ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԸՆԹԱՑՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է ԼՂ խնդրում իշխանությունների դիրքորոշման վերաբերյալ ընդդիմության քննադատություններին։

 

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այդ քննադատություններն անհասկանալի են։ Նա հիշատակեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Վալդայ» քննարկումների ակումբում ելույթը, որտեղ անդրադարձել էր ԼՂ խնդրին։ Ըստ Փաշինյանի՝ առնվազն Հայաստանի քաղաքական դաշտում այդ մոտեցումների առումով համարյա կոնսենսուսային վիճակ է։

Փաշինյանը հիշեցրել է. «ՌԴ առաջարկի էությունը հետեւյալն էր՝ ԼՂ կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգել։ Երբ ռուսական առաջարկների վերաբերյալ հարցադրումն արվեց, կառավարությունը շատ արագ արձագանքեց։ Բայց ե՛ւ ընդդիմության դաշտում, ե՛ւ ԼՂ-ում եղան դրսեւորումներ, հայտարարություններ՝ կառավարությունից պահանջելով ընդունել ռուսական առաջարկները։ Ես հիմա կարող եմ ասել, որ կառավարությունը շատ վաղուց՝ դեռ 2021թ. հունվարից, այդ պայմանավորվածությունն ընդունել է։ Դրա մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով, եւ ես շնորհակալ եմ ՌԴ նախագահին, որ թեման, այնուամենայնիվ, պարզաբանելու հնարավորություն մեզ համար ընձեռեց»։ Փաշինյանը նշեց, որ իրենց այսօրվա դիրքորոշումն այն է, ինչ պահանջում էր ընդդիմությունը՝՝ չիմանալով, որ այդ դիրքորոշումը վաղուց են ընդունել. «Եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է, համարում է, որ ՀՀ-ն պետք է մերժի ՌԴ առաջարկները, ճիշտ կլինի՝ այդ մասին բարձրաձայն հայտարարեն»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանում անվտանգային միջավայրին։ Նրա խոսքով՝ հայտարարությունների մակարդակում տեսնում ենք որոշակի լարվածություն։

Միաժամանակ Փաշինյանը ներկայացրել է, թե ինչպիսին է խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքը. «Դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը Վաշինգտոնում ադրբեջանական կողմին է փոխանցել մեր մեկնաբանությունները, խաղաղության պայմանագրին վերաբերվող մեր տեքստը, եւ սպասում ենք Ադրբեջանի արձագանքներին։ Այդ արձագանքների առումով պետք է ասեմ, որ այնուամենայնիվ, տեսնում ենք լարվածության որոշակի միտումներ, եւ այդ լարվածությունը կապված է կոնկրետ իրադարձությունների ու իրավիճակների հետ։ Դուք գիտեք, որ ՀՀ դիրքորոշումը հստակ է, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից 2021թ. մայիսի 11-ից առաջ գոյություն ունեցած դիրքեր։ Ըստ էության՝ միջազգային հանրությունն աջակցում է այս դիրքորոշմանը։ Ես հույս ունեմ, որ ՀԱՊԿ-ը նույնպես մեր այս դիրքորոշումը կպաշտպանի»։

Փաշինյանը մանրամասնել է, որ Հայաստանը չի ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել. «Մենք ասում ենք, որ քաղաքական դիրքորոշումը, արձանագրումը, թե ինչ է ՀԱՊԿ-ի ընկալումն այս իրավիճակին, եւ ինչ քաղաքական դիրքորոշում է ՀԱՊԿ-ն արձանագրում այս իրավիճակի հետ կապված։ Եվ ես կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ եւ մեր հարաբերությունների ապագայի նկատմամբ, ձեւավորվելու է հենց այս հարցի հետ կապված»։

Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ է ներկայացրել նաեւ Ադրբեջանի դիրքորոշումից. «Ադրբեջանն ունի այսպիսի դիրքորոշում, որ 2021թ. մայիսից առաջ էլ կան տարածքներ, որոնք Հայաստանն օկուպացրել է, եւ իրենք կարծում են, որ Հայաստանն էլ իր հերթին պետք է դուրս գա այդ տարածքներից։ Այս կապակցությամբ նախկինում հրապարակային չեմ խոսել, բայց ես ուզում եմ հիմա ասել մեր դիրքորոշումը՝ մենք ասում ենք շատ լավ, եթե ասում եք՝ ինչ-որ տարածքներից ՀՀ-ն պետք է դուրս գա, ի՞նչ սահմանով պետք է դուրս գա, որտեղի՞ց ուր պետք է գնա։ Եթե մենք հասկանանք, ճշգրտենք սահմանը, դա կարող է Հայաստանի Հանրապետության համար լինել ընդունելի խոսակցություն»։

Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների, որ սահմանի ողջ երկայնքով չլինեն ոչ ադրբեջանական, ոչ հայկական օկուպացված տարածքներ, սակայն մինչ այդ, պետք է ցույց տալ դրա իրավական հիմքը. «Ես պատրաստ եմ այդ պատասխանատվությունը վերցնել ինձ վրա։ Եվ  ուզում եմ եւ հայ հանրությունը, եւ միջազգային հանրությունը սա արձանագրի»։

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՎԵՐՈՎ

Հնդկաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Ամիտ Շահի հրավերով նոյեմբերի 18-19-ը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Նյու Դելի՝ մասնակցելու «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսին:

ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնեցին՝ այցի շրջանակներում քարտուղարն ունենալու է աշխատանքային հանդիպումներ:

 

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեհյի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի եւ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը տիկին Կալմի-Ռեյի խնդրանքով անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային եւ դրա հետեւանքներին: Քարտուղարը կարեւորել է միջազգային գործընկերների հետ դինամիկ զարգացող հարաբերությունները:

Կողմերը քննարկել են Ուկրաինայում շարունակվող պատերազմի ազդեցությունը Կովկասի անվտանգային միջավայրի վրա: Արմեն Գրիգորյանն անդրադարձել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքին:

 

 

 

ԺԱՄԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման եւ քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկան ժամանել է Հայաստան: Այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

Նոյեմբերի 16-17-ին նախատեսվող այցի ընթացքում գեներալ-մայոր Լասիկան ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին եւ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, կհանդիպի ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին եւ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ քննարկելու հայ-ամերիկյան անվտանգային հարաբերություններն ու տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Գեներալ-մայոր Լասիկան կմասնակցի խաղաղապահ ուժերի  «Զառ» ուսումնական կենտրոնի նոր զորանոցների, ճաշարանի եւ գիտաժողովների սրահի բացման արարողություններին։

 

 

 

ԿՄԵԿՆԻ ԹՈՒՆԻՍ

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով նոյեմբերի 16-ից ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թունիս:

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ:

 

 

ՌՈՒՍԱՀՊԱՏԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օր օրի ավելի ու ավելի է ամրապնդում համոզումը, որ Հայաստանում իր իշխանությունից ավելի ռուսահպատակ իշխանություն երբեւէ չի եղել: Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պարբերաբար հավատարմության «մեսիջներ» է ուղարկում, թե պաշտոնական Մոսկվայի թելադրած գծից միլիմետր անգամ չի հեռանա: Ապացույցը երեկ՝ նոյեմբերի 16-ին, խոհրդարանում արված այն հայտարարությունն էր, թե իր կաբինետը վաղուց՝ դեռեւս 2021-ի հունվարին է ընդունել, այսպես ասած, «խաղաղության պայմանագրի» մասով ռուսաստանյան առաջարկները:

Ավելին՝ փորձելով կռիվ գցել ընդդիմադիր խմբակցության լիդերների ու ՌԴ նախագահի միջեւ՝ հարց էր բարձրացնում, թե ընդդիմադիրներն ինչ կարծիքի են այդ առաջարկների մասով ու արդյոք դեմ չեն դրանց:

Փաշինյանի նման գործելաոճն ու նման բնույթի ելույթներն իհարկե նոր բան չեն, նորություն է սակայն այն, որ նրա թիմի անգամ ամենաընդգծված «արեւմտամետները», կամ ժամանակին ամենատարբեր դրամաշնորհներ ստացածները, ըստ երեւույթին, իրենց քաղաքական առաջնորդի հրահանգով՝ այժմ Ռուսաստանի մասին խիստ լոյալ, առավել հաճախ՝ դրական են արտահայտվում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավորներից ոմանք անկեղծացան, թե հատկապես Ադրբեջանի կողմից իրականացված վերջին՝ սեպտեմբերտասներեքյան ռազմական էսկալացիայից հետո, երբ սկսել են բարձրաձայնել՝ ուր է մեր անվտանգության երաշխավորը, ներքին հորդոր են ստացել իջեցնել պահանջատիրական տոնն ու խոսույթը, բոլորովին այլ՝ բարեկամական, դաշնակցային հարթություն տեղափոխվել: Այժմ, փաստորեն, իշխանավորները՝ հանձին վարչապետ Փաշինյանի, ՌԴ նախագահին ամենօրյա ռեժիմով հավատարմություն հայտնելու պարտավորություն են ստանձնել:

 

 

 

ՆՇԱՆԱԿՎԵՑ ԶԻՆԴԱՏԱԽԱԶ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ որոշումը կայացված է, եւ զինդատախազ կնշանակվի Գրիգոր Էլիզբարյանը, ով այս պահին ժամանակավոր կատարում է զինդատախազի պարտականությունները:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ որոշումը կլինի առաջիկայում: Նշենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 1-ին հրաման է ստորագրել, որով զինվորական դատախազի տեղակալ է նշանակել Գրիգոր Էլիզբարյանին` ազատելով Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից։

Նույն հրամանով Էլիզբարյանը հանվել է դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակից։ Մեկ այլ հրամանով զինվորական դատախազի պարտականությունները նոյեմբերի 2-ից դրվել են Էլիզբարյանի վրա։

 




Լրահոս