Խորհրդարանական «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները 2022-ի գարանանից փողոցում ընթացող քաղաքական պայքարից հետո երեկ՝ հոկտեմբերի 15-ին, նորից Ազգային ժողովի նիստերի դահլիճ են վերադարձել ու հայտարարել, որ Հայաստանի ու Արցախի համար օրհասական այս պահին իրենց էլեկտորատի պահանջով ու դրդմամբ որոշել են իրենց գործունեությունն օրենսդիրում շարունակել:
«ՄիացյալՀայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանի գնահատմամբ՝ ընդդիմադիրների՝ խորհրդարան գնալը պահանջված քայլ էր: ArmLur.am-ի հետ զրույցում նշում է, որ ինքը բազմիցս է հայտնել՝ եթե ժողովուրդը պատգամավորներ է ընտրել, ապա ժողովրդի կողմից ընտրվածները պարտավոր են իրենց գործը անել:
– Եթե իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», վատ նախագիծ է առաջ բերում, ու քանի որ ճնշող մեծամասնություն է, հետևաբար դա կարողանում է անցկացնել, ապա ընդիմադիրները կոնկրետ օրինագծերի վերաբերյալ պարտավոր են իրենց կարծիքը հայտնել: Հանրությունը պետք է հասկանա՝ նախագիծն ի՞նչ է ենթադրում, ինչի՞ մասին է ու, ամենակարևորը, ի՞նչ թերություններ ունի: Շատ դեպքերում ընդդիմության առաջարկների կամ քննադատության հետ իշխանությւոնը հաշվի է նստում, քննարկում է դրանք ու որոշակի փոփոխություններ է մտցնում օրենսդրական փաթեթներում:
– Այսինքն՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն ԱԺ աշխատանքներով զբաղվի՞:
– Ոչ, նրանց ոչ ոք չի պարտադրում խորհրդարանով սահմանափակվել ու միայն այդտեղից աշխատել: Եթե նրանք ցանկանում են փողոցի պայքար մղել, իրենց գործունեությունն այդպես իրականացնել, ապա խնդրեմ: Բայց, համենայնդեպս, խորհրդարանականի աշխատանքը նշանակում է մասնակցել Ազգային ժողովի՝ իրեն վերապահված աշխատանքներին:
«Պատիվ ունեմ» դաշինքն, օրինակ, հայտարարել է, որ կառավարության հարց ու պատասխանին չի մասնակցելու: Դա նշանակում է, որ կա՛մ հարցեր չունի, կա՛մ իշխանությանը հարցեր տալ չի ցանկանում: Բայց Ազգային ժողովի աշխատանքների, օրենսդրական նախաձեռնությունների քննարկումներինմասին պարտավոր են իրենք կարծիքն ասել, անգամ եթե հայտարարում են, թե կարծիք չունենք, ինքն ինքնին արդեն կարծիք է:
– ԱԺ նսիտերին չմասնակցնելն ու խորհրդարան չգնալն, ասում են, քաղաքական բոյկոտ է, ինչն ամբողջությամբ տեղավորվում է խորհրդարանական գործունեության տրամաբանության մեջ:
-Այո, համաձայն եմ՝ քաղաքական բոյկոտ է, բայց ժողովուրդը, որ ընտրել ու խորհրդարան է գործուղել, ի՞նչ կապ ունի այդ բոյկոտի հետ:
Նրանք փողոցում կարող են իրենց բոյկոտն արտահայտել, բայց ընտրողների քվեն ներկայացնել խորհրդարանում: Եվ եթե շարունակեն խորհրդարանում իրենց աշխատաքնները չկատարել, ապա դա պատճառ կլինի, որ հաջորդ ընտրություններին ժողովուրդը նրանց պարզապես չի ընտրի:
Սևակ Վարդումյան