդունվել է 2001-ի նոյեմբերին եւ ուժի մեջ է 2001-ի դեկտեմբերից: Այս օրենքում ասվում է. «Պետական սահմանի  տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է ՀՀ միջազգային պայմանագրերով եւ ՀՀ օրենքով: ՀՀ միջազգային պայմանագրերի հիման վրա, պետական սահմանի ստուգման արդյունքում, պետական սահմանի փոփոխում պարունակող, պետական սահմանը տեղորոշող փաստաթղթերը գործողության մեջ են դրվում ՀՀ օրենսդրությանը համապատասխան»: Եվ ընդգծենք, որ ՀՀ անկախությունից ի վեր ՀՀ-ն Ադրբեջանի հետ չի կնքել պայմանագիր պետական սահմանի որոշման կամ տեղորոշման մասին. այդ հարցը բաց է: Այսինքն՝ ապրիլի 21-ին Սյունիքի մարզպետարանում Նիկոլ Փաշինյանի արած պնդումը՝ ՀՀ-ի կողմից իր պետական սահմանների որոշման եւ տեղորոշման մասին, կեղծ է:

 

 

 

 

Հոկտեմբերի 31-ից ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Սակայն ուշագրավ է, որ շատ գերատեսչությունների ղեկավարներ հարկ չեն համարել անձամբ գալ եւ ներկայացնել իրենց կառույցներին տրամադրվելիք ֆինանսական հատկացումներն ու անելիքները: Մինչ այդ մասին խոսելը, «Ժողովուրդ»  օրաթերթը պարզապես հիշեցնում է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ ասված բյուջեի քննարկումների ժամանակ, երբ նախկին իշխանությունների ներկայացուցիչները եւս անձամբ չէին գալիս խորհրդարան: Օրինակ՝ 2015 թվականի նոյեմբերի 3-ին Փաշինյանն անդրադարձել էր Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բացակայությունների փաստին՝ ասելով. «Մարզպետներին էլ ասեք թող չգան, էդ մարդիկ ավելի հետաքրքիր գործեր ունեն, գալիս են էստեղ, մի ժամ ձանձրանում, հետո ելնում, ասում՝ էսքան տվեցին, էսքան ծախսեցինք»: Եվ, ահա, հենց իր իշխանության օրոք բյուջեի քննարկումներին չեն մասնակցել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, դատախազ Աննա Վարդապետյանը: Եվ սա՝ չնայածհանգամանքին, որ ԱԺ պաշտոնական կայքում հենց այս պաշտոնյաների անուններն էին նշված՝ իբրեւ ներկայացողներ: Մեկ այլ  հանգամանք եւս. Պետաիրավական հանձնաժողովի տիրույթում գտնվող կառույցների բյուջեի քննարկման ժամանակ նախագահող Վլադիմիր Վարդանյանն առհասարակ չհետաքրքրվեց, թե ուր են առաջին դեմքերը, իսկ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նախագահող Անդրանիկ Քոչարյանը համարձակվեց  հիշատակել միայն ոստիկանապետի բացակայությունը: Ուշագրավ է նաեւ, որ նախօրեին իր գերատեսչության հարցի քննարկումից բացակայող Արմեն Փամբուխչյանը երեկ, երբ խորհրդարանում էր նաեւ Նիկոլ Փաշինյանը, գերազանցիկ աշակերտի պես ներկայացել էր խորհրդարան: Նա նստած էր առանց անելիքի եւ ասելիքի:

 

 

 

«Ժ ողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի 3 պատգամավորների մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու միջնորդությամբ: Խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի մասին է, որոնց դատախազը կմիջնորդի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերը տարբեր դեպքերի են առնչվում: Իսկ թե  կոնկրետ որ քրեական վարույթներով է գլխավոր դատախազը նման միջնորդություններով պատրաստվում ԱԺ մտնել, չկարողացանք առայժմ պարզել: Փորձեցինք այդ հարցերի պատասխանները ստանալ անձամբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից: Դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց. «Գլխավոր դատախազությունում նշված անձանց վերաբերյալ այս պահին որեւէ միջնորդություն առկա չէ»: Նկատենք, որ Գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանի մեջ կարեւոր նրբերանգ կա՝ «այս պահին»: Սա նշանակում է, որ ամեն րոպե միջնորդությունը կարող է դրվել գլխավոր  դատախազ  Աննա Վարդապետյանի սեղանին: Բանն այն է, որ ՔԴՕ 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը սահմանում է. «Վերադաս դատախազը հսկող դատախազի առաջարկությամբ դիմում է իրավասու մարմիններ՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունով»: Այսինքն՝ ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու միջնորդությամբ նրանց գործերով վերահսկող  դատախազը կարող է  մտնել  Աննա Վարդապետյանի աշխատասենյակ եւ գործընթաց սկսել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների  համաձայն՝ գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով առերեսումների շարք է սկսվել: Նախաքննական մարմինը Արցախի պաշտպանական բանակի հրամանատարների եւ այլ անձանց է հրավիրում հարցաքննության, առերեսում ՊԲ նախկին հրամանատարի հետ: Նկատենք, որ սովորաբար առերեսումներ են իրականացվում այն ժամանակ,  երբ քրեական վարույթով հակասություններ  են առաջանում գործով անցնող անձանց ցուցմունքներում: Դա է պատճառը, որ քննիչը Միքայել Արզումանյանին  եւ գործով անցնող այլ անձանց նստեցրել  է դեմ-դիմաց  եւ կոնկրետ  հարցադրումներ արել: Նկատենք, որ Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ: Ի դեպ, գրել էինք, որ մինչեւ նրան մեղադրանք առաջադրելը վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաեւ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատել էր տեղեկությունը: Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար:

 

 




Լրահոս