ՊԵՏՔ Է ՁԳՏԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանն ասում է, որ անընդունելի է այստեղ-այնտեղ ասել, թե Փաշինյանը միջանցքը տվել է: «Դա ոչ այլ ինչ է, քան դավաճանություն ու Ադրբեջանի շահը սպասարկել: Դա պետությանը դեմ քայլ է»,- ArmLur.am-ի հետ զրույցում շեշտում է նա:

 

-Պարոն Գորգիսյան հիմա «խաղաղության պայմանագր»-ի մասին խոսում են՝ կարծես եղած իրողության, եւ ի դեպ նշեմ, որ վերջերս պարոն Փաշինյանը ասաց, որ այդ պայմանագրով ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը հերթական սադրանքին չի գնա եւ կրակ չի բացի Հայաստանի տարածքի վրա, ի՞նչ է «խաղաղության պայմանագիր»-ը՝ ըստ ձեզ։

-Նախ՝ պետք է հասկանալ, որ «խաղաղության պայմանգիրը» մեզ է պետք։ Մեզ անհրաժեշտ է հասկանալ մեր ներքաղաքական դաշտի արձագանքները դրան եւ մարդկանց, որ ամեն կերպ փորձում են պայքարել «խաղաղության պայմանագրի» դեմ։ Պարզապես պետք է հասկանալ՝ ինչ ունենք մենք. ունենք Ադրբեջան, որ 2 տարի առաջ հաղթել է պատերազմում եւ 2020 թվականից մինչ այսօր մտնում է Հայաստանի այն տարածքները ուր ցանկանում է, եւ երբ ցանկանում է։ Մենք չունենք բավականաչափ ռազմական ներուժ այս ամենին դիմակայելու համար, եւ մեզ անհրաժեշտ է «խաղաղության պայմանագիր»։Այն մեզ պետք է զարգանալու եւ մեր ռազմական ներուժը ավելացնելու համար, քանի որ անհրաժեշտ է դիմակայել այս ամենին։ Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակելու են իրենց պանթյուրքական ծրագրերը եւ երբեք հետ չեն կանգնելու այդ ամենից.   այս ամենին դիմակայելու համար մեզ անհրաժեշտ է ուժեղ լինել։ Այդ ուժը ձեռք են բերում ժամականի ընթացքում, որում մեզ կօգնի այս պայմանագիրը, մեր քաղաքական ուժերը կա՛մ չեն հասկանում կա՛մ  այլ շահեր են սպասարկում. թող իրենք  իրենց մեջ որոշեն՝ որ երկրի շահերն են պաշտպանում։ Այս իրավիճակում անհրաժեշտ է ձգտել խաղաղության, եթե այսօր քիչ կորուստներով կարող ենք գնալ խաղաղության ապա պետք է օգտվենք այդ առիթից, քանի որ չգիտենք՝ վաղը մեզ ինչ է սպասվում։

-Իսկ այդ պայմանագիրը կնքելուց առաջ արդյո՞ք ՀՀ իշխանություններն իսկապես  կարմիր գծեր են սահմանել։

-Այո, պետությունը մեզ համար այսօր սահմանել է կարմիր գծեր, այդ գծերն են՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, միջանցքը, (որի մասին որեւէ խոսք գնալ չի կարող դա Հայաստանի համար կարմիր գիծ է),Արցախում ապրող հայերը եւ Արցախի հարցը, որը փակված չէ՝ ինչքան էլ Ադրբեջանը պնդի: Եվ Հայաստանը պետք է միջամտի, որ Արցախը եւ ադրբեջանը խոսեն հավասարը հավասարի հետ։ Այս ամենը նկատելի օրակարգեր են, եւ ես չեմ հասկանում այս օրակարգի դեմ խոսողներին։ Սրանք բխում են Հայաստանի Հանրապետության շահերից եւ այստեղ-այնտեղ ասել, թե՝ Փաշինյանը միջանցքը  տվել է, Հայաստանի պետականության դեմ քայլեր են։ Եթե պետությունը շեշտում է, որ՝ չենք տալու, սակայն  որոշ հայկական ուժեր  թե՛ Հայաստանում եւ թե՛ Հայաստանի սահամաններից դուրս կանգնում եւ ասում են.  «արդեն տվել է միջանցքը», կոչվում է՝ դավաճանություն։ Այս քայլը ես չեմ հասկանում եւ համարում եմ Ադրբեջանի շահեը սպասարկող քայլ։ Մարդիկ, ովքեր ապրում են Հայաստանում, պետք է իրենց վարքագիծը վերանայեն։ Նրանք դուրս են գալիս, փողոցներ են փակում, սակայն ոչ ոք իրենց ուզածը չի հասկանում. ինչ պետք է անենք մենք, եթե Փաշինյանը չլիներ իշխանությանը, մեկ ուրիշը լիներ, ապա ինչ էր փոխվելու: Միեւնույնն է՝ այդ գերտերությունները չէին փոխելու իրենց շահերը։ Մեր սիրուն աչքերի համար մեզ ոչ ոք ոչինչ չի տալու, եւ ժամանակն է գիտակցել այդ ամենը: Ի վերջո, անհրաժեշտ է լինել ողջախոհ եւ ադեկվատ տեղեկատվություն տրամադրել մեր հանրությանը։ «Մադրիդյան փաստաթղթերը» որպես հաղթանակ են ներկայացվում, սակայն  այդ փաստաթղթերով զրոյացվում է այն ամենը, ինչ բանակցվել էր. զրոյացվել է Արցախի անկախության քվեն, եւ հիմա եկել ու ասում են, թե Արցախի անկախությունն էինք բերում։ Հանրաքվեն կա՛մ ընդունում են կա՛մ չեն ընդունում։ Արցախը, երբ դուրս մնաց բանակցություններից, այդ երեւույթը դարձավ տարածքային վեճ, ու այդ ամենը որպես տարածքային վեճ ընկալեց աշխարհը: Իսկ տվյալ վեճը հարթվում է կռվով. ով ուժեղ է, կարողանում է գրավել տվյալ տարածքը, եւ վերջ։ Երկար ժամանակ բոլորս էլ սխալներ ենք գործել, այժմ պետք է ադեկվատության դաշտ գանք։

