ԻՆՉՔԱ՞Ն ԿԲԱՐՁՐԱՆԱ ԿԱՐՏՈՖԻԼԻ ԳԻՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գնաճը շարունակվում է, ու այն հատկապես տեսանելի է պարենային ապրանքների շուկայում. տնտեսագետ Կարեն Սարգսյանի տեսակետն է: Նրա փոխանցմամբ՝ նախորդ ամսվա համեմատ՝ մեկ ամսում գնաճը 0.6 տոկոս է կազմել: Նախորդ տարվա համնեմատ՝ այս տարվա նույն ժամանակահատվածում պարենամթերքի շուկայում 12.7 տոկոս գնաճ ունենք:

 

«Հայաստանում սոցիալական ոլորտում աճ արձանագրվել է, ինչն էլ հենց ուղղվել է սոցիալական տարբեր ծրագրերի իրականացմանը: Բայց եթե տնտեսական աճի տեմպը համեմատենք առկա գնաճի հետ, ապա կտեսնենք, որ այն պարզապես զրոյացնում է տնտեսական աճը, որովհետեւ սննդամթերքի (հատկապես առաջին անհրաժեշտության մթերքների) մասով երկնիշ աճ է գրանցվել, անցած տարվա տվյալներով՝ 12 տոկոս եւ ավելի: Ինչ վերաբերում է գնաճն ինչ-որ ձեւով կոմպեսացնելուն, ապա, ըստ իս, սոցիալական նոր ծրագրեր չեն լինի, պարզապես պետության կողմից սոցհատկացումները կավելացվեն, քանի որ, կապված բարձր գնաճի հետ, փողի գնողունակությունը նվազել է, հետեւաբար պետք է իրավիճակը որոշակիորեն մեղմել: Պետական ծառայողների աշխատավարձի դրույքչափն է առաջարկվում բարձրացնել 2023-ի պետական բյուջեի նախագծով՝ հասնելով 83.200 դրամի»,- նշում է Սարգսյանը:

Տնտեսագետի ներկայացրածով՝ պարենամթերքի շուկայում գրանցվող գնաճն իսկապես բավական բարձր է, բայց երկրներ կան, որտեղ այն շատ ավելի մեծ թվերի է հասնում: Բայց եթե հաշվի առնենք, որ վերջին ժամանակաշրջանում դրամը գնալով արժեւորվում է, ապա գնաճը շատ ավելի դանդաղ տեմպերով պետք է ընթանար: Օբյեկտիվ պատճառներից մեկն էլ, մեկնաբանում է  մեր զրուցակիցը, այն է, որ համաշխարհային շուկաներում բոլոր ապրանքերը՝ թանակցել, դոլարային գնանշումներն էլ բարձրացել են:

Այս օրերին ՀՀ քաղաքացիներին հուզող հարցերից մեկը կարտոֆիլի գնի աճի երկրաչափական պրոգրեսիան է, որ տնտեսագետը հետեւյալ կերպ է մեկնաբանում. «Կարտոֆիլի գնի բարձրացման վրա մի քանի գործոն է ազդում. առաջինն այն է, որ Հայաստանից կարոտֆիլը նաեւ արտահանվում է: Այս տարի, իհարկե, ավելի քիչ չափով է արտահանվել, ու ծավալը չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ, օրինակ, Վրաստան է կարտոֆիլ արտահանվել: Եվ եթե դրսում կարտոֆիլի համար շատ ավելի բարձր գին են առաջարկում, ապա պարզ է՝ այն ներսում ավելի էժան է լինելու. սա շուկայի օրենքն է»:

Բացի այդ, բացատրում է Սարգսյանը, տնտեսագիտության մեջ այսպիսի գործոն կա. եթե ինչ-որ ապրանք թանկանում է, ապա քաղաքացիները փորձում են այդ ապրանքը փոխարինել մեկ ուրիշով: Այսինքն՝ եթե քաղաքացին ավելի թանկ սնունդ ձեռք բերելու հնարավորություն չունի, դա նախընտրում է կարտոֆիլով փոխարինել, ինչն էլ կարտոֆիլի պահանջարկի, հետեւաբար նաեւ գնի աճի է հանգեցնում: Հարցին, թե կարտոֆիլը նույնպես կարող է այնքան թանկանալ, որ դա էլ իր հերթին կարող է մեկ այլ սննդամթերքով փոխարինվել, քանի որ քաղաքացին ի վիճակի չի լինի թանկ գնով կարտոֆիլ գնել, տնտեսագետը պատասխանում է. «Չեմ կարծում, որոշակի սահման կա, ինչից հետո չի կարող բարձրանալ: Եթե կարտոֆիլի գինն անընդհատ բարձրանա, ապա քաղաքացիներն այն չեն գնելու, հետեւաբար պահանջարկը նվազելու է, ինքնաշխատ եղանակով գները նվազեն: Բացի այդ, կարտոֆիլի շուկան ազատ մրցակցային շուկա է, գյուղական տնտեսություններն են միմյանց հետ մրցակցում, ու այստեղ գաղտնի համաձայնություններ, մենաշնորհներ չկան, որ միտումնավոր գին բարձրացնեն, ու դա այդպես մնա»:

Տնտեսագետը նաեւ այն տեսակետին չէ, որ այս տարի կարտոֆիլի գինը կարող է հատել 500 դրամի շեմը, քանի որ, ըստ նրա, այս տարի գյուղացին թե՛ կարտոֆիլի նորմալ բերք է ստացել, թե՛ պետությունը որոշակիորեն սահմանափակել է բանջարեղենի արտահանումը: Նրա համոզմամբ՝ կարտոֆիլի գինն առաջիկայում էլ որոշակի նվազ տատումներով կպահպանվի եղած արժեքի շրջանակներում:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ՍԵՂՄ ԿԱԶՄՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպել էր մի քանի կուսակիցների հետ: Այդ օրը 168.am-ը ֆիքսել էր, որ հանդիպումը ընթանում է սեղմ կազմով եւ սուրճի սեղանի շուրջ:

 

Հետաքրքիր է, որ այդ հանդիպումը տեղի ունեցավ ՔՊ վարչության ընտրության շուրջ ստեղծված հայտնի իրավիճակից հետո, երբ պարզվեց, որ հաշվարկը սխալ է արվել, վերահաշվարկ եղավ, եւ կազմն էլ փոխվեց: Շաբաթ օրը տեղի ունեցած նեղ կազմով հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՔՊ աշխատակազմի ղեկավար, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը: Ուշագրավ զուգադիպությամբ վերջինս երեկ հայտարարեց, թե այլեւս չի զբաղեցնում այդ պաշտոնը:

Ինչո՞ւ. արդյոք շաբաթ օրը տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվե՞լ է վարչության կազմի ընտրության հարցը: Armlur.am-ը այս հարցն ուղղեց ՔՊ աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Տրդատ Սարգսյանին, վերջինս վստահեցրեց, որ՝ ոչ, ապա նշեց, թե քննարկել են անցած շրջանում կուսակցությունում կատարված աշխատանքները, իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները: «Մեր կանոնադրությամբ նորընտիր վարչության նախագահը վարչության հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի կառուցվածքի իր ծրագիրը, որը հավանության արժանանալու դեպքում վարչության նախագահը կատարում է համապատասխան նշանակումներ, հետեւաբար իմ լիազորությունները դադարել են նախորդ վարչության լիազորությունների հետ միասին», – նշեց նա:

Հավելենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՔՊ խմբակցության պատգամավորների հետ եւ, ի թիվս այլ հարցերի, նաեւ քննարկել վարչության ընտրության շուրջ ստեղծված իրավիճակը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 130

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վեցերորդ համաժողովի ընթացքում իր ելույթում համոզմունք հայտնեց՝ կուսակցության գործունեության արդյունքում Հայաստանում ընտրությունների կեղծման էջը փակված է:  Այդ մասին նա ասել է հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած համաժողովի ժամանակ: «Կուսակցության անդամները համարում են, որ Թավշյա հեղափոխության տրամաբանությունը չի հակասում ընտրական իշխանափոխության տրամաբանությանը: Երբ ընտրական իշխանափոխության ճանապարհը չի գործում, Թավշյա հեղափոխությունը դառնում է ընտրական իշխանափոխության մեխանիզմը կենդանացնելու եղանակ: Սա արձանագրվել է 2015 թվականին կուսակցության հիմնադիր համագումարում, եւ սա ճշգրիտ այն է, ինչ տեղի է ունեցել 2015 թվականից հետո՝ մինչեւ 2018 թվականի ոչ բռնի, Թավշյա ժողովրդական հեղափոխությունը եւ դրանից հետո:  Եվ այսօր է դրա արձանագրման ճիշտ պահը, որ, այո՛, մեր կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ-ում ընտրությունների կեղծման էջը փակված է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ իրենք անցկացրել են 2 խորհրդարանական ընտրություններ եւ ՏԻՄ ընտրություններ:  Ուշագրավ է, որ նույն օրը տեղի են ունեցել ՔՊ վարչության ընտրություններ, որոնք հետո կասկածի տակ են դրվել հենց ՔՊ-ականների կողմից, տեղի է ունեցել վերահաշվարկ, ինչն էլ հանգեցրել է վարչության կազմի փոփոխության: Այսինքն՝ ստացվում է՝ Փաշինյանը խոսում է ընտրութունների կեղծման էջը փակելու մասին, սակայն հենց իր կուսակցության ներսում ընտրություններ են կեղծվում: Սա էլ նշանակում է, որ նրա հերթական խոսքերը կրկին իրականություն չդարձան. նա ստում էր:

 

 

 

 

ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ եւ արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռեւս հասցեագրման կարիք ունեն: Այս մասին ասված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունում: Միեւնույն ժամանակ նրանք պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու եւս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում: Իսկ, ահա, նրանց հյուրընկալելիս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծել է, թե  Հայաստանն ու Ադրբեջանը խիզախ քայլեր են անում խաղաղության հասնելու համար, եւ երկու երկրներից էլ տեսնում են իրական ու համարձակ քայլեր` անցյալը ետեւում թողնելու եւ դեպի կայուն խաղաղության գնալու ուղղությամբ: Պետքարտուղարը չի հստակեցրել` որոնք են այդ քայլերը, սակայն ընդգծել է, որ Վաշինգտոնը բարեկամական հարաբերություններ ունի թե՛ Երեւանի, թե՛ Բաքվի հետ եւ պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում նպաստել հակամարտության կարգավորմանը: Ընդգծենք, որ այս հանդիպումը  Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների արդեն երկրորդ  հանդիպումն է սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած  բախումներից հետո: Եռակողմ հանդիպումից առաջ նախ տեղի էր ունեցել հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների առանձնազրույցը, եւ այդ ամենը ընթանում էր Սպիտակ տնից քիչ հեռու:

 




Լրահոս