ԴԵՆԴՐՈՊԱՐԿԻ ՏԵՍԱԿԱՆՈՒ ԿԵՍԸ ՉՈՐԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի դենդրոպարկի  երկարամյա տնօրեն   Մեխակ Սայադյանին  2021թ. օգոստոսի 16-ին  ազատեցին  զբաղեցրած պաշտոնից։ Նրա ընտանիքը  «Կանաչ սիմֆոնիա» ՍՊԸ-ով  երկարաժամկետ վարձակալությամբ տիրում է  դենդրոպարկի տարածքի  մի մասին։

 

«Կանաչ սիմֆոնիա» ՍՊԸ-ն 2016թ. մարտի 15-ին հանգստի կազմակերպման նպատակով վարձակալել է Իջեւանի դենդրոպարկից 8,5 հա  տարածք, վարձավճար է սահմանվել  917  հազար 147 դրամ, վարձակալության ժամկետ՝ 2040 թվականը։ 2022թ.-ի հունվարի 4-ին «Արգելոցապարկային համալիր»  ՊՈԱԿ-ը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է  ներկայացրել՝ ընդդեմ «Կանաչ սիմֆոնիա»  ՍՊԸ-ի՝  պայմանագրի լուծման պահանջով։ Պաշտոնից ազատվելուց հետո  Մ. Սայադյանը  Իջեւան համայնքի Դիտավան գյուղի՝  իրեն պատկանող հողամասում իր ընտանիքի անդամներով  տնկարան է  հիմնել։ Մ. Սայադյանը  իրեն աշխատանքում վերականգնելու, հարկադիր  պարապուրդի համար գումար  բռնագանձելու պահանջներով   Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան  քաղաքացիական հայց էր ներկայացրել:  Նա հայտնեց, որ դատարանը բավարարել է իր հայցադիմումը, վերականգնել աշխատանքում, իրեն վճարել  են  իր հարկադիր պարապուրդի համար հասանելիք  գումարը։ 2022թ. սեպտեմբերի 23-ից  Մ. Սայադյանը վերականգնվել է  դենդրոպարկի տնօրենի պաշտոնում։ Նա հայտնեց, որ «Արգելոցապարկային համալիր»  ՊՈԱԿ-ը  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում հրաժարվել է «Կանաչ սիմֆոնիա»  ՍՊԸ-ի հետ  պայմանագրի լուծման պահանջից։  Մ. Սայադյանը  խիստ մտահոգված է շուրջ 60 տարի առաջ իր հոր՝ Լյուդվիգ Սայադյանի ստեղծած, իր ընտանիքի պահած, աճեցրած  դենդրոպարկի ճակատագրով։  Ավելի քան 2 տարի առաջ Իջեւանի, գինու, կոնյակի գործարանը ապօրինի շինարարություն է կատարել Աղստեւ գետի  ափին եւ հունում, ապօրինաբար շուրջ 800 մետր երկարությամբ  փոխել է գետի հունը, որի հետեւանքով  դադարել է գործել դենդրոպարկը սնող ջրառը։  2020թ.  հուլիսի 30-ից դենդրոպարկը Աղստեւ գետից ինքնահոս եղանակով ոռոգման ջուր չի ստանում։ Անցած  երկու  տարի եւ  երեք ամիսների ընթացքում դենդրոպարկում առկա հազվագյուտ եւ արժեքավոր ծառերն ու թփերը Աղստեւ գետի ջրով չեն ոռոգվել եւ չորացել են։ Մեխակ Սայադյանի վկայությամբ՝  անջրդի լինելու եւ շոգ ամառների պատճառով   Իջեւանի դենդրոպարկի   տեսականու կեսը չորացել է։ Հազվագյուտ եւ արժեքավոր մեծ թվով ծառեր եւ թփեր են չորացել նաեւ «Կանաչ սիմֆոնիա»  ՍՊԸ-ի վարձակալած 8,5 հեկտար տարածքում։ Տեղեկություններ կան, որ Շրջակա միջավայրի նախարարությունը բանակցում է  Իջեւանի գինու, կոնյակի գործարանի հետ Աղստեւ  գետի հունում կատարված ապօրինի շինարարության հետեւանքով շրջակա միջավայրին, Իջեւանի դենդրոպարկին, «Կանաչ սիմֆոնիա» ՍՊԸ-ին պատճառված վնասները վերականգնելու վերաբերյալ։ Այդ վնասները  շատ մեծ են, իսկ  առանց ոռոգման ջրի մնացած դենդրոպարկը հաջորդ տարի  վերջնականապես  կչորանա։ ՀՀ քննչական կոմիտեն  տարիներով  «քնեցրել է»   Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կողմից կատարված ապօրինի շինարարությունների  վերաբերյալ հարուցված քրեական գործը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է ներդրումային քաղաքականության ռազմավարության նախագիծ եւ այն արդեն դրված է հանրային քննարկման Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: ArmLur.am-ը նախագծի հիմնավորումից տեղեկանում է, որ Հայաստանի Հանրապետությունը չունի պաշտոնապես ձեւակերպված եւ հռչակված ներդրումային քաղաքականություն, որը պետք է միավորի ՀՀ կառավարության տեսլականը, նպատակները եւ դրանք իրագործող հստակ ծրագրային գործողությունները:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակ է դրել Համախառն կապիտալի կուտակում/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 25%-ի, իսկ ՕՈՒՆ զուտ ներհոսք/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 6%-ի, մինչդեռ նշված թիրախներին հասնելու համապարփակ ռազմավարական մոտեցումները, կառուցակարգերը կամ գործիքակազմերը որեւէ փաստաթղթով համակարգված ձեւով ամրագրված չեն: Հայաստանի Հանրապետությունը չունի պաշտոնապես ձեւակերպված եւ հռչակված ներդրումային քաղաքականություն, որը պետք է միավորի ՀՀ կառավարության տեսլականը, նպատակները եւ դրանք իրագործող հստակ ծրագրային գործողությունները՝ համեմատելի երկրների հետ մրցակցելու եւ ՕՈՒՆ ներգրավման նախանշված մակարդակներին հասնելու համար:

Նախագծով ներդրումային միջավայրի հիմնախնդիրները ներկայացվում են ըստ 3 հիմնական ուղղությունների՝  ներդրումային քաղաքականություն, ներդրումային արտոնություններ եւ ինստիտուցիոնալ կառուցվածք:

 

 

 

ՀԻՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՉԵՆ ՏԱ

Ժամանակավորապես՝ մինչեւ 2024թ. հունվարի 1-ը, կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչեւ ապագա սերնդի տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի՝ նորերով փոխարինումը: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության նախագծից, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում, «Նույնականացման քարտերի մասին»  եւ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում:

Նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձին պաշտոնական էլեկտրոնային փոստ տրամադրել ոչ թե նույնականացման քարտի հետ համատեղ, այլ հանրային ծառայության համարանիշ ձեռք բերելու պահից եւ 16 տարին լրացած անձանց համար։

Մինչեւ 2022 թվականի վերջ կներդրվեն «խելացի» եւ «շարժական կապի» էլեկտրոնային նույնականացման համակարգերը, որոնք ոչ միայն գործող էլեկտրոնային քարտեր ունեցող անձանց համար, այլ նաեւ մինչեւ նոր համակարգի ներդրումը էլեկտրոնային ստորագրության ծառայության կարիք ունեցող անձանց համար կապահովեն բարձր որակի եւ ավելի հարմարավետ ծառայություն:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ

Կառավարությունն առաջիկա 5 տարում նախատեսում է իրականացնել  առնվազն 50 բժշկական կենտրոնի կառուցում, վերակառուցում եւ ամբողջական վերազինում, 2023-ին հիմնականում նախատեսված են մարզային ամբուլատորիաների վերակառուցման, վերազինման աշխատանքներ. այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«Կառավարության ծրագրով մենք առաջիկա 5 տարիներին պետք է իրականացնենք առնվազն 50 բժշկական կենտրոնների կառուցում, վերակառուցում եւ ամբողջական վերազինում: Ընթացիկ ֆինանսական բարեհաջող ավելացումների պարագայում կարծում ենք, որ առաջիկա տարիներին պետք է ամբողջությամբ այս խոստումն իրագործենք»,-ասաց Ավանեսյանը:

2022 թվականին կապիտալ շինարարությունների ընդհանուր ցանկը ներառում է 13 բժշկական կենտրոն: 2023-ին եւս ավելանում են բժշկական կենտրոններ: 2023 թվականին հիմնական ուղղվածությունը լինելու են մարզային ամբուլատորիաների վերակառուցման, վերազինման նախագծերը:

«Հաջորդ տարի մենք նախատեսել ենք թվով 20 ամբուլատորիաների նախագծանախահաշվային աշխատանքներ: Բանակցություններ ենք վարում Քաղաքաշինության կոմիտեի հետ՝ դրանք անելու մոդուլային տարբերակներով, այսինքն՝ ունենալ մեկ նախագծված տիպային ամբուլատորիա, որը հետո տեղակապումով կարող ենք տարածել նաեւ բնակավայրերում: Բացի այդ, ներառված է նաեւ Շիրակում պոլիկլինիկայի վերակառուցում, Վանաձորի պոլիկլինիկայի վերակառուցում»,-ասաց նախարարը:

Ավանեսյանը ընդգծեց՝ խոստացել են, որ առողջության առաջնային օղակի հզորացումը լինելու է իրենց առաջնահերթությունը, առաջիկա ծրագրերը հենց կոչված են ծառայելու այդ նպատակին:

Նախագծման աշխատանքներն ավարտվել են, եւ շինարարություն է լինելու Արմավիրի եւ Արարատի մարզերում ՀՎԿԱԿ-ի երկու մասնաշենքերում, վերակառուցվելու է նաեւ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենքը: Համաշխարհային բանկի ծրագրերով էլ 2023-ին կավարտվեն Մարտունու ԲԿ-ի եւ Եղեգնաձորի ԲԿ-ի շինարարական աշխատանքները: Մարտունու ԲԿ-ն ապրիլին կհանձնվի շահագործման, իսկ Եղեգնձորինը՝ աշնանը:

 

 




Լրահոս