Զրուցեց ՍԵՎԱԿ  ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՇՔԵՐԹ

Նիկոլ Փաշինյանի հրամանագրերով՝ կառավարական կաբինետի ամենատարբեր պաշտոնյաներ առաջիկայում գործուղումների կմեկնեն կամ արդեն գործուղման մեջ են: ArmLur.am-ը պարզեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում գործադրի ղեկավարը մի շարք գործուղումների հրամանագրեր է ստորագրել:

 

Այսպես՝ Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը դեկտեմբերի 5-7-ը Ֆրանսիա կգործուղվի: Նա Մարսելում «Միջերկրականի ապագան» համաժողովին կմասնակցի: Փոխմարզպետի գործուղման հետ կապված ծախսերը հրավիրող կողմն է հոգում:

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Տաթեւիկ Խաչատրյանը նոյեմբերի 27-29-ն Ավստրիա կմեկնի՝ Վիեննայում մասնակցելու Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի անդամ երկրների վեհաժողովի 11-րդ նստաշրջանին:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նույնպես Ավստրիա կմեկնի: Նա «Ֆինանսական եւ կայունության հաշվետվողականություն՝ հանուն պարտքի թափանցիկության եւ կայուն վերականգնման» խորագրով համաժողովին կմասնակցի: Պողոսյանը, որի գործուղման ծախսերը հրավիրող կողմն է հոգալու, Վիեննայում 5 օր կմնա՝ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարարՀակոբ Վարդանյանը երեկ՝ նոյեմբերի 21-ին, Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի է մեկնել: Նա այտեղ «Ատոմէքսպո 2022» միջազգային համաժողովին կմասնակցի: Գործուղումը եռօրյա է, այցի հետ կապված ծախսերը հրավիրող կողմն է հոգում:

Վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետ Գեղամ Թովմասյանը մեկ շաբաթից ավելի Գերմանիայում կգտնվի: Նա նոյեմբերի 26-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը Բեռլինում, Վիսբադենում ու Շպայերում կգտնվի: Հրավիրող կողմի միջոցներով ֆինանսավորվող գործուղումը ճանաչողական բնույթ ունի:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նոյեմբերի 21-25-ը Լիտվա է գործուղվել: Նա մասնակցելու է Վիլնյուսում կազմակերպված «Աշխատանքային օրենսգիրքը եւ դրա վերանայման մեխանիզմները» միջոցառմանը: Սարգսյանի գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հրավիրող կողմն է հոգում:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ դեկտեմբերի 5-8-ը Շվեյցարիա է մեկնելու: Նա Ժնեւում մասնակցելու է Պատվաստանյութերի եւ իմունիզացիայի համաշխարհային դաշինքի խորհրդի նիստին: Այցի ծախսերը հրավիրող կողմն է հոգալու:

Ս.  ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Յուն Ֆանի հետ։

«Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատանը ունեցա շատ կարեւոր հանդիպում Արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Յուն Ֆանի հետ։ Դեսպանին տրամադրեցի փաստահեն տեղեկություն Ադրբեջանի` 2022 թվականի սեպտեմբերի ռազմական ագրեսիայի հետեւանքով իմ ծննդավայր Վարդենիսի տարածաշրջանի սահմանամերձ բնակավայրերում տեղի բնակիչների կորուստների վերաբերյալ։

Իր խոսքում դեսպանը, անդրադառնալով Հայաստանի եւ Չինաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Չինաստանի տրամադրած օժանդակությանը, վերահաստատեց իր պատրաստակամությունը աջակցել հայ ժողովրդին։

Քննարկեցինք նաեւ փոխադարձ հետաքրքրության այլ հարցեր եւ շեշտադրեցինք, որ մեր երկու բարեկամ ժողովուրդների միջեւ առկա հարաբերությունները ամուր հիմք են` համագործակցության զարգացման եւ նոր ծրագրերի իրականացման համար»,-նշում է Թագուհի Թովմասյանը:

 

 

 

ՀԱՎԵԼԱՎՃԱՐ

Պաշտպանության նախարարությունը հանձն է առել բարձրացնել զինվորականների աշխատավարձը, բայց դա միայն այն դեպքում, երբ զինված ուժերում ծառայողը համապատասխան «որակների ու չափորոշիչների» կբավարարի։ Խոսքը զինված ուժերում ատեստավորման գործընթաց սկսելու մասին է։ Այսինքն` զինվորականը հավելավճար կարող է ստանալ միայն ատեստավորում անցնելուց հետո։ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ArmLur.am-ի հետ զրույցում ասում է, որ թեեւ թեստավորման կարգը սահմանելու է կառավարությունը, սակայն դեռ պարզ չէ, թե ըստ մասնագիտությունների, ծառայության առանձնահատկությունների, դրանց կիրառումը կհամապատասխանի «հողի վրա» ծառայության առաջնահերթությունների։ Նրա դիտարկմամբ` անհասկանալի է, թե ինչպես է վերահսկվելու գործընթացը։ «Իսկ եթե դա դուրս գա վերահսկողությունից, ապա կոռուպցիոն ռիսկեր կարող է ունենալ, ինչն էլ իր հերթին վնասելու է զինված ուժերին։

 

 




Լրահոս