ԽՈՒՃԱՊ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում  հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժը, որը զգացվեց նաեւ Հայաստանի մի շարք բնակավայրերում, իսկական խուճապ առաջացրեց Գյումրիում: Հատկապես բազմաբնակարանների բնակիչները ժամեր շարունակ դրսում էին  եւ վախենալով հետցնցումներից` բնակարաներ չէին վերադառնում:
ՍՊԱԾ հյուսիսային բաժանմունքի մասնագետներն էլ աշխատում էին արտակարգ ռեժիմով: Նրանց գնահատմամբ` վերջին շրջանում երկրակեղեւի շարժը տարածաշրջանում զգալի ակտիվացել է: Սեյսմոլոգներն ավելի շատ անհանգստացած են հետցնցումներից: Դրանք կարող են զգալի վնաս պատճառել Գյումրու այն վթարային բազմաբնակարաններին, որոնք 88-ի երկրաշարժից հետո չեն վերանորոգվել: Իսկ դրանք քիչ չեն` 88 վթարային շենք, որոնցից 14-ը, պաշտոնական տեղեկություններով, առավել վտանգավոր` 4-րդ աստիճանի վթարայնության են: «Այս օջախը, որտեղ գրանցվեց երկրաշարժ, շատ ակտիվ օջախ է: Այս տարածքում 1976թ.  տեղի ունեցավ կործանիչ երկրաշարժ, որի մագնիտուդը 7.1 էր, եւ ասեմ, որ 76թ. երկրաշարժն էլ շատ հետցնցումներով էր»,-ասում է ՍՊԱԾ գլխավոր սեյսմաբան Հեղինե Սարգսյանը` կանխատեսելով, որ հետցնցումները դեռ կշարունակվեն, եւ չի բացառվում,  որ դրանք գուցե Հայաստանում էլ  զգալի լինեն:
Թուրքիայի երկրաշարժից հետո մասնագետներն ուսումնասիրելու են այդ վթարայինները` պարզելու համար, թե ինչպիսին է եղել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժի ազդեցությունը դրանց վրա:
«Մոտ օրերս կձեւավորենք մասնագիտական խումբ: Կիրականացվի մոնիթորինգ,  եւ մեր ունեցած տվյալների համաձայն` կհամեմատենք, թե կոնկրետ շենքերի տեխնիկական վիճակն ինչ աստիճանի է դարձել` վատթարացե՞լ է,  թե՞ մնացել է նույնը»,-տեղեկացրեց  ՍՊԱԾ մասնագետ Կարեն Մխիթարյանը:
Իսկ ՍՊԱԾ հյուսիսային բաժանմունքի ղեկավար Սերգեյ Նազարեթյանն էլ  ահազանգում  է Երեւանի բազմաբնակարանների վատ վիճակի մասին: «Երեւանի տարածքը մեծ է, գրունտները` տարբեր: Կարող է տեղ լինի, որ զգացել են 5 բալ, կարող է տեղ լինի, որ 5-6 բալ զգացած լինեն, իսկ դա իսկապես վտանգավոր է»,-շեշտեց Սերգեյ Նազարեթյանը:
Մենք էլ շրջեցինք մի քանի վթարային շենքերում համոզվելու համար` արդյոք  փլուզումներ չեն եղել: Ակնառու ոչինչ չէր փոխվել: Բնակիչներն էլ չեն կարող ասել` ճաքերն ավելացե՞լ են, թե՞ ոչ, բայց համոզված են` ցնցումներն այնքան զգալի են եղել, որ դրանք չէին կարող ազդեցություն չգործել առանց այն էլ վատթար վիճակում գտնվող շենքերի վրա: Ասում են` ցնցումների պահին անմիջապես հիշել են` քանի անպատասխան դիմում-նամակ են գրել իշխանության ներկայացուցիչներին:  
Հ.Գ. Հետաքրքիր է` ուժգին ցնցումների ժամանակ ինչ է մտածել Երեւանի քաղաքապետը: Արդյո՞ք մտածել է, որ Երեւանի կենտրոնում անճաշակ կոսմետիկ փոփոխությունների վրա  հսկայական միջոցներ վատնելու փոխարեն լավ կլիներ դրանք ուղղել մայրաքաղաքի վթարային բազմաբնակարանների  ամրացմանը: Նոր շենքերի կառուցման մասին, հասկանալի պատճառներով,  չենք էլ խոսում: Երեւանում ներկայումս կա շուրջ 85 երրորդ կարգի եւ 15 չորրորդ կարգի վթարային շենք: Իսկ Վան քաղաքում երեկ գիշեր նոր ցնցում է եղել` 6.1 մագնիտուդով:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